Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն
ու Սերդար Քըլչը հերթական՝ 5-րդ հանդիպումն են ունեցել․ այս անգամ Մարգարա կամրջի մոտ՝
հայ-թուրքական սահմանին։ Կողմերը հայտարարություն են տարածել հանդիպումից հետո, ըստ
որի վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այդ՝ պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել
տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու
սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական
անձնագրեր ունեցողների համար։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ առաջին անգամ է այս
համաձայնությունը հրապարակայնացվում, միաժամանակ, սակայն, չկարևորեց սա՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ խոսքը գնում
է տեխնիկական բնույթի խնդիրների մասին։ «Երկաթուղու գործարկման մասին դեռևս որևէ բան
չկա։ Թուրքիայում և Հայաստանում երկաթգծերի լայնությունները տարբեր են։ Հավանական է,
որ խոսքը գնում է այն մասին, որ համապատասխան սարքավորումների միջոցով պետք է փոխել
այդ տարբերությունները։ Խոսքը, հավանաբար, դրա մասին է», - ասաց թուրքագետը։ Բայց երկաթուղին
կգործի միայն սահմանների բացումից հետո, ինչի մասին խոսելը Սաֆրաստյանը վաղ համարեց։
Նախորդ պայմանավորվածություններն ի կատար ածելու համար միակ
խոչընդոտը, ըստ նրա, Թուրքիայի դիրքորոշումն է։ Թուրքիան նախապայման է դնում, որ հայ-թուրքական
հարաբերությունները կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից
հետո։ Այդ դիրքորոշումից նրանք չեն շեղվում։
Միացյալ նահանգները դեռ շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորմամբ։ Նրանք գործնական քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ։
Թուրքագետը հիշեցրեց ամերիկյան նախաձեռնությամբ ստեղծված թուրք-հայկական
հաշտեցման հանձնաժողովի մասին, որտեղ ամերիկացիները չերևացող, բայց կարևոր միջնորդի
դեր ստանձնեցին Շվեցարիայում կայացած բանակցություններում, որոնք հանգեցրին ֆուտբոլային
դիվանագիտությանը։ «Այսինքն՝ ամերիկացիները ոչ միայն հայտարարում են, այլև փորձում
են քայլեր ձեռնարկել։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում էլ մենք ամերիկյան կողմից պարբերաբար
լսում ենք հայտարարություններ այն մասին, որ շատ մեծ նշանակություն է ստանում Պեկին-Լոնդոն
ցամաքային կոմունիկացիան։ Դա շատ կարևոր է, որովհետև ներկա փուլում ԵՄ-ի և Չինաստանի
միջև առևտրաշրջանառությունը 800 մլրդ և ավելի է։ Սա Ամերիկայի համար կարևոր է, քանի
որ սրան կա երկու այլընտրանք, որոնք անցնում են մեկը Ռուսաստանով, մյուսը՝ Իրանով,
որոնք երկուսն էլ չեն բխում ԱՄՆ շահերից։ Սա լուրջ պրոյեկտ է, որը, կարծում եմ, եթե
հնարավոր լինի իրականություն դարձնել, պատրաստ կլինի 2028 թվականին», - ասաց Ռուբեն
Սաֆրաստյանը ու նշեց, որ սրա իրականացման դեպքում կբարձրանա Հայաստանի աշխարհաքաղաքական
դերը։ Հայաստանն այդ դեպքում իր ձեռքում բանալի կունենա, որով կկարողանա բացել-փակել
մի դարպաս, որը աշխարհաքաղաքական նշանակություն ունի։
Ամերիկայի համար կարևոր է, որ այդ ճանապարհը բացվի։ Նրանց համար,
ըստ թուրքագետի, ձեռնտու կլինի, եթե այն լինի ՀՀ վերահսկողության ներքո։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան