Այսօր Oragir.News-ը մի հրապարակում էր արել, որի առնչությամբ մենք պարզաբանում խնդրեցինք ՊՆ-ից: Գերատեսչությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ որևէ քաղաքացու մեկ այլ քաղաքացու փոխարեն զինվորական ծառայության զորակոչելու վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարություններն անհեթեթ և անհիմն են:
Զինվորական ծառայության համար քաղաքացիների պիտանիությունը որոշող հիվանդությունների ցանկը և փորձաքննության կարգը սահմանված են կառավարության համապատասխան որոշումներով, որոնք մասնավորապես սահմանում են, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զորակոչի ենթակա զինծառայողները փորձաքննվում են առաջին սյունակով, իսկ ռազմաուսումնական հաստատության դիմորդները փորձաքննվում են երրորդ սյունակով։
Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիները ճանաչվում են ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի, սակայն պիտանի են զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով։
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված քաղաքացուն, հայտնում ենք, որ ռազմաուսումնական հաստատությունում ոչ պիտանի ճանաչվելուց հետո իր ներկայացրած բոլոր գանգատների համաձայն ուղեգրվել է ինչպես նախնական, այնպես էլ ստուգիչ ու լրացուցիչ հետազոտությունների, և իրավասու բժշկական հանձնաժողովի փորձաքննության արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով։