Սեպտեմբերյան «The Show Must Go On»-ից առաջ, կամ՝ եկել է սրբազան շարժման «ճտերը» հաշվելու ժամանակը

Աշունը (մասնավորապես սեպտեմբերը)  տարվա այն եղանակն է, որն ասոցացվում է ուսումնական նոր տարվա՝ գիտելիքի,  բերքահավաքի, այն է՝  «ցանածը հնձելու», մեկ էլ՝ «ճտերը հաշվելու», այսինքն՝ արդյունքներն ամփոփելու հետ։ Աշնանը՝ սեպտեմբերին, ինչպես հայտնի է, իր «միտինգաշրջանն» է վերսկսելու նաև ընդդիմադիր «սրբազան  շարժումը», և, ինչպես դրա համաառաջնորդ Բագրատ Գալստանյանն է խոստացել՝ սեպտեմբերին իրականացնելու են այն, ինչը մայիսին չեն հաջողել իրականացնել։  Նկատենք, որ սա այն շարժումն է, որը հերթական անգամ ապացուցեց՝ տիտղոսային, նույն ինքը՝ ռևանշիզմով վարակված  ընդդիմությունը չունի իշխանափոխություն անելու  գիտելիքներ և ընդամենը զբաղված է 2018-ի հեղափոխությունը  նմանակելով, հետևապես քաղաքական պայքարի «նոր ուսումնական տարում» էլ, կարելի է կանխատեսել, սույն պայքարը ձախողելու է  «վերաքննությունը»՝ դրանից բխող  ապարդյուն «բերքահավաքով»՝ հիասթափություն, սեփական ապիկարությունն  ընդունելու փոխարեն զանազան անհեթեթ ու ճղճիմ պատճառաբանությունների վկայաբերում։ 


Մոտավորապես այսպիսի՝ իշխանական քարոզչամեքենան ահաբեկեց հանրությանն ու բանտարկեց,  բիրտ ուժ կիրառեց,  հեղինակազրկեց շարժումը (սրբազանն էր, չէ՞, պնդել, որ իշխանությունը իրենց դեմ «սև արշավի» նպատակով  50 միլիոն դոլար է ծախսել) և այսպես շարունակ։ Փաստ է, որ մայիսին «ցանված» իշխանափոխության «սերմերը» չեն ծլել, հետևապես աշնանամուտին խոսել  «ցանածը հնձելու մասին» անմտություն է։ Բայց այ նախքան սեպտեմբերյան միտինգաշրջանի մեկնարկը կարելի է աշնան հետ կապված մյուս գործողությունը կատարել՝ «հաշվել» սույն շարժման «ճտերը», այն է՝ «գույքագրել» այն նշանակալի  իրադարձությունները,  որոնք արձանագրվել են շարժման գերակտիվ ապրիլ-մայիսյան շրջանից սկսած մինչև հուլիս-օգոստոսյան այս պասիվ օրերը։ 


1. «Տավուշը հանուն հայրենիքի» անվանումը կրող այս քաղաքական միջոցառումը, ինչպես հայտնի է, մեկնարկել է Տավուշում, այդտեղ տեղի ունեցած սահմանազատման գործընթացը կասեցնելու համար։ Սակայն ինչ-որ պահի, երբ սահմանազատումը դեռևս շարունակվում էր, շարժման կազմկոմիտեն որոշեց թողնել «դեպքի վայրը»՝ Տավուշն, ու քայլերթով շարժվել դեպի Երևան։ Մայրաքաղաք հասնելուն պես, սակայն, սահմանազատման գործընթացի կասեցման  օրակարգով սկսված շարժումը փոխակերպվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի  պահանջով վերջնագրի։ Սև կապան սպիտակ հանդերձով  փոխարինած, խորհրդարանական ընդդիմության  կարկառուն ներկայացուցիչների հետ հյուրանոցում «առանձնացած» «սրբազան հայրը» «տեղ հասնելուն պես», ամրոցի պարիսպների տակ բանակած  միջնադարյան զավթիչների «վոժդերի» նմանությամբ «հանձնվելու»՝ հրաժարական տալու ուլտիմատում  ներկայացրեց ՀՀ վարչապետին՝ նրան տալով մեկ ժամ ժամանակ։  Սակայն, ինչպես դեպքերի ընթացքը ցույց տվեց, քաղաքական հաշվարկներում, այն էլ՝ ժամանակի միավորով արտահայտված, սրբազան հայրը սարսափելի կաղում է։ Նա, հիշեցնենք, հունիսի սկզբին խոստացել էր՝ «կվերջացնենք այս քանի օրը, մարդիկ սիրուն կգնան ամռանը հանգստանալու՝ թեթևացած, հրավառությամբ, սրտները հանգիստ, ուրախությունը սրտներում»: Իսկ օրեր անց արդեն որպես իշխանափոխության վերջնաժամկետ սահմանվեց 96 ժամը։ «Մեր՝ համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։ Մեր պահանջը մնում է հրաժարականը՝ չբացառելով քաղաքական լուծումների բոլոր հնարավոր տարբերակները, պատրաստ նաև քննարկելու այդ բոլորը։ Ընդամենը չորս օր՝ 96 ժամ, և մենք կունենանք հավերժական Հայաստանի սկիզբը պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած հայ ժողովրդի ճանապարհով՝ արժանի մեր հերոսներին, մեր ժառանգությանը, մեր գալիքին ու մեր հաղթանակներին»,- հայտարարել էր Գալստանյանը։


 96 ժամն էլ, սակայն, ժամանակի անկասելի օրենքի ուժով լրացավ, սակայն խոստացված իշխանափոխության և մյուս սենտիմենտալ երևույթների իրագործման փոխարեն շարժման կազմկոմիտեն  «ալիբի» ապահովեց մարող պայքարին  միացածներին տուն ուղարկելու համար։ Այն է՝ ԱԺ շենքի դիմաց հունիսի 12-ին շարժման մասնակիցների ու այդտեղ իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանության ուժերի միջև բախում տեղի ունեցավ, ոստիկանությունը ստիպված եղավ կիրառել հատուկ միջոցներ։ Կարճ ասած, հրաժարական չտվող իշխանության ձեռքերին ամեն գնով արյուն քսելու փորձը   ձախողվեց, և ամիսուկես տևած պայքարի «չոր մնացորդում» շարժումը ստացավ   «հունիսի 12=Մարտի 1» կակաֆոնիան և մեկնեց արձակուրդ։


2. Շարժման ակտիվ ընթացքը նշանավորվեց քաղաքական տարատեսակ ուժերի ու խմբակների հետ հանդիպումներով՝ միասնական «պլատֆորմ» ձևավորելու նպատակով, սակայն այդ «պլատֆորմը» քաղաքական խորհուրդը, այսինքն՝ շարժմանը միացած բոլոր քաղաքական օպոզիցիոն ուժերը միասին վերցրած, ինչպես պարզվեց, չունեն բավարար հանրային աջակցություն, այլապես գոնե մի 50 հազար մարդ փողոց դուրս կբերեին ու այդ մարդաքանակին հղում անելով համոզիչ կդարձնեին «Նիկոլ Փաշինյանն այլևս  չունի լեգիտիմություն» քարոզչական միֆը։ Ի դեպ, սրբազան հայրը հասցրեց հանդիպել ոչ միայն Սերժ Սարգսյանին (ըստ լուրերի՝ նաև Ռոբերտ Քոչարյանին), այլև հյուր գնալ շարժումը ողջունած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օջախ՝ ընթրիքի։ Այդ հանդիպումը, սակայն, ընթրիքային ֆորմատից չվերածվեց քաղաքական լայն համագործակցության, այլապես պարոն Ծառուկյանը գոնե ջուր կմատակարարեր սրբազանականներին՝ այսպիսով մասնակից դառնալով նախկին ռեժիմի վերադարձին միտված ավանտյուրային։


3. Շարժումը նշանավորվեց նաև անձամբ  Բագրատ Գալստանյանին առնչվող հատկանշական իրադարձություններով. պարզվեց, որ նա Կանադայի քաղաքացիություն ունի, ինչը սահմանադրական արգելք է վերջինիս՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու հավակնությունն իրացնելու ճանապարհին։ Պարզվեց նաև, որ բարձրաստիճան եկեղեցականի՝ Տավուշի թեմի առաջնորդի գործունեությունը (քաղաքականություն մտնելու հանգամանքով պայմանավորված) նրա իսկ խնդրանքով և  Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինմամբ կասեցվել է, նույնն է թե՝ սառեցվել է, և «սառեցված  սրբազանը» նորից կապասառեցվի այն ժամանակ, երբ... հայտնի չէ, թե երբ, բայց կարող ենք ենթադրել՝ երբ շարժումը կձախողի նաև աշնանային «եթերաշրջանն» ու Գալստանյանին այլ բան չի թողնի, քան ամոթով մնալն ու այն հաղթահարելու համար «դարձ  շրջանս յուր» մեթոդին դիմելը։ Այսինքն՝ նորից լանջախաչը կրելը, տաճար վերադառնալը՝  նախքան այդ ճգնակեցությամբ  մաքրվելով «քաղաքականության պիղծ անդաստանը» ոտք դնելու մեղքից։  

 

4. Ի դեպ, եթե չլիներ Բագրատ Գալստանյանի՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում ապաստանելը, ապա վերջինս «համազգային շուլուխի» գլխավոր հերոս չէր դառնա։ Առիթը, հիշեցնենք, սրբազանի կեցավայրում օրը ցերեկով «ժուչոկ» տեղադրելու  փորձի մասին հայտնի տեսանյութն էր, որը տարածել էր շարժման ֆեյսբուքյան էջը, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մակարդակից անտեղյակ սրբազանն էլ մեկնաբանել՝ միջադեպը որակելով որպես   իշխանության խայտառակություն։ Փաստորեն, սրբազանին գաղտնալսելու համար ՀՀ հատուկ ծառայությունները  որոշել էին  դիմել նման փնթի մեթոդի՝ հարայ-հրոցով, հռինդ-հռնչյունով իրազեկել եկեղեցու սպասավորին, թե՝ «քեզ լուրջ պահի, կարող ա պատահի՝ քեզ հետևում ենք»։


5. Ի դեպ, շարժումը այս ընթացքում ունեցել է նաև կորուստ. ոչ միայն աջակիցների, քաղաքական ակցիաների մասնակիցների թվի առումով, այլև՝ համաառաջնորդության։ Դեռևս Տավուշում շարժմանը միացած, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը հունիսի 12-ի դեպքերին ընդառաջ լքեց շարժման կազմկոմիտեն։ «Մարդիկ, ովքեր երբեք չեն եղել էս պրոցեսների մեջ, ոչ մեկին չի հետաքրքրել ոչ Ոսկեպարը, ոչ Կիրանցը, ոչ մնացածը, մեկ էլ հանկարծ եկել են, իրենց շուստրիությամբ ուզեցել են շարժում ուղղորդեն, շարժում տանեն։  Ես ու սրբազանն իրար երեսի ենք նայել, ասել ենք՝ սրանց խելքը նայի հլը։  Մենք ոչ մի բան չենք հասկանո՞ւմ, խելքը նայի հլը։  Ու նույնն էլ հիմա են անում։ Շարժումը ուղղորդված չէր իր խորքում, բայց տարբեր ուժեր շատ բացասական ազդեցություն են ունենում շարժման վրա»,-կայքերից մեկին տված հարցազրույցում մասնավորապես հայտարարել էր Պետրոսյանը՝ հավելելով՝ խորհրդարանական ընդդիմությունը բացասական ազդեցություն է ունենում շարժման հեղինակության վրա, այն փորձեց վերածել «Դիմադրության շարժում-2»-ի:


Մի քանի հատկանշական իրադարձության  մասին ևս նշենք. Բագրատ Գալստանյանն այս ընթացքում հասցրել է դատական հայց ներկայացնել civic.am կայքի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության) և կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի, ինչպես նաև ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ, հավաստիացրել է, որ դատական հայց է ներկայացրել նաև Նիկոլ Փաշինյանի դեմ (հունիսի 12-ի դեպքի վերաբեյալ ԱԺ-ում իր հայտարարության մեջ)՝ դարձյալ նույն պատճառով՝ իրեն զրպարտելու համար։  


Ի դեպ, եթե չլիներ այս շարժումը, հայ հավատավոր հոտը չէր իմանա, որ արքեպիսկոպոսը սիրում է գնդակը՝ միջին կարգի ֆուտբոլիստ է (մանկության տարիներից է խաղում), կարողանում է նաև սեղանի թենիս խաղալ, «սլուխից» էլ վատ չի՝ արտաբերում է  մասնավորապես Ֆրենկ Սինատրայի ու «Քուին» խմբի հայտնի երգերի մեղեդիներն ու նույնիսկ ծափերի արժանանում։ 


Հ. Մանուկյան