ՀՀ քաղաքացին բարձրացել է Արարատ լեռը, հայտնվել կոմայի մեջ. թուրքական կողմի օժանդակությամբ ՀՀ կառավարությունը կազմակերպել է քաղաքացու անվճար տեղափոխումը Հայաստան

Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկություն է հայտնել Արարատ լեռը բարձրանալուց և իջնելուց հետո ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացու տեղափոխման վերաբերյալ։


«Մեր գործընկեր Gevorg Kalloshyan-ի սրտացավ աշխատանքի և Արտաքին գործերի նախարարության օպերատիվության շնորհիվ հնարավոր եղավ գրեթե մեկ օրում կազմակերպել Թուրքիայից օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը Հայաստան։


Արարատ լեռը բարձրանալուց և իջնելուց հետո քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել էր և հայտնվել էր դիաբետիկ կոմայի մեջ։


Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան»,- գրել է նա։


Վերջինս նկատել է, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքել է և որևէ խնդիր չի առաջացրել օդային միջանցք տրամադրելու հարցում։