Գյումրու ավագանին մերժել է Բալասանյան դաշինքի` 10 մլն դրամ տրամադրել Շարլ Ազնավուրի արձանի և Ակադեմիայի շենքի գեղարվեստական լուսավորություն անցկացնելու առաջարկը

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Գյումրու ավագանին երեկվա նիստում մերժեց Բալասանյան դաշինքի` 10 մլն դրամ տրամադրել Շարլ Ազնավուրի արձանի և Ակադեմիայի շենքի գեղարվեստական լուսավորություն անցկացնելու առաջարկը։


Ըստ նախագծի մեկ լուսադիոդային լուսարձակը նախահաշվով 202.800 դրամ էր, ինչը տարօրինակ մեծ թիվ էր թվում, իսկ առաջարկ ներկայացնողը չնայած իմ հարցերին` չմանրամասնեց, թե այդ թիվը որտեղից են ստացել։ Նաեւ չփարատվեցին կասկածները, որ մրցույթում կարող է շահել «Կումնի» ՍՊԸ-ի նման ընկերությունը, որը Գյումրիում զբաղվում է շների ստերջացմամբ ու հայտնվել էր խայտառակ պատմության մեջ, անգամ քրեական գործ էր հարուցվել։ Ընկերությունը քաղաքապետարանին նաեւ մեքենայի մասեր մատակարարելու մրցույթում էր շահել։


Հիշեցնեմ, որ քաղաքապետարանի մեր գործընկերները, փոխանակ տրամաբանության համաձայն ուսումնասիրեին, թե համայնքի հատկացրած միջոցները ընկերությունը ինչպես է ծախսել, արդյո՞ք կենդանասերների բարձրացրած հարցերը տեղի՞ն են, գնացել ու ընկերության երեսը պարզաջրել փորձող տեսանյութ էր պատրաստել, ու ոչ միայն չէր հաջողվել փրկել ընկերության դեմքը` այլեւ իրենք էին խայտառակվել` ներքաշվելով էդ պատմության մեջ ու մատնելով, որ ընդհանուր շահեր ունեն «Կումնի»ՍՊԸ-ի հետ։


Ի վերջո ավագանու ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով կլուսավորվի միայն Շարլ Ազնավուրի արձանն ու կամարը` 1.7մլն դրամ նախահաշվով։ Էս ծրագիրը իրականացվի, կտեսնենք` ո՞ր ընկերությունը հաղթեց, ինչքան գնով ու ինչ արեց, որից հետո կհասկանանք` արժի՞ շարունակել, թե՞ ոչ։


Երեկվա նիստում ավագանին հավանություն տվեց նաեւ Գյումրիում Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ հիմնելու առաջարկին` նախկին հիվանդանոցի սեւ շենքը կառավարության առաջարկով Լոզանի համալսարանին անհատույց վարձակալության հանձնելով։


Հիշեցնեմ, որ նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին: Վերջիններս վարչապետին էին ներկայացրել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղ հիմնելու ծրագրերն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Վարչապետը ողջունել էր նախաձեռնությունը և հայտնել Կառավարության աջակցությունը՝ ծրագիրը կյանքի կոչելու գործում:

Արդյունքում, դպրոցը կունենա 1000 ուսանող, ովքեր հնարավորություն կունենան զարգացնել մասնագիտական կարողությունները սպասարկման ոլորտում: