Թեժ աշուն խոստացած ու սեպտեմբերին համերկրային պայքարը վերսկսելու
մասին խոստացած «սրբազան շարժման» կազմկոմիտեում, ըստ շրջանառվող տեղեկությունների,
քննարկվում են պայքարի ձևաչափերի, մարտավարության, մեթոդաբանության հետ կապված հարցեր։ Երկուսուկես ամիս տևած «թայմ
աութը»՝ ՀՀ մարզերում և մայրաքաղաքի վարչական
շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումներ, Բագրատ Գալստանյանն ու նրա «նապարնիկները» օգտագործել ու շարունակում են օգտագործել քաղաքացիների բողոքական կոնտինգենտին մոբիլիզացնելու
նպատակով։ Այսինքն, հույս ունեն, որ հանրությունը, որը, փաստորեն, այնքան էլ լավ տեղեկացված
չէր սույն շարժման նպատակների ու օրակարգի մասին, «առաջին ձեռքից»՝ «Գալստանյան ընդ
ֆրենդս»-ի շուրթերից կտեղեկանա, մեջը «նամուսը, թասիբն ու դուխը» կարթնանան ու կեռան՝
ստիպելով միանալ «նեռի» գահընկեցության սրբազան օպերացիաներին։
Հարկ է նկատել, որ նախքան այս շարժման ի հայտ գալը՝ դեռ նախորդ
տարվա աշնանից սկսած էին մեկնարկել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի մարզային իրազեկման
«տուրերը»։ Տարբեր համայնքերում մասնավորապես
«Հայաստան» խմբակցությունը՝ մասնակցությամբ
նաև Լևոն Քոչարյանի, հանդիպում էր բնակիչներին,
վերաշարադրում այն տեքստերը, որոնք արդեն մի
քանի տարի դղրդացնում են ԱԺ ամբիոնը՝ ազդարարելով իրենց տանջող խրոնիկ «փորացավի» մասին՝ «Կառավարության շենքը օկուպացրած» պաշտոնյայի հրաժարական»։
Այսինքն, Տավուշի մարզում տեղի ունեցած սահմանազատման գործընթացից
առաջ ընդդիմությունն արդեն իսկ հոգացել էր մարդկանց թասիբի գցելու, ոտքի հանելու և հակակառավարական ցույցերի համար
նախապատրաստելու հոգսը։ Ու հաշվարկել էր, որ Կիրանց-Ոսկեպարում բռնկված բողոքի ալիքը
վարակիչ է լինելու և ընդգրկելու է նաև բոլոր այն մարզերն (ու դրանց բնակիչներին), որտեղ
առաջիկայում ենթադրվում են սահմանազատման աշխատանքներ։ Սակայն, ինչպես ասում են՝ «սրբազանը
(ընդդիմությունը) պլանավորեց, Աստված տնօրինեց»։ Այսինքն «Աքելլան» այս անգամ էլ «վրիպեց»։
Վերադառնանք պայքարի ձևաչափերի, մեթոդաբանության թեմային․ մեզ տեղեկություններ են հասել, որ շարժման կազմկոմիտեում սեպտեմբերյան ակտիվացմանն ընդառաջ որոշակի մտահոգություն
է առկա առ այն, թե արդյոք կարողացել են արդյունավետ
օգտագործել «թայմ աութն» ու ազդել հանրային
տրամադրությունների վրա, արդյոք հանրային վստահությունը հանդեպ շարժումն այս ընթացքում աճել է, և ամենակարևորը՝ արդյոք հնարավոր
կլինի շարժման ապրիլ-հունիսյան սեզոնի ժամանակ փողոց դուրս եկած ու շարժման միջոցառումներին մասնակցած քաղաքացիների առավելագույն թիվը (մոտ 32 հազար)
կրկնապատկել՝ հասցնելով գոնե 60 հազարի։
Այդ նկատառումով էլ որոշվել է առաջիկա՝ «փորձարարական» հավաքը,
որը սեպտեմբերի 7-ից տեղափոխվել է սեպտեմբերի 4, անցկացնել փակ՝ դահլիճային ֆորմատով։
Դատելով դրան մասնակցած քաղաքացիների թվից էլ կորոշվի հետագա հանրահավաքների անցկացման
կերպը՝ բացօթյա՞՝ հրապարակներում, թե՞․․․դահլիճա-ակումբային։ Նկատենք,
որ դահլիճային հավաքները ունեն դրական կողմ՝ դրանց մասնակիցների թիվը միշտ հնարավոր
է հաշվել՝ դահլիճի ֆիքսված տեղերի մարդաքանակով, («Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը
էլ չի տանջվի, թռչնի թռիչքի բարձրությունից սրբազանականների թիվը չի հաշվարկի ու թիվ
հրապարակելով «հոգեբանական դիվերսիա» չի իրականացնի), և բացի այդ, փակ հաստատություններում
տեղի ունեցած հավաքների ժամանակ հնարավոր է նվազագույնի
հասցնել մասնակիցների ենթադրյալ հակաօրինական, անկառավարելի վարքագիծը, այսինքն՝
իրավապհների հետ բախումների հավանականությունը։ Մի բան, որից հնարավոր չեղավ խուսափել մասնավորապես
հունիսի 12-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որից հետո էլ որոշվեց մարող շարժումը
փրկելու համար արձակուրդ վերցնել։
Մինչ կգա սեպտեմբերն ու կսկսվի շարժման «նոր ուսումնական սեզոնը»,
նշենք, որ օրերս Մարտունի կատարած այցելության,
բնակիչների հետ հանդիպման ժամանակ (այն ևս
դահլիճային ֆորմատով էր) Բագրատ Գալստանյանը հայտարարել է, թե պետք է կենտրոնանալ սեպտեմբերի
4-ի հավաքի վրա․ «Մենք մտածել ենք մարզահամերգային համալիրում`
մեծ դահլիճում, ես կարծում եմ, որ դա էլ փոքր կլինի, թե մարզային, թե քաղաքային հանդիպումների
արդյունքում մեր ակտիվը, որոնք նաև որոշակի կազմակերպչական աշխատանքների մեջ պետք է
ներգրավվեն, բոլորով հավաքվենք։ Նախ՝ բոլորով իրար տեսնենք, որովհետև միշտ փողոցներում
ենք հանդիպել, հրապարակներում, իրար չենք էլ ճանաչել, ես շատ եմ կարևորում, որ մարդիկ
իրար տեսնեն, ճանաչեն։ Կռիվ գնացող զինվորներն ինչպե՞ս են լինում, եթե հրամանատարի
ձայնը չեն ճանաչում, միմյանց չեն ճանաչում ի՞նչ են անելու»։
Գալստանյանը, միաժամանակ հավելել է՝ «պետք է կարողանանք առավելագույն
ձևով մոբիլիզացնել, հավաքել, ոչ թե՝ հավաքել, զոռով բերելով, այլ՝ այս այցելությունների
ընթացքում հատկապես այն պատասխանատուների իմաստով, որ հընթացս ձևավորվում է, և այնտեղ
որոշակիորեն արդեն ուղենշել, թե ինչ ճանապարհով ենք գնալու»։
Երկու օր անց, սակայն, Երևանում լրագրողների հետ հարցուպատասխանի
ժամանակ Գալստանյանն արդեն չափազանց զգուշավոր էր արտահայտվում սեպտեմբերի 4-ին նախանշված
հավաքի մասին։ Լրագրողի խնդրանքին՝ «ինչ է
սպասվում սեպտեմբերյան բումի ժամանակ», եկեղեցու սպասավորն արձագանքեց․ «Չգիտեմ՝ բումը ինչի մասին է (Գառնիկ Դանիելյանն
էր խոստացել-խմբ), Գառնիկն ամեն տեղ խոսում է եթերներով, չեմ հասցնում հետևել․․․ Սեպտեմբերին
սպասվում է սեպտեմբեր»։ Լրագրողի ճշտմանը՝ այդ օրը, ինչպես դուք եք հայտարարել, մեծ
հանրահավաք է լինելու՝ սրբազանը շտապեց ճշգրտել․ «Համալիրի հանրահավաք չի նախ, համալիրի հավաք է։ Համալիրի մեծ դահլիճը մերժել են, և քանի որ այլ մեծ դահլիճներ չկան Երևանում կամ Հայաստանում,
ստիպված որոշակի իմաստով կոմպրոմիսի գնացինք թե օրվա, թե դահլիճի առումով։ Բայց դա
զուտ պայմանավորված է տեղի հետ, այն, ինչ մենք նախատեսել ենք, գոնե դրա ինչ որ մասով
կարողանան իրականացնել»։
Ինչպես տեսնում ենք՝ սրբազան հայրը որոշակիրեն հաղթահարել է «գրանդիոզ մոլորությունը», որում հայտնվել էր շարժման
սկզբանական փուլում, և մարդկանց մոտ զուր հույսեր
ու ակնկալիքներ չի գեներացնում առաջիկա միջոցառման՝ բումա-բեկումնային լինելու առումով։ Իմիջիայլոց, սրբազանը որոշել է մի պրիմիտիվ քարոզչական
հնարք կիրառել՝ կանխազգալով առաջիկա հավաքների սակավամարդությունը, որոշել է «ալիբի»
ապահովել, հայտարարելով՝ իշխանություններն այցելում են մարդկանց տներ, ահաբեկում են մարդկանց, մտնում, մի քանի տարվա վաղեմության
«գործեր» են վերաթարմացնում ու այսպիսով կանխարգելում շարժման պոտենցիալ աջակիցների
մասնակցությունը առաջիկա գործողություններին։
Գալստանյանը երևի տեղյակ չէ, որ «ահաբեկման ավանդույթները», որոնք հատուկ էին
քոչարյանասերժական կառավարման տարիներին, այլևս անցյալում են, ճիշտ այնպես, ինչպես
որ այդ քստմնելի «ավանդույթը» ներդրած սուբյեկտները։
Հ․Գ․ Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի
անվան մարզահամերգային Համալիրի համերգային (փոքր) դահլիճը կարող է
ունենալ 1,900 տեղ։ Իսկ հիմնական դահլիճն ունի
6000 նստատեղ, որն ընդլայնվելով կարող է
ունենալ մինչև 8, 800 նստատեղ։
Այսինքն, սեպտեմբերի 4-ի
հանրահավաքին պետք է ակնկալել շուրջ 2000 հոգու մասնակցություն՝ դահլիճի տեղերի քանակի
առավելագույն հաշվարկն է հուշում։
Հ․Մանուկյան