Մոսկվան ի վիճակի չէ Հայաստանին «պատժել»․ նրա ուժը Ադրբեջանն է ու հայ ռևանշիստները

Սա անկախության գործընթաց է և Հայաստանի պետականության ամրապնդումը, ինչը անշրջելի է։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը՝  անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալուն։ 


Ըստ նրա՝ էվոլյուցիոն ճանապարհով պետք է գնալ և հաջորդիվ ռուսներին դուրս բերել նաև հայ-իրանական և հայ-թուրքական սահմանից․ «Հայաստանի և Իրանի միջև Ռուսաստանն ի՞նչ գործ ունի։ Ռուսաստանն ավանդականորեն պատերազմներ հրահրող, խառնակչություններ անող և դրա միջոցով մնացող ուժ է։ Ռուսաստանը կարող է մեր ու Իրանի միջև կոնֆլիկտ առաջացնել», - ասաց Շիրինյանը։


Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ-ում վարչակարգ չի փոխվելու, Բլինքենը մնալու է,  ԱՄՆ ռազմավարական շահերը չեն փոխվելու և ԱՄՆ-ի հետ պետք է աշխատել հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ։


Ռուսաստանը, Շիրինյանի կարծիքով, բավարար ռեսուրս չունի Հայաստանի նկատմամբ «պատժիչ» գործողություններ իրականացնելու։ «Եթե ի վիճակի լիներ Հայաստանի հարցը լուծել՝ վաղուց լուծել էր։ Դրա համար քարոզչական պատերազմն է ուժեղացրել։  Հայաստանում ցնցումներ անելու համար նրա ուժը Ադրբեջանն է, որովհետև վերջինս շահագրգիռ է, բացի դա Ադրբեջանում ռուսական ԿԳԲ-ի իշխանության շարունակությունն է։ Մեզ երկրորդ թուլացնողը հայ ռևանշիզմն է։ Գալստանյանը ռուսական գործիք է, և հայ ժողովրդի, պետականության ոխերիմ թշնամին սրանք են»,-նշեց քաղաքագետը։


Նրա կարծիքով՝ ընդդիմությունը, եկեղեցին բավարար ուժ չունեն։ Աշնանն էլ խոստացած թափը, թեժությունը չեն կարողանա ապահովել։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան