Սրբազա՞ն, թե՞ սնոտիապաշտ․ Գալստանյանին հարց ունենք՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության և նույն օրը Գարեգին Բ-ի ընտրության միջև կապ տեսնո՞ւմ է

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանին պետք է շտապ հարկադիր հանգստի ուղարկել, ընդ որում՝ երկարատև ու համապարփակ հանգստի, այլապես նա եկեղեցու բարձրաստիճան  սպասավորից, քրիստոսապաշտից  սնոտիապաշտի վերածվելու ճանապարհին է։ Մի քիչ էլ, ու նա կսկսի հավատալ այնպիսի մոգությունների, ինչպիսիք են  թուղթ ու գիրը, չար աչքն ու․․․․սև կատուն։  Չգիտենք՝ սրբազան շարժման տապալման հետևանքով ի հայտ եկած ակնհայտ դեպրեսիայի՞ց է, թե՞ իրականության զգացումը կորցնելուց և այն խեղաթյուրված ընկալելուց (կամ, գուցե, այլ հիմնավոր՝ ախտաբանական պատճառներ կան), բայց սրբազան հայրը սկսել է երևույթները, իրադարձությունները մեկնաբանել սնահավատությանը, կռապաշտությանը  հատուկ  պատճառահետևանքային կապի տրամաբանությամբ։  Այդ նրանք են, չէ՞, 666 թիվը համարում «Նեռի թիվը», երբ աղ է թափվում՝ գուժում են՝ կռիվ է սպասվում, երբ դանակ կամ հացի կտոր է վայր ընկնում՝  կանխատեսում են՝ հյուր է գալու,  երբ սև կատու է անցնում իրենց դիմացով՝ փորձանք են կանխազգում  ու փոխում ճանապարհը և այսպես շարունակ։ Մեծն քերթողահայր Խորենացին իր հռչակավոր «Ողբ»-ում ի թիվս այլ  ախտերի, աղաղակել էր կրոնավորների «սնափառ» լինելու մասին, բայց այ սնոտիապաշտ լինելու մասին, կարծես, որևէ հիշատակում չկար։ Փաստորեն, Բագրատ Գալստանյանն իր օրինակով  որոշել է 16 դար հետո վերանայել պատմահոր թվարկումների շարքը։   

 

Անդրադառնալով  հանգստյան օրերին Գյումրիում տեղի ունեցած, ընդդիմադիր ճամբարի կողմից այդքան քննադատված  «Ֆեստիվառ»-ին, դրան իշխող ուժի ներկայացուցիչների, վարչապետի  մասնակցությանը, եկեղեցու սպասավորը գուժել է«Այս մարդկանց այցելությունը ցանկացած տեղ աղետ է բերում։ Անցյալ օրը Գյումրիում մեծ հավաք էին կազմակերպել, հաջորդ օրը Գյումրիի «Վառեմ-մարեմ» շենքը փլվեց»։  Ի գիտություն Գալստանյանի՝ իր վկայակոչած շենքը չի փլվել, այն կանգուն է, ըստ ՆԳՆ-ի՝ վնասվել է շենքի պատշգամբի 1 արգելապատնեշ և շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ: Փաստորեն, Գալստանյանը  քիչ է, որ ՆԳՆ-ի հաղորդագրությունը խեղաթյուրել է ու «փլել» հայտնի շենքը, այլև իր երևակայության մեջ փլված շենքի փլվելու պատճառը փնտրել ու գտել է Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի ներկայացուցիչների՝ Գյումրի կատարած այցի ու միջոցառմանը մասնակցելու մեջ։ Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Արքեպիսկոպոսի մտավարժանքը նկատի ունենք։

 

Ի դեպ, սա միակ վկայությունը չէ առ այն, որ սրբազան պայքարը կորցնում է սրբազան հորն  ու նրա փոխարեն այլևս  ձեռք  կբերի անադեկվատ, շարժման հեղինակությունը վտանգող գրբացի։  Ժամանակ առաջ էլ՝  Նորատուսում,  Գալստանյանն ազդարարել էր «Մեր շարժումն իր բովանդակությամբ ու էությամբ չարիքի դեմ պայքար է՝ հանուն բարիքի։ Շարժումը միտված է նեռին, որը նստած է կառավարությունում, հեռացնելուն։ Նա ուր գնացել է, աղետ է բերել։ Ամենամեծ աղետը Վարդենիսում իր պարն էր զինվորների հետ, ինչից ընդամենը մի 20 օր հետո տղաները մոխրացան։ «Տիկտոկ»-ում սեղանի վրա ջուր էր լցնում, որոշ ժամանակ հետո Ալավերդիում ու Տավուշում ջրհեղեղ եղավ։ Այդ մարդը կախարդ է ու նեռ։ Կախարդ, գուշակ, թուղթ ու գիր անող են այդ մարդիկ կանչում իրենց տուն»։

 

Փաստորեն, սնոտիապաշտությունը մարդուն ստիպում է ոչ միայն մարտահրավեր նետել տարրական տրամաբանությանն ու իռացիոնալ մտքեր արտածել, այլև իրադարձությունները սեփական հայեցողությամբ մեկնաբանելիս կեղծել նաև  ժամանակագությունը։ Անտեղյակ ընթերցողի և հատկապես մութն ու լույսը իրար խառնած  սրբազանին լուսավորենք՝ Գեղարքունիքի Ազատ գյուղի մոտ գտնվող զորամասում  ողբերգական ելքով հրդեհը տեղի է ունեցել 2023 թ հունվարի 19-ին, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից մոտ 20 օր առաջ, ինչպես սրբազանն է պնդում, Վարդենիս չի այցելել։ Գալստանյանի կողմից հիշատակված պարը զինվորների հետ տեղի է ունեցել 2021 թ դեկտեմբերի 31-ին, Վարդենիսի զորամասի հրդեհից մեկ տարի առաջ։ Եվ նկատենք, Փաշինյանի՝ մարտական դիրքեր այցելության մասին ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշված չէ, թե հատկապես ո՞ր մարզում գտնվող դիրքեր է այցելել կառավարության ղեկավարը։  Բայց քանի որ սրբազանը Նիկոլ Փաշինյանից «նեռի կերպար» կերտելու  հանձնարարական է ստացել, որոշել է, որ «նեռային» պարը տեղի է ունեցել հենց Վարդենիսում, ինչի հետևանքն է  «20 օր անց» տեղի ուենցած ողբերգությունը։

 

Դառնանք մյուս «կախադանքին»՝  սեղանին ջուր թափելուն և ջրհեղեղին։ Եվ ուրեմն, տիկտոկյան իր հայտնի լայֆում Նիկոլ Փաշինյանը միտումնավոր ջուր լցրեց սեղանին, ապա մատով տարածեց այն, և այս «փերֆորմանսի» միջոցով  փորձեց  բացատրել տարածքային ամբողջականության գաղափարը։ «Պատկերացնենք մի օրինակ, երբ իրավունքներն ու պարտականությունները պարփակված չեն կոնկրետ տարածքով (այդ պահին սեղանին ջուր է լցնում-խմբ)։  Ի՞նչ տեղի կունենա այդ իրավունքների և պարտականությունների հետ։ Այդ իրավունքներն ու պարտականությունները լղոզվում են (ցույց տալով սեղանին այս ու այն կողմ տարածվող, անկառավարելի դարձող ջուրը-խմբ), դառնում են անկենսունակ և ոչ նյութական՝ ակնհայտորեն պրոբլեմներ են ստեղծում և անհարմարավետության զգացում մեզ համար և դառնում են կենսական կարիքների համար ոչ կիրառելի, և, ինչպես տեսնում եք, աննյութականանում են»։ Այս «դիվային այլաբանությունը», ի դեպ, վարչապետը ցուցադրել է ապրիլի 30-ին, իսկ Լոռիում ջրհեղեղը տեղի է ունեցել մայիսի 26-ին, փաստորեն, 26 օր է պետք եկել մայր բնությանը, որպեսզի ազդվի Նիկոլ Փաշինյանի կախարդանքից, ստիպի վարարել Դեբեդին, Աղստևին ու ավերածություն գործել։

 

Ի դեպ, այդ օրը, երբ հայտնի էր, որ ջրհեղեղի հետևանքով զոհեր ունենք, «սրբազան շարժումը» հանրահավաք էր հրավիրել։  Այն ոչ միայն չհետաձգվեց, այլև դրա ավարտին ապագա սնոտիապաշտ Բագրատ  Գալստանյանն ու նրան աջակցող հանրությունը երգեցին ու պարեցին հռչակավոր ռոք խմբի «The Show Must Go On»-ի ներքո։ Ի դեպ, «շոուն (ներկայացումը) պետք է շարունակվի»  արտահայտությունը գալիս է դեռևս  Մոլիերի ժամանակներից, այն թատրոնի խիստ օրենքներից էր և շատ տարածված է մասնավորապես շոու-բիզնեսում: Այն նշանակում է`ինչ էլ որ պատահի,  միևնույն է, շոուն պետք է բեմում շարունակվի  ներկայացվել այնպես, ինչպես նախատեսված էր՝ քանի դեռ վերջին հանդիսատեսը սպասում է: Երևի այդ պատճառով է, որ սրբազանը մի գլուխ հայտարարում է՝ «վերջ չի կարող լինել առանց հաղթանակի»։  Այսինքն, շոու-շարժումը պետք է շարունակվի այնքան, ինչքան պետք է, քանի դեռ հանդիսատես-ցուցարար ունի, նույնիսկ՝ մեկ։ Ի դեպ, վատ նորություն ունեմ սրբազանի համար, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ աշնանը վերաակտիվացվելիք շարժմամբ  ազդարարվելու է Գալստանյանի առաջնորդության վերջի մասին։ Նա այլևս սպառված առաջնորդ է։  

 

ՀԳԴիպվածների, իրադարձությունների  միջև իռացիոնալ կապ փնտրող ու մեկը մյուսով պայմանավորող սրբազան հորը թախանձում ենք խորհել հետևյալի շուրջ․ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ընտրությունը,  այդ նույն ընթացքում, երբ տեղի էին ունենում Հայաստանյայց Առաքելական ՍԵկեղեցու ամբողջության գլխի ընտրությունները,  ԱԺ-ում տեղի էր ունեցել իշխանության գլուխների՝ ԱԺ նախագահի և վարչապետի գնդակահարությունը, այսինքն՝  պետության գլխատումը։  Այս երկու պատմական  իրադարձությունների միջև Գարեգին Բ-ի երբեմնի  գավազանակիրը տեսնես կապ տեսնո՞ւմ է։ Եվ՝ ինչպիսի՞ կապ։  Ո՞րն է մյուսի հետևանքը։     


Հեղինե Մանուկյան