«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվեց. տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնվի

ՀՀ կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում հավանություն է տվել «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ ներկայացրած ծրագրին և որոշել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցնել։ 


Անշարժ գույքը տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով։

«ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող 4949,3 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք-շինություններն ու 444,5 գծամետր պարիսպը և 6664 քառ.մետր մակերեսով ֆուտբոլի դաշտը հետ կվերցվի ՀՀ ԿԳՄՍՆ «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ-ից»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:


ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքի շուկայական արժեքը գնահատված է 3 մլրդ 771 մլն 900 հազար դրամ։ Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է 3 մլրդ 036 լն 932.7 հազար դրամ։


Այս գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:


Այս տարածքում նախատեսվում է հիմնել «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա։ Անհատույց օգտագործման իրավունքով Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող տարածքը կտրամադրվի 25 տարի ժամկետով և շահագործման կհանձնվի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ–ին (գտնվելու վայրը՝ Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի փող., 34 շ.):


Ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։


ՀՀ կառավարության առաջարկությամբ Երևանի քաղաքապետը կաջակցի ՍՊԸ-ի կողմից իրականացվելիք շինարարական աշխատանքների գործընթացում: