«Ես կարծում եմ, որ Իրանի հակահարվածը
սահմանափակ կլինի։ Իսրայելի ղեկավարությունը վարչապետի գլխավորությամբ փորձում է Իրանին ներքաշել պատերազմի մեջ, որին մասնակից կլինի
նաև ԱՄՆ-ն։ Իսրայելը հիմա տեսնում է, որ միայնակ չի կարող հաղթահարել Իրանի ու Իրանի
ներկայացուցչական ուժերին Եմենում, Սիրիայում, Լիբանանում և Իրաքում: Այս մասին civic.am-ի
հետ զրույցում նշում է իրանագետ Տիգրան Դավուդյանը՝
անդրադառնալով իրանա-իսրայելական հնարավոր պատերազմին։
Դավուդյանը նշում է, որ ԱՄՆ-ին
այս պահին ձեռնտու չէ իրանա-իսրայելական պատերազմը, քանի որ հիմա նախընտրական պայքար
է․ «Պատերազմը կխանգարի դեմոկրատներին վերընտրվել, այդ պատճառով
ԱՄՆ-ն փորձում է Մերձավոր Արևելքի խնդիրը մեղմ ձևով լուծել, առանց պատերազմի»։
Ըստ իրանագետի՝ պատերազմը Նեթանյահուի
փրկությունն է, քանի որ նա լուրջ ներքաղաքական խնդիրներ ունի և եթե ինքը հեռանա զբաղեցրած
պաշտոնից, հնարավոր է, որ կանգնի դատարանի առջև։
Դավուդյանի խոսքով, եթե Իսրայելը խնդիրների առջև կանգնի Իրանի հարվածներից,
ապա կարող է օգտվել Ադրբեջանում ու մյուս հարևան երկրներում իր ունեցած ուժից․ «ՀՀ-ի շահերից է բխում,
որ լինի կայուն Իրան, իսկ Ադրբեջանի շահերից է բխում, որ լինի անկայուն Իրան, քանի
որ իրենք շահեր ունեն ու նման դեպքում «Զանգեզուրի միջանցքի» հարցն էլ կառաջանա, բայց
այդ հարցում համախոհություն կա մեծ պետությունների մոտ ու նման վտանգի առաջ կարծում
եմ չենք կանգնի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան