Արևմուտքը չպետք է խանգարի Իրան-Հայաստան հարաբերություններին․ Թեհրանը ըմբռնումով է մոտենում Երևանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այնտեղ վարչապետը հանդիպել է Իրանի Գերագույն Առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի և Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

 

Այցի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ։


 

Նա նշեց, որ այս հանդիպումները պատգամ են բոլոր այն կողմերին, որոնք ամեն գնով փորձում են վնաս հասցնել Իրան-Հայաստան հարաբերություններին:

 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թեհրանում ընդունել են ամենաբարձր՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ու նաև նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի մակարդակով, ինչը նշանակում է, որ Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել: Հիշեցնեմ, որ այդ մասին ավել վաղ բառացիորեն հայտարարել էր նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մահդի Սոբհանին։ Վերջին հաշվով, երկու երկրները՝ Իրանը և Հայաստանը, ընդհանուր շահերի տեսակետից ամուր կապված են իրար»,-ասաց Մովսես Քեշիշյանը։

 

Խոսելով նաև այն մասին, թե ինչ սպասել Հայաստան֊-Իրան հարաբերություններում, Հայաստան-Արևմուտք ակտիվ համագործակցությանը զուգահեռ, մեր զրուցակիցը կարծում է, որ հավաքական Արևմուտքը չի կարող ըմբռնումով չվերաբերվել  Հայաստանին՝ նկատի ունենալով այն փաստը, որ այն  շրջապատված է գրեթե թշնամական և լավագույն դեպքում չկամեցող երեք երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի կողմից:

 

«Եվ ինչպես իրանական կողմն է նշել նաև Արևմուտքը չպետք է խանգարի Իրան-Հայաստան հարաբերություններին: Սա ևս փաստում է, որ Թեհրանը ըմբռնումով է մոտենում Երևանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության և Արևմուտքի հետ զարգացող նրա հարաբերությունների հարցով: Հավելենք, որ վերջին տարիներին հայ-իրանական առևտրական հարաբերությունները կրկնապատկվել են ու գնալով ավելի են մեծանում դրա ծավալները»,- ասաց Մովսես Քեշիշյանը:

 

Լիլիթ Թադևոսյան