Գեղարքունիքում երկրաշարժի հետևանքով փլուզումներ չկան, որոշ տեղերում տներում առաջացել են ճաքեր․ Գեղարքունիքի մարզպետ

Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 22:02-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.20 և արևելյան երկայնության 45.22 աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:


Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ, և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Civic.am-ը կապ է հաստատել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ՝ տեղեկանալու համար, թե արդյոք երկրաշարժի հետևանքով կա՞ն տուժած քաղաքացիներ, թե՞ ոչ, ինչին ի պատասխան մարզպետն ասաց. «Առավոտից համայնքային ու մարզային հանձնաժողովները ուսումնասիրություն են իրականացնում, փլուզումներ չկան, որոշ տեղերում տներում առաջացել են ճաքեր։ Այս պահի դրությամբ ուսումնասիրություն է իրականացվում՝ գնահատելու վնասները»։   


Մարզպետը նաև տեղեկացրեց, որ ՏԿԵՆ-ի, Քաղաքաշինության կոմիտեի, Փրկարար ծառայության գործընկերների հետ պայմանավորվել են, որ առաջիկա ուսումնասիրության ավարտից հետո, եթե անհրաժեշտություն լինի գործիքային ուսումնասիրություն իրականացնելու, դա ևս կիրականացնեն։  

Կարեն Սարգսյանի խոսքով՝ թե՛ երկրաշարժի հետ կապված, թե՛ պայմանական հարձակման հետ կապված իրենց բոլոր պլանային իրազեկման աշխատանքները 100 տոկոսով կատարված են։

 

Լիլիթ Թադևոսյան