Ռուսական հարթակը կարող է գործիք լինել Հայաստանի նկատմամբ նոր ճնշումներ բանեցնելու առումով

Ադրբեջանը, հավանաբար, Մեծ Բրիտանիայում ցանկացել է նոր օրակարգ առաջ քաշել, որով կկարողանան ձգձգել բանակցային գործընթացը՝ հաշվի առնելով, որ, այսպես կոչված, միջնորդը նոր է, ինչը հնարավորություն կտա իբր առաջին ձեռքից Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին ծանոթացնելու բանակցային օրակարգին։ Մեծ Բրիտանիայում Փաշինյանի և Ալիևի միջև չկայացած հանդիպման մասին կարծիք հայտնեց քաղաքագետ, անկախ հետազոտող Էդգար Վարդանյանը։ 


Զախարովայի՝ ռուսական հարթակում բանակցելու առաջարկին անդրադառնալով՝ Վարդանյանն ասաց, որ պետք է հասկանալ, թե ի՞նչ օրակարգով կարող է լինել այդ պոտենցիալ հանդիպումը։ «Ի՞նչ բովանդակություն է լինելու պոտենցիալ ռուսաստանյան ձևաչափում։ Չեմ կարծում, թե լինելու է այն բովանդակությունը, որը օրգանական կերպով կապ է ունենալու վերջին շրջանի բոլոր բանակցությունների օրակարգի հետ։ Կարծում եմ՝ փորձելու են նոր բան ներմուծել։ Մենք գիտենք նրանց հիմնական ակնկալիքը՝ որ լինի «Զանգեզուրի միջանցք», որը կվերահսկեն ռուսները։ Նրանք միշտ հղում են անում նոյեմբերի 9-ի 9-րդ կետին՝ մոռանալով, որ մյուս կետերը այդ թվում նաև իրենք են խախտել։ Պետք է գնալ Ռուսաստան հստակ օրակարգով։ Պետք է ասել՝ մեր օրակարգը սա է, հասել ենք սրան, մենք այս թեմաները նորից չենք քննարկելու և այլն։ Այդ հարթակը կարող է դեստրուկտիվ տարր ունենալ և որոշակի գործիք լինել Հայաստանի նկատմամբ նոր ճնշումներ բանեցնելու առումով»,- ասաց Էդգար Վարդանյանը։


Պե՞տք է արդյոք ընդունել Ադրբեջանի հրավերն ու մասնակցել Cop29-ին։ Վարդանյանի կարծիքով՝ եթե մասնակցությունը ուժեղացնելու է մեր դիրքերը բանակցություններում, կամ մոտենալու ենք խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա պետք է գնալ, իսկ եթե դա Ադրբեջանը օգտագործելու է իր՝ խաղաղասեր թվալու համար և ուրիշ ոչինչ չի տալու մեզ, ապա, միանշանակ, չպետք է գնալ։ «Առնվազն պետք է հասնենք նրան, որ որոշակի փաստաթուղթ ստորագրվի, որոշակի համաձայնություն լինի՝ թեկուզ շրջանակային համաձայնագիր, բայց այն պետք է շատ հստակ բան լինի։ Օրինակ՝ համաձայնագրով ճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունը՝ թվերով, հրաժարվում ենք միմյանց նկատմամբ ուժի կիրառումից և այլն»,- ասաց քաղաքագետը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան