Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված
համայնքը 2024 թվականի համար ներկայացրել է
շուրջ 11 միլիարդ դրամի սուբվենցիոն հայտեր, որից ներկայումս ընթացքի մեջ են 3,5 միլիարդ
դրամի աշխատանքները։
Աշտարակ խոշորացված համայնքում
մեծ թափով ընթանում են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները։ Համայնքի ղեկավարի
առաջին տեղակալ Շանթ Վահանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում
ներկա պահին համայնքի ղեկավարը շեշտը դնում է գյուղական բնակավայրերում առաջնային խնդիրների
լուծման վրա, որոնք կենսական նշանակություն ունեն տվյալ բնակավայրի համար։ Օրինակ՝
2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում երկու գյուղեր գազիֆիկացվել են զրոյից։
«Խմելու ջրի 2024 թվականի սուբվենցիոն
ծրագրի էական նշանակությունը այն էր, որ Արագած լեռան ակունքներից հարկավոր էր
12,5 կմ երկարությամբ ջրագիծ իջեցնել, որպեսզի մենք կարողանայինք Ուջան գյուղական բնակավայրի
վերևի մասը խմելու ջրով ապահովել։ Ծրագիրը ոչ միայն վերաբերում էր Ուջան բնակավայրին,
այլև Ավան և Լեռնարոտ բնակավայրերին, որովհետև չնայած այդ գյուղական բնակավայրերն ունեն
խմելու ջուր, բայց այս ծրագրի շրջանակում այդ բնակավայրերում խմելու ջրի որակի բարձրացման
աշխատանքներ են իրականացվելու»,- ասաց Շանթ Վահանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ներկա պահին շեշտը դնում են
նաև գյուղական բնակավայրերում մանկապարտեզների կառուցման վրա, որոնք կծառայեն մի քանի
գյուղերի։
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալն
ընդգծեց, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում թվով չորս խաղադաշտ է կառուցվել, որոնցից
մեկը՝ Բազմաղբյուր բնակավայրում, երեքը՝ Աշտարակ քաղաքում։
Խոսելով նաև սուբվենցիոն ծրագրերի
աշխատանքների վերահսկողության մասին՝ Շանթ Վահանյանն ասաց, որ բացի համապատասխան վերահսկողական
մարմիններից, իրենց համայնքի ղեկավարն անձամբ է իրականացնում տեխհսկողության աշխատանքներ,
շաբաթ-կիրակի օրերին շրջայցեր է կատարում հատկապես այն բնակավայրեր, որտեղ իրականացվում
են շինարարական աշխատանքներ, հետևում է ընթացքին։
Մենք զրուցել ենք նաև Աշտարակ
համայնքի Բազմաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Խոսրով Հարությունյանի հետ, որը
տեղեկացրեց, որ այս տարի գյուղի երկու փողոց է ասֆալտապատվել, որի որակից նա շատ գոհ
է, ինչպես նաև վերանորոգվել է Բազմաղբյուրի ֆուտբոլի դաշտը։ Նրա խոսքով՝ հին դաշտը
գործում էր, բայց ֆուտբոլ խաղալու համար այն առավել հարմարավետ դարձնելու ծախսերը չէին
կարողանում հոգալ, իսկ հիմա այդ խնդիրը լուծվել
է, և այնտեղ ֆուտբոլ են խաղում ոչ միայն իրենց գյուղի, այլև հարևան երկու գյուղերի
երեխաները, իսկ երեկոյան մարզումների ժամանակ ֆուտբոլի դաշտի հարակից հատվածը վերածվում
է զբոսավայրի։
«Նախկինում ես սիրողական ֆուտբոլ
խաղացել եմ։ Երևան քաղաքի չեմպիոն ենք եղել։ Մեր մանկության երազանքն էր սենց ֆուտբոլի
դաշտ ունենալը։ Փոքր ժամանակ մենք սպասում էինք, որ կոլտնտեսությունը խոտը քաղեր, գնայինք
մի տեղ ճարեինք՝ ֆուտբոլ խաղայինք»,- ասաց վարչական ղեկավարը։
Դաշտի մաքրությանը վարչական ղեկավարն անձամբ է հետևում՝ երեխաների հետ միասին, դաշտում
երեխաներն ամեն օր պրոֆեսիոնալ մարզչի հետ պարապմունքներ են անցկացնում։ Նկարահանումների
պահին դաշտում գտնվող երեխաները մեզ հետ զրույցում ասացին, որ երազում են ֆուտբոլիստ
դառնալ և արդեն նորոգված դաշտում մեծ հաճույքով են պարապում։
Խոսրով Հարությունյանը, որը նախկինում
զբաղվել է սիրողական ֆուտբոլով, ամեն օր երեխաների հետ ֆուտբոլ է խաղում։
Աշտարակ համայնքի Ղազարավան
բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ 2024 թվականի սուբվենցիոն
ծրագրով գյուղում իրականացվել է գազիֆիկացում և ասֆալտապատում։ Գյուղի բնակիչները մեզ
հայտնեցին, որ իրենց գյուղում շատ վաղուց ասֆալտապատում չէր իրականացվել։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան