ՀՅԴ-ն գործում է Հայաստանի անկախության դեմ․ Եթե այդ հայտարարությունը ճիշտ է, պետք է կասեցնել նրանց գործունեությունը

Civic.am-ի տրամադրության տակ է հայտնվել 2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված շրջաբերականը, որից ի հայտ են գալիս մի շարք ուշագրավ դրվագներ։


Այսպես, կուսակցությունը իր անդամներին ուղարկված շրջաբերականի կետերից մեկով հանձնարարում է ամեն ինչ անել սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տորպեդահարելու, դրա իրագործումը տապալելու համար. «Սահմանազատման, սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը երբեք չեն բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից, ուստի անհրաժեշտ է վիժեցնել այդ գործընթացը, իսկ նվազագույնը՝ խոչընդոտներ ստեղծել այդ գործընթացն առաջ մղելու ճանապարհին»։


Յուրահատուկ հիշատակման է արժանի նաև ՀՅԴ եռանդուն հավատարմությունը Ռուսաստանին և վերջինիս ազդեցության գոտիների պահպանմանը մեր տարածաշրջանում։ Մասնավորապես, կուսակցությունը արձանագրում է. «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։ ...Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշ նվազում...»։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ։


«Կուսակցությունները ՀՀ-ում գրանցում է պետական ռեգիստրը, որը գրանցում է միայն այն կուսակցություններին, որոնք գործում են բացառապես ՀՀ Սահմանադրության շրջանակներում և Կուսակցությունների մասին օրենքով։ Այս կուսակցության տարածած հայտարարությունը ՀՀ Սահմանադրության դեմ է։ Ես հիմա պահանջում եմ պետական ռեգիստրից և արդարադատության նախարարությունից կասեցնել Դաշնակցության գործունեությունը ՀՀ-ում։ Իրենք խախտել են ՀՀ Սահմանադրությունը և Կուսակցությունների մասին օրենքը»,- ասաց քաղաքագետը։


Նա նշեց, որ այս մարդիկ հեղափոխությունից հետո,  իսկ պատերազմից հետո առավել ևս և առավել մեծ եռանդով լծված են Հայաստանի պետականությունը տապալելու ռուսական նախագծով մի այլանդակ գործի և դա անում են ամեն տեղ, ամենուր՝ տարբեր ձևական պատրվակներով, վրաները գրելով՝ «Արևմտյան Հայաստանի ազատագրում», «Արցախի ազատագրում», «սահմանազատումը մեր տատու օրենքով պտի անենք» և այլն, բայց այդ ամենը պատրվակ է՝ ՀՀ լիկվիդացիան ապահովելու համար։


«Սա շատ ցավալի է կոնկրետ իրենց պարագայում։ Որովհետև ավելի լավ էր իրենք իրենց գլուխն ուտեին, ավելի լավ է հող ուտեն։ Դաշնակցությունը ֆունկցիա ունի. դա Առաջին հանրապետության հուշը քաշել բերելն է մեր օրեր, բայց դա վերածվել է բացարձակ հակապետական և վարքագծի մեջ նաև գործակալական մի հատ խմբավորման և գործում է Հայաստանի պետականության, անկախության և մասնավորապես Հայաստանի Սահմանադրության դեմ»,- հավելեց Հայկ  Սուքիասյանը։


Քաղաքագետը նշեց, որ նրանց ուզում է ասել՝ որ նրանք իրենց գլուխները պատին կտան, թե իրենք կարող են հաջողություն ունենալ, իրենք հաջողություն ունենալ չեն կարող, բայց ամեն դեպքում, եթե այդ հայտարարությունը ճիշտ է, որ ՀՀ-ն միութենական պետության մաս դառնա, ապա եթե ինքը լիներ իշխանություն, նրանք վաղուց ձերբակալվել էին։


«Բայց քանի որ ես չեմ իշխանությունը, բայց մենք ունենք արդարադատության նախարարություն, ես պահանջում եմ նախարարությունից նրանց գործունեությունը Հայաստանում կասեցնել»,- եզրափակեց Հայկ Սուքիասյանը։

 

Լիլիթ Թադևոսյան