Հունիսի 12-ին
ԱԺ շենքի հարակից տարածքում տեղի
ունեցած «դեպքերն» ուսումնասիրելու
նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու առաջարկի հեղինակ (գուցե համահեղինակ) «Պատիվ
ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը 2020 թվականից սկսած մի երգ է
երգում «Մարտի 1»-ի թեմայով։ Այդ «երգը»
սակայն, այն մասին չէ, թե ինչու տեղի
ունեցավ «Մարտի 1»-ը, ինչը հանգեցրեց այդ
ողբերգությանը, այլ․․․այդ իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից արված՝ իբրև թե ցուցարարներին ուղղված կոչի՝
փայտեր ու քարեր հավաքելու մասին։ Այդ «կոչն» անընդհատ կրկնելով էլ Մամիջանյանն ու
նրան ձայնակցող օպոզիցիոն խմբակը փորձում են Նիկոլ Փաշինյանին կարգել որպես «Մարտի 1»-ի ողբերգության «համար մեկ» պատասխանատու,
որը, ըստ նրանց, այլևս նաև հունիսի 12-ի դեպքերի պատասխանատուն է։
Մենք արդեն առիթ
ունեցել ենք անդրադառնալ Սերժ
Սարգսյանի սանիկի մարտիմեկյան թեմատիկայով
զեղումներին։ Նա օրերս կրկին արծարծել է թեման ու կայքերից մեկով եթեր
տրված «Փոդքասթի» ժամանակ, փորձելով ցույց տալ, թե ինչքան լավ է տեղեկացված
թեմայից, հայտարարել է․ «․․․Երբ հրապարակի կողմից Փաշինյանը մի խումբ կողմնակիցներով․․․գալիս էր, մարդիկ սկսեցին իրեն ծափահարել,
ինքը տենց բավական ցինիկ, բավական մուննաթով մարդկանց վրա ասեց՝ ի՞նչ եք ծափ
տալիս, քարեր ու փայտեր հավաքեք։ ․․․Ասում եմ էն, որ գուցե հրապարակված չկա, նկարահանված չկա, կամ գուցե կա,
բայց դեռ չի հրապարակվել․․․»։ Հարցին՝ այդ
ժամանակ ձեր կողքին որևէ մարդ չի՞ եղել, միակ վկան դո՞ւք եք եղել, ՊՈՒ
խմբակցության ղեկավարն արձագանքել է․ «Չէ, ինչ ա նշանակում, բոլոր մարդիկ, ովքեր կանգնած են եղել էդտեղ, լսել են։ ․․․Ցույցի ժամանակ ա դա ասվել, էդտեղ շատ-շատ-շատ մարդ կար, մեծ թվով մարդիկ պետք ա լսած լինեն, քանի որ ինքն անցել ա մարդկանց միջով․․․»։
Նկատենք, որ
սույն դրվագի մամիջանյանական նկարագրությունը հուշում է երկու բան՝ Սերժ
Սարգսյանի ապագա սանիկը Նիկոլ Փաշինյանի
խոսքերի հնչերանգը այդքան ճշգրտորեն (մուննաթով, ցինիկ) ֆիքսելու համար պետք է որ առնվազն շատ մոտ կանգնած եղած
լիներ նրան։ Նշանակում է՝ այսօր արդեն ընդդիմադիր պատգամավորը այդ օրը կամ ցուցարարի կարգավիճակում է ներկա
գտնվել հրապարակում, կամ հատուկ
ծառայությունների կողմից ուղարկվածի, կամ էլ․․․ուղղակի կեղծում է՝ զրպարտելով Փաշինյանին։
«Մամիջանյան,
քարեր ու փայտեր» բանալի բառերով որոնումը համացանցում բացահայտեց, որ 2008-ին Մամիջանյանն, իրոք, ցուցարարի
կարգավիճակով է ներկա եղել «դեպքի վայրում», ինչի մասին նա, չգիտես ինչու, այսօր խուսափում
կամ գուցե ամաչում է հայտարարել՝ երևի պատգամավորական մանդատն է գոռոզացրել ՀՀԿ երիտկազմակերպության նախկին
ղեկավարին, կամ էլ Սերժ Սարգսյանի հետ ունեցած քավոր-սանիկական կապից է քաշվում։ Չէ՞
որ 2008-ի նախագահական կեղծված
ընտրությունների արդյունքերի, իշխանության ուզուրպացիայի դեմ էր պայքարում ընդդիմությունը՝ վիճարկելով Սերժ Սարգսյանի նախագահ կարգվելը։ Դե իսկ ապագա
ՀՀԿ-ականն էլ, փաստորեն, մասնակցել է նմանատիպ ցույցի։ Ի դեպ, Մամիջանյանը
ՀՀԿ-ական է դարձել 2012 թվականից։
«Այդտեղ որևէ գաղտնիք չկա, ես այնտեղ եմ եղել Մարտի 1-ին՝ որպես ցուցարար, և երբ
Նիկոլ Փաշինյանն իջնում էր Հրապարակի կողմից, բոլորը ծափահարում էին, մենք էլ դպրոցական
ընկերներով այնտեղ էինք: Բոլորս ծափահարում էինք, որովհետև նա այն ժամանակվա հարթակից
խոսողներից միակն էր, որ վերջապես իջավ ժողովրդի մոտ, և պարոն Փաշինյանն իրեն բնորոշ
ոճով՝ ագրեսիվ և կոպիտ, ասաց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր և փայտեր հավաքեք: Սա բառացի
եմ մեջբերում, ոչ մի տառ չեմ փոխում: Իրեն ողջունող մարդկանց Նիկոլ Փաշինյանն ասաց՝
ի՞նչ եք ծափ տալիս, քարեր և փայտեր հավաքեք: Դե, թող հիմա ինքը ինձ պատմի՝ ինչ երթ
է անում Մարտի 1-ին»,- 168.am կայքի հետ զրույցում 2020-ի փետրվարին
հայտարարել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը։ Նույն այս «փայտաքարային»
պատմությունը Մամիջանյանն արդեն ԱԺ ամբիոնից էր շարադրել 2021-ին, պատգամավորի կարգավիճակում։
Ի դեպ, նրան ու նրա
պես Նիկոլ Փաշինյանին կիսատ-պռատ ասված մտքեր վերագրող, այսինքն՝ «Մարտի 1»-ի
թեմային վատ տիրապետող ընդդիմադիր
սուբյեկտներին առաջարկում ենք գոնե
մեկումեջ ընթերցել «Մարտի 1»-ի
«կազմակերպիչին» առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը։ Ահագին
օգտակար տեղեկություններ կքաղեն ոչ միայն Փաշինյանին, այլև «Մարտի 1»-ի գործով քրեական
հետապնդման ենթարկված մյուս ընդդիմադիր գործիչների
մեղադրանքների անհիմն ու ծանծաղ լինելու մասին։
Չենք զլանա ու հատուկ Սերժ Սարգսյանի բոլոր ռանգի սանիկների համար կմեջբերենք
այն հատվածները, որոնք ուղղակի հօդս են ցնդեցնում «քարերի ու փայտերի» վերաբերյալ տարատեսակ
«երգերն» ու «տաղերը»։
«Դիմումատուն՝ որպես ընդդիմության և հետընտրական բողոքի
շարժման ակտիվ անդամներից մեկը, մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին
մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Այս մեղադրանքի հիմքում
մեծապես եղել են 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանում տեղի ունեցած
հետընտրական բողոքի ակցիաներին դիմումատուի ներգրավվածությունը, այդ թվում՝
ակնհայտորեն Ազատության հրապարակում նրա ելույթները և այդ ցույցերի մասին նրա
տարածած տեղեկությունները։ Դատարանը գտել է, որ Ազատության հրապարակում անցկացված
ցույցերը եղել են խաղաղ հավաքներ և, ըստ էության, քաղաքական նշանակություն ունեցող
հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ, որն ուղղակիորեն կապված է
ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի
հասարակության լայն հատվածի համար։
Ներպետական դատարանները, թեև արտահայտելով այն
դիրքորոշումը, որ դիմումատուն Ազատության հրապարակում հավաքված ամբոխին պատրաստել
էր բռնություն գործադրելու և անհնազանդություն դրսևորելու համար, չեն տրամադրել
նման վարքագծի կոնկրետ օրինակներ, որոնք կարող էին Դատարանի կարծիքով բնութագրվել
որպես բռնության հրահրում։ Փաստորեն, միայն այն արարքները, որոնք պարզվել է, որ
դիմումատուն կատարել է այդ ծրագրի իրականացման համար, բավարար չեն դատարանի համար`
եզրակացնելու, որ դրանք ավելին էին, քան դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության
և կարծիքի արտահայտման իր իրավունքների իրավաչափ իրականացման օրինակներ նախագահական
ընտրությունների անցկացման հանրային բանավեճի, ներառյալ՝ այդ առումով հնչած
քննադատությունների համատեքստում։ Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում
զենքի ենթադրյալ կուտակմանը` զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով,
ապա ներպետական դատարանների որոշումներում առկա չեն կոնկրետ ապացույցներ այս
ենթադրյալ արարքներում դիմումատուի մասնակցության վերաբերյալ․․․»։
Ավելին․ «Դատարանը
վերահաստատում է, որ ցույցի ժամանակ բռնություն հրահրող գործողությունների համար
քրեական պատասխանատվության ենթարկելը որոշ հանգամանքներում կարող է համարվել
ընդունելի միջոց։ Այնուամենայնիվ, խաղաղ մասնակիցները չեն կարող պատասխանատվության ենթարկվել այլ անձանց կողմից
կատարված պատժելի արարքների համար։ Խաղաղ հավաքներին մասնակցելու ազատությունն
այնքան կարևոր իրավունք է, որ անձը չի կարող ենթարկվել պատժի, նույնիսկ
կարգապահական տույժերի սանդղակի ամենաստորին պատժամիջոցի՝ արտոնված ցույցի
մասնակցելու համար այնքան ժամանակ, քանի դեռ նա անձամբ չի կատարել որևէ պատժելի
արարք։ Նույն կերպ միջոցառման կազմակերպիչները չպետք է ենթարկվեն պատասխանատվության
դրա մասնակիցների վարքագծի համար այնքան ժամանակ, քանի դեռ նրանք անձամբ չեն
կատարել, հրահրել կամ արտոնել որևէ պատժելի արարք։ Այս մոտեցումը գործում է
նույնիսկ այն դեպքում, երբ ցույցերի արդյունքում պատճառվում է վնաս, կամ դրանք
հանգեցնում են այլ անկարգության»։
Մեկ այլ հատված․ «Չնայած նշվում է, որ դիմումատուն իր հրամաններով,
ելույթներով և ցուցումներով կազմակերպել և վերահսկել է ցուցարարներին զինելու
գործընթացը և ոստիկանության ծառայողների վրա նրանց հարձակումը, չեն տրվում
մանրամասներ ենթադրյալ հրամանների և ցուցումների, այդ թվում՝ այն հանգամանքների
վերաբերյալ, որոնցում տրվել են այդ հրամանները և ցուցումները, կամ ենթադրյալ
ելույթներից որևէ մեջբերում։ Նույնը վերաբերում է այն եզրահանգումներին, ըստ
որոնց՝ դիմումատուն տվել է նոր բռնի գործողությունների պատրաստվելու ցուցումներ
կամ արել է հայտարարություններ խռովարարների կողմից գրավված վայրերի վերաբերյալ։
Թեև դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված որոշ արարքներ, ինչպիսիք են բողոքի
ակցիայի մասնակիցներին արգելապատնեշներ կառուցելուն, քարերով և այլ վտանգավոր
առարկաներով զինվելուն կամ ոստիկանության ծառայողների մահակներն ու վահանները
խլելուն հրահրելը, առավել կոնկրետ են թվում, այնուամենայնիվ, նույնիսկ այս
հանգամանքներն են ներկայացված շատ ընդհանրական ձևով։
Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ներպետական դատարանները
չեն տրամադրել բողոքի շարժմանը և նախագահական ընտրություններից հետո Հայաստանում
սկիզբ առած ցույցերին ներգրավված լինելու ընթացքում դիմումատուին վերագրվող որևէ
պատժելի արարքի, այդ թվում՝ բռնության հրահրման կամ դրդման բավականաչափ կոնկրետ
օրինակներ։ Ըստ էության՝ դիմումատուն պատասխանատվության
է ենթարկվել ընդդիմության ակտիվ անդամ լինելու և խաղաղ հավաքների ազատության իր
իրավունքից օգտվելու համար, այլ ոչ թե կոնկրետ պատժելի արարքներ կատարելու համար»։
Հուսանք՝ ՄԻԵԴ-ի վճռից կատարված այս՝ նախկին ռեժիմի օրոք
գործած ու Մարտի 1-ի գործը քննած դատական
համակարգի դեմքը պատռող մեջբերումները, որքան էլ տհաճ լինի
կարդալը, կօգնեն Մամիջանյանին թոթափել իր
անտեղյակությունն ու զերծ կպահեն հետագա զրպարտչական բնույթի հայտարարություններից,
որքան էլ նման գործողությունները թելադրված
են քաղաքական այսրոպեական շահերից։ Համոզված
ենք՝ եթե ՀՀԿ-ի քարոզչական կոնտորան ունենար Նիկոլ Փաշինյանին վերագրվող
հայտարարության ձայնագրությունը, ապա չէր հապաղի, այս ընթացքում արդեն մի հազար
անգամ հրապարակած կլիներ։
Հ․Մանուկյան