Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
հրապարակել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի 2023 թ. տարեկան հայտարարագիրը,
որից դատելով՝ համայնքապետի ընտանիքում նախորդ
տարի գույքի գնման-վաճառքի գործարքներ են կատարվել։
Նախ նշենք, որ տարեսկզբին Սամսոնյանը համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 5 գույք
է հայտարարագրել, մասնավորապես՝ Շիրակի Ախուրյան համայնքում գտնվող անհատական բնակելի
տունը, որը գնել է 2011-ին, ևս մեկ անհատական բնակելի տուն էլ Շիրակի Գյումրի համայնքում,
որը գնել է 2019-ին, նույն թվականին գնած և դարձյալ Գյումրիում գտնվող ավտոտնակը, երկու հողամաս՝ Գյումրիում և Ախուրյանում,
որոնք նույնպես գնել է համապատասխանաբար 2019-ին և 2011-ին, ինչպես նաև Երևանում գտնվող
բաժնային (48 տոկոս) սեփականությամբ իրեն պատկանող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը,
որը գնել է 2022-ին (38 մլն դրամով, կառուցապատող՝ «ՆՈՐԻԿ 70» ՍՊԸ)։ Փաստորեն, Սամսոնյանը
հեղափոխությունից հետո մեկ տարվա մեջ՝ 2019-ին, միանգամից երեք գույք է գնել։ Նկատենք,
որ 2023 թ. տարեվերջին, դատելով հայտարարագրից,
Սամսոնյանի գույքերի ցանկը նվազել է 2-ով, նա հայտարարագրում նշել է միայն մեկ անհատական
բնակելի տուն, երկու հողամաս և բազմաբնակարան շենքում գտնվող մեկ բնակարանը։ Թե ուր
են «օքսիդացել» մնացած երկու գույքերը՝ հայտնի չէ։ Եթե հայտարարատուն օտարման գործարք
կատարած լիներ 2023-ին, ապա այդ մասին պետք է նշված լիներ հայտարարագրում, սակայն որևէ
նշում առկա չէ։ Ենթադրում ենք՝ այս անհամապատասխանությունը հայտարարագիրը սխալ լրացնելու
հետևանք է։
Հարկ է նկատել, որ 2022 թ. հայտարարագրում
Գյումրիի համայնքապետին պատկանող գույքերի թիվն ավելի տպավորիչ էր. նա ¼ բաժնային սեփականությամբ
իրեն պատկանող, Գյումրիում գտնվող, 2020-ին իր կողմից գնված հասարակական նշանակության շինություն էր հայտարարագրել,
որը, սակայն, 2022-ին վաճառել է 99 մլն 840 դրամով Վահան Ավագյանին։
Որպես տրանսպորտային միջոց Գյումրիի
համայնքապետը 2023-ին հայտարարագրել է 1991 թ. արտադրության GAZ մարդատար տրանսպորտային միջոց, որը գնել է
2008-ին։ Սամսոնյանն, ի դեպ, բանկային հաշվին
չունի գումար, փոխարենը տարեսկզբին հայտարարագրել է 16 մլն 500 հազար կանխիկ դրամ,
որը տարեվերջին աճել է՝ կազմելով 19 մլն 350 հազար դրամ։ Համայնքապետի եկամուտը գոյացել
է քաղաքապետի պաշտոնում ստացած աշխատավարձից՝ 3 մլն 293 հազար 319 դրամ։
Սամսոնյանը նաև 32 մլն 677 հազար 592 դրամ վարկի կամ փոխառության մայր գումար
է հայտարարագրել. վարկերից մեկով տուն է գնել,
2023-ին մայր գումարի մնացորդը կազմել է 2 մլն
88 հազար 456 դրամ, մյուսով՝ բնակարան, որի մայր գումարի մնացորդը
կազմել է 27 մլն 954 հազար 136 դրամ։ Հայտարարագրում նշված է նաև ևս մեկ վարկի մայր գումարի մնացորդ՝ 2 մլն 635 դրամ,
սակայն հիպոթեքի առարկան նշված չէ։
Սամսոնյանի կինը՝ Աղունիկ
Աբգարյանը, ևս ներկայացրել է իր 2023 թ. հայտարարագիրը (վերջինս, ի դեպ, ՀՀ քաղաքացի
չէ)։ Նա Երևանում 2022-ի ապրիլին գնված բնակարանի մյուս՝ 49 տոկոս բաժնի սեփականատերն
է, ինչպես նաև Գյումրիում գտնվող հողամասի մյուս համատեղ սեփականատերը։ Աղունիկ Աբգարյանը,
բացի սրանից, հայտարարագրել է նաև իրեն միանձնյա սեփականության իրավունքով պատկանող,
Երևանում գտնվող բնակարան, որը գնել է 2022-ի սեպտեմբերին։
Քաղաքապետի տիկինը, նշենք, 2023-ի հոկտեմբերի 1-ին 4 մլն դրամով վաճառել է 2022-ին գնված 2007 թ. արտադրության BMW մակնիշի
ավտոմեքենան, հոկտեմբերի 13-ին էլ նույնքան գումարով գնել է 2004 թ. արտադրության LEXUS մարդատար
տրանսպորտային միջոց (Վ. Սամսոնյանն էլ նախորդ տարի էր 5 մլն դրամով
օտարել իրեն պատկանող 2000 թվականի արտադրության Nissan-ը)։
Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, որպես երրորդ անձին
պատկանող կանխիկ դրամ, որից փաստացի օգուտ
է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն, տիկնոջ հայտարարագրում նշված է 92 հազար
ԱՄՆ դոլար։
Աբգարյանի եկամուտը գոյացել
է ԿԳՄՍՆ «Գյումրիի տնտեսագիտական վարժարան»-ից ստացած 596 հազար
341 դրամ աշխատավարձից, վերոհիշյալ ավտոմեքենան օտարելուց և ձեռնարկատիրական գործունեությունից՝ 10 մլն
դրամ. Աբգարյանին է պատկանում Գյումրիում գտնվող «Ֆլայ» գրախանութը։
Civic.am-ը պարզեց, որ քաղաքապետի կնոջ ԱՁ-ն, որպես շրջանառության
հարկ վճարող, 2023 թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների
արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտումներ թույլ տված
հարկ վճարողների ցանկում է հատնվել և առաջադրվել է 211 հազար 638 դրամ տուգանքի։
Հ. Մանուկյան