«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի
Դաշնության սահմանապահ զորքերին, շնորհակալություն հայտնել ՀՀ անկախությունից ի
վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունը
ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած
աջակցության և մատուցված ծառայության համար։ Տեղեկացրել են՝ քանի որ մեր երկրում
պետական ինստիտուտները զարգանում են, այս ողջ ընթացքում, այդ թվում՝ ՌԴ մեր
գործընկերների աջակցությամբ, ՀՀ սահմանապահ ծառայությունը մասնավորապես
օդանավակայանում արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ է ձեռք
բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունը իրականացնի առանց ռուսական կողմի
աջակցության: Սա է ամբողջ նամակը»,-մարտի 12-ին տեղի ունեցած ասուլիսում
հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով «Զվարթնոց»
օդանավակայանից ռուս սահմանապահներին «հանելու» վերաբերյալ հարցին և հավելել՝ «մենք
պարզապես տեղեկացրել ենք, որ նման որոշում ենք կայացրել, և, եթե չեմ սխալվում,
վերջնաժամկետը 2024 թվականի օգոստոսի 1-ն է»։ Ավելի վաղ հիշյալ վայրից ՌԴ
սահմանապահների դուրս բերման մասին հայտարարել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Այսօր արդեն վարչապետի հայտարարությունն իրականություն է՝ ՌԴ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն
ավարտել են «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանի պահպանությունը, գործառույթը
հանձնվել է հայկական կողմին:
Նկատենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ անցակետերը
և ՀՀ-ի՝ Իրանի, Թուրքիայի հետ սահմանների պաշտպանությունը հայկական կողմին վերադարձնելու
պահանջ դեռ տարիներ առաջ՝ 2018-ին, ձևակերպել
էին մի խումբ հանրային-քաղաքական գործիչներ։ 1992 թվականի սեպտեմբերի 30-ին,
ինչպես հայտնի է, ՀՀ և ՌԴ
կառավարությունների միջև ստորագրվեց ՀՀ տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի
կարգավիճակն ու ծառայության պայմանները սահմանող համաձայնագիրը: Ըստ այդմ, ՌԴ
ԱԴԾ սահմանապահ զորքերի հոգածությանը հանձնվեց Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ
պետական սահմանի պահպանությունը։ «Այն կարևոր
էր Հայաստանի համար հատկապես արցախյան գոյամարտի տարիներին, քանի որ թույլ էր
տալիս առկա ռեսուրսները ծառայեցնել բացառապես պատերազմում Արցախի հաղթանակն ապահովելու
խնդրի լուծմանը, իսկ ռուսական կողմի համար՝ ԱՊՀ արտաքին սահմանների պահպանման հարցում
սեփական վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից:
Այսպիսով,
պատմական ծանր մի ժամանակահատվածում, Հայաստանն
իր դաշնակցին ժամանակավորապես զիջեց սեփական պետական սահմանի երկու հատվածները
պահպանելու իր ինքնիշխան իրավունքն ու նաև որոշակիորեն սահմանափակեց սեփական
պատասխանատվությունը՝ Թուրքիայի և Իրանի հետ լիարժեք ուղիղ և չմիջնորդավորված
հարաբերություններ կառուցելու համար: Անցած տարիների ընթացքում իրավիճակը փոխվել
է` 1994 թվականին ավարտվել է արցախյան պատերազմի ակտիվ փուլը, իսկ 2009 թվականին
դադարեցվել է Վրաստանի անդամակցությունն ԱՊՀ-ին: Այդուհանդերձ, ՀՀ գործող
իշխանություններն այդպես էլ առ այսօր ոչ մի քայլ չեն ձեռնարկել երկրի
ինքնիշխանությունն այս մասով լիարժեք վերականգնելու և միջազգային հարաբերությունների
համակարգում ինքնիշխան երկրին բնորոշ պատասխանատվությունը հավուր պատշաճի
ստանձնելու ուղղությամբ:
Ավելին՝ տարիներ
առաջ ՌԴ ԱԴԾ տնօրինության տակ է անցել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում
սահմանապահ անցակետերի գործունեությունը, ինչը վերը հիշատակված պայմանագրով
նախատեսված չէ և կարող է դիտարկվել որպես այս մասով երկրի ինքնիշխանության
ապօրինի հանձնում օտար, թեև դաշնակից, մի պետության»,-մասնավորապես ասված էր
Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Եղիշե Պետրոսյանի, Կարապետ Ռուբինյանի,
Եղիշե Պետրոսյանի, Արման Մելիքյանի, Ալբերտ Բաղդասարյանի կողմից տարածված
հայտարարության մեջ: Դրա հեղինակները, «առաջնորդվելով ՀՀ պետական ինքնիշխանության
վերականգնման հրամայական անհրաժեշտությամբ», առաջարկել էին՝ մինչև 2018 թ․
մարտի 1-ը «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ անցակետերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ
սահմանապահ զորքերի ենթակայության տակ, 2019 թ․ հունվարի 1-ից հայ-իրանական
սահմանի պահպանությունը հանձնել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տնօրինությանը, ինչպես
նաև՝ հայ-իրանական սահմանում մինչ այդ իրենց ծառայությունն իրականացնող ռուս
սահմանապահներին ՌԴ ԱԴԾ հրամանատարության հայեցողությամբ տեղափոխել հայ-թուրքական
սահման` ՀՀ տարածքում իրենց ծառայությունը շարունակելու համար կամ վերադարձնել
ՌԴ, մինչև 2020 թ․ հունվարի 1-ը ուսումնասիրել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից
հայ-թուրքական սահմանի լիակատար վերահսկողությանը հանձնելու հարցը և ՌԴ ԱԴԾ
սահմանապահ զորքերի հրամանատարության հետ համատեղ մշակել այդ հատվածում սահմանապահ
ուղեկալների հանձնման-ընդունման ժամանակացույցն ու տեխնիկական պայմանները:
Իրանի հետ ՀՀ պետական սահմանի հսկողությունը ՀՀ ազգային սահմանապահ
զորքերի տնօրինությանը հանձնելը, ըստ հայտարարության հեղինակների, «նպատակ ունի ոչ միայն վերականգնելու Հայաստանի
ինքնիշխան պարտավորությունների կատարումը, այլև ամրապնդելու Մեղրիի ռազմավարական
շրջանում մեր պաշտպանական հնարավորությունները՝ Նախիջևանի կողմից ադրբեջանական
զինուժի հարձակման դեպքում: Այսինքն, հայ սահմանապահ ուժերն այդ հատվածում
կդառնան մեր զորքի թիկունքապահ ռեզերվը, ինչը ռուս սահմանապահների առջև դրված
խնդիրների պարտադիր մաս չի կազմում»։ Այս առաջարկը մասամբ, փաստորեն, իրագործվեց
միայն 6 տարի անց։
Նշենք, որ ի
սկզբանե ՌԴ սահմանային միավորումը կոչվում
էր «Արմենիա» զորախումբ՝ Ռուսաստանի Դաշնային սահմանային ծառայության կովկասյան
հատուկ սահմանային շրջանի կազմում։ Օդանավակայանների հսկիչ կետերում հայ և ռուս
սահմանապահների փոխգործակցության կարգ, սակայն, փաստաթղթում ամրագրված չէ։ Հայ և ռուս
սահմանապահները համատեղ ծառայում էին միայն «Զվարթնոց» օդանավակայանում։
«Էրեբունի» և «Գյումրի» օդանավակայաններում, նկատենք, ծառայում են բացառապես հայ սահմանապահները։
Հավելենք, որ 2021 թ․ հունիսի 4-ին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ
Կոպիրկինն ասել էր, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի
սրումը, հանրապետությունում ավելացել է ռուսական սահմանապահ զորքերի թիվը։
2021 թ․ օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր
Տավուշի մարզում (մասնավորապես՝ Ոսկեպար գյուղում) ռուս սահմանապահների տեղակայման
մասին։ Ռուս սահմանապահներ տեղակայված են նաև Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի
հատվածում։
Հատկանշական է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական կողմի վերոհիշյալ
որոշմանը, իրեն հատուկ ոճով գուժել էր՝ «Զվարթնոց»
օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման նախաձեռնությունը չի նպաստի Հայաստանի
անվտանգության ամրապնդմանը։ «Հարկ է նկատել, որ այս հայտարարությունը հնչել է պաշտոնական
Երևանի մի շարք ոչ բարեկամական քայլերի և պնդումների ֆոնին։ Այս նախաձեռնությունը հազիվ
թե բխի Հայաստանի և այդ երկրի քաղաքացիների անվտանգության շահերից, հատկապես եթե հաշվի
առնենք այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կողք-կողքի արդյունավետորեն լուծում
էին հայ և ռուսաստանցի սահմանապահները», - նշել էր Զախարովան և վկյակոչել ռուսական
քարոզչական նարատիվը՝ «պաշտոնական Երևանի ներկայիս կուրսի շարունակումը կարող է վերջին
հաշվով անդառնալի վնաս պատճառել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր
ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, վերջնականապես ավերել երկրի անվտանգության
ապահովման գործուն մեխանիզմները, արտացոլվել նրա սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների
վրա»։
Հ․Մ․