Վրաստանը մտադիր է դեպի Հայաստան նոր ավտոմայրուղի կառուցել

Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա» լրատվականը՝ հղում կատարելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանին։  


Վերջինիս համաձայն՝ նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջ և անցում։ Շինարարության արժեքը կկազմի 250 մլն եվրո։ 


Լրատվամիջոցը հաղորդում է, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում:


Ըստ աղբյուրի՝ նախարարի հրամանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական խորհրդում։