«Մենք գտնվում ենք ՆԱՏՕ-ի դեմ ստեղծված անվտանգային համակարգում և սա մենք պետք է հաշվի առնենք»․ Գևորգ Գորգիսյան․ Ուղիղ
Civic.am-ի հյուրը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն է։ Գորգիսյանը նշեց, որ իրենց նպատակն է լինել ԱԺ-ում այն ուժը, որը թույլ չի տա Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի վերարտադրությանը։

Անդրադառնալով սահմաններում տեղի ունեցող իրավիճակին, Գորգիսյանը նշեց, որ պատերազմը պետք է թողնել որպես վերջին տարբերակ և շատ կարևոր է շարունակել բանակցությունները։ «Այն ինչ արվել է, կարելի է ասել, որ տրամաբանության շրջանակներում է։ Նույնիսկ այն լուծումը, որ վարչապետն առաջարկում է՝ ստեղծել անվտանգություն գոտի և այնտեղ կանգնեցնել դիտորդների, տրամաբանության սահմաններում է, բայց այս ամենին հասնելու համար պետք է ունենալ պետության ղեկավար, որը ընկալելի է, հասկանալի է և ում խոսքի վրա չեն կասկածում։ Չի կարելի գնալ բանակցել մի բան, գալ անել մի այլ բան։ Ի սկզբանե հայտարարվում էր, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց անում էինք ամեն ինչ՝ հարաբերությունները փչացնելու համար», - ասաց Գևորգ Գորգիսյանը։

Գորգիսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում կա երկու տարբերակ՝ պատերազմել կամ բանակցել; «Հասկանալի է, որ պատերազմի մենք պատրաստ չենք, բայց մենք պետք է պատրաստվենք նաև դրան, այսինքն պետք է վերազինենք բանակը, բանակը բերել պրոֆեսիոնալիզմի բարձրացման։ Եթե քայլերը արվում են ճիշտ, հաշվարկված և պրոֆեսիոնալ մակարդակով, ապա դրանք շատ արագ արդյունք են տալիս և մեկ տարին բավարար է բանակի վերակազմավորման համար», - նշեց Գորգիսյանը։

Գորգիսյանը նշեց, որ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով շատ կարևոր ճանապարհային խաչմերուկ է՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող, Հնդկաստանը Եվրոպային կապող կարևորագույն ուղի։ Խոսելով այդ ճանապարհների կառուցման և Ռուսաստանի շահերի հետ եղած հակասությունների մասին, Գորգիսյանն ասաց․ «Միշտ կարելի է գտնել փոխշահավետ տարբերակներ։ Այդ ճանապարհը այսպես թե այնպես կառուցվելու է։ Կառուցվելու է Հայաստանով կամ Ադրբեջանով։ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կառուցվի Հայաստանով և դրա համար պետք է աշխատել բոլոր մասնակից երկրների հետ՝ ՌԴ-ի հետ, Իրանի հետ, Չինաստանի հետ, Եվրոպական միության հետ։ Վարչապետի փոփոխությունից հետո մենք պետք է ամբողջովին վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը»։

Խոսելով Արցախում 4 տարի հետո ռուսական խաղաղապահ ուժերի հնարավոր դուրս բերման մասին, Գորգիսյանն ասաց, որ դա վատագույն տարբերակն է, բայց պետք է պատրաստ լինել նաև այդ սցենարին։ «Առաջին քայլը պետք է լինի բանակի վերազինումը, իսկ երկրորդը՝ դիվանագիտության ակտիվացումը։ Մենք պետք է հասնենք Մինսկի խմբի ակտիվացմանը, որովհետև Արցախի կարգավիճակի հարցը դեռևս հստակեցված չէ, բայց կարծես թե մենք ակտիվ քայլեր չենք ձեռնարկում այդ ուղղությամբ, որպեսզի Մինսկի խումբը իր համանախագահներով սկսի նորից ակտիվ աշխատել», - ասաց Գևորգ Գորգիսյանը։

Խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության արտաքին ուղղվածության մասին, Գորգիսյանը նշեց, որ ԼՀԿ-ն եղել և մնում է հայաստանամետ ուժ։ «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ Հայաստանին պետք են ժողովրդավարական ինստիտուտներ, մարդու իրավունքների գերակայություն, արդար դատական համակարգ։ Այս ամենը այն մոդելն է, որով կառուցված են եվրոպական պետությունները և մեզ պետք է եվրոպական մոդելի պետություն, բայց մեր տարածաշրջանը, մեր անվտանգային համակարգը ամբողջությամբ և մեր շահերը համընկնում են Ռուսաստանի Դաշնության հետ և չկա այլ միջազգային խաղացող, ով հետաքրքրված է այս տարածաշրջանում ունենալու ազդեցություն։ Այսօր Հայաստանը պետք է իր հարաբերությունները զարգացնի ՌԴ-ի հետ։ Մենք գտնվում ենք ՆԱՏՕ-ի դեմ ստեղծված անվտանգային համակարգում և սա մենք պետք է հաշվի առնենք», - ասաց Գորգիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան