Հնարավոր է՝ մոտ օրերս իշխանությունը բարձրացնի ռուս սահմանապահների դուրս բերումը նաև հայ-իրանական սահմանից․ Գրիգորյան

Երկու օր առաջ ռուս սահմանապահները դուրս եկան Զվարթնոցից։ Ե՞րբ նրանք դուրս կգան Մեղրիի անցակետից և Գյումրիի ռազմաբազայից։


Այս և այլ թեմաների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։


Քաղաքագետը  նշեց, որ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց»-ից դուրս գալը իրոք մեծ իրադարձություն է և պետք է հասկանանք, որ դա նշանակում է, որ Հայաստանը սկսում է վերականգնել իր սուվերենությունը, ուժեղացնել իր սուվերենությունը։

 

«Մեր հույսերը Ռուսաստանի հետ, որպես երկիր, որն ասում էր, որ ռազմավարական պարտնյոր է, չեն արդարանում։ Պարզ է՝ մենք մեր քայլերը պետք է անենք՝ ուժեղացնելու համար մեր սուվերենությունը։ Դուք պատկերացնում եք, «Զվարթնոց» օդանավակայան մարդիկ մտնում էին, ու հաճախ չէին հանդիպում հայ սահմանապահներին, այլ օտար երկրի սահմանապահների էին տեսնում։ Դա նսեմացնում է մեր սուվերենությունը։ Ուրեմն դրական է, որ ռուս սահմանապահները դուրս են գալիս, դա միայն կարելի է ողջունել»,-ասաց քաղաքագետը։

 

Նա նշեց, որ դրան զուգահեռ գնում է նաև մյուս պրոցեսը, այդ 17 կետերից, որտեղ կային ռուս սահամանապահները հայ-ադրբեջանական սահմանին, նրանք այնտեղից էլ են դուրս գալիս և որքան տեղյակ է այդ պրոցեսն էլ ավարտվեց։   

 

«Իսկ ի՞նչ սպասել Մեղրիի հետ կապված։ Պարզ է, եթե մենք հարցը չբարձրացնենք ռուս սահմանապահներն այնտեղ կմնան, բայց շատ տարօրինակ է, որ մեր սահմանը բարեկամ պետության՝ Իրանի հետ ռուս սահմանապահները պաշտպանեն։ Ու ստեղ, որ օտար երկիր ներկայացվի Իրանի հետ մեր սահմանին, դա ուղղակի անհեթեթություն է։ Միգուցե նախկինում ինչ-որ տրամաբանոթյուն կար, բայց այսօր ոչ մի տրամաբանություն չկա։ Պարզ է՝ պետք է դուրս բերել ու այդ հարցը կառավարությունը բարձրացնի մոտ օրերս»,--ասաց Ստեփան Գրիգորյանը։

 

Նա նշեց, որ շատերը չգիտեն, որ Հայաստան-Իրան սահմանին միայն ռուս սահմանապահներն են, հայ սահմանապահներ չկան, տարօրինակ է այդ նախկինները այս ինչ որոշումներ են ընդունել, այս ինչ օրի մեջ են գցել այս երկիրը, բայց հիմա այսօրվա իշխանությունները պետք է այդ սխալները շտկեն։

 

«Ես կասկած չունեմ, որ մոտ ժամանակներս կառավարությունն այդ հարցը կբարձրացնի ու հայ-իրանական սահմանը ամբողջությամբ մեր վերահսկողության տակ կլինի»,-նշեց քաղաքագետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան