ԼՂՀ-ում 2023 թվականի սեպտեմբերին տեղի
ունեցած ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիան ու դրա հետևանքով ԼՂՀ-ի բռնի տեղահանումը
դարձավ տխրահռչակ նոյեմբերի 9-ի հայտարարության տափանաքարը, որին, ինչպես առիթ ունեցել
ենք բազմիցս անդրադառնալու, նախորդել էր այդ
հայտարարության՝ ՌԴ-ին և Ադրբեջանին վերաբերող կետերը հենց իսկ նրանց նախաձեռնությամբ «թաղելու» գործընթացը։
Սակայն, ինչպես ցույց է տալիս դեպքերի հետագա ընթացքը, ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում զբաղված
են նեկրոմանտիայով (մահացածների հետ հաղորդակցություն), այլապես մեռելածին այդ հայտարարությունը հիշատակելիս նախ կվերհիշեին դրա տրամաբանությունը, «ոգին ու տառը»,
որոնք, ինչպես ասացինք, կոպտորեն, եթե կուզեք՝ առանձնակի ցինիզմով ու սադիզմով խախտվել
են Պուտինի և Ալիևի կողմից։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախօրեին պատասխանելով վկայակոչված հայտարարության մասին հարցին, որոշել է գործի դնել ինքզինքը ռետինե խողովակի տեղ դնելու հնարքն ու այդ կարգավիճակով էլ որոշ նկատառումներ հայտնել, ավելին՝ խոսել այդ հուղարկավորված փաստաթղթի կենսունակ լինելու մասին, ընդհուպ զգուշացնելով՝ «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են»։ «Արդյոք գործո՞ղ ենք համարում եռակողմ հայտարարությունը, այո, մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում 2020 թվականից մինչև 2022 թվականը, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,- ասել է տիկինը։ Զախարովան հավելել է նաև, որ չգիտի՝ Հայաստանում ինչ-որ մեկը պաշտոնական մակարդակով հրաժարվե՞լ է այդ համաձայնագրերից կամ պաշտոնական հայտարարությո՞ւն է արել առ այն, որ հիշյալ փաստաթղթերն այլևս վավերական չեն: Նա նշել է, որ այդպիսիք լինելու դեպքում ավելի առարկայական դիրքորոշում կհայտնեն, սակայն այս պահին Մոսկվայում նման բան չեն լսել:
«Հիշեցնեմ,
որ այս համաձայնագրերն ընդգրկում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների
կարգավորման բոլոր առանցքային ուղիները՝ ներառյալ խաղաղության պայմանագրի
զարգացումը, սահմանազատումը, սահմանի սահմանագծումը, տարածաշրջանում տրանսպորտային
հաղորդակցությունների ապաշրջափակումը և քաղաքացիական հասարակության միջոցով
շփումների զարգացումը»,- մեկնաբանել է ՌԴ պաշտոնյան։ Ուշագրավ է, որ Զախարովայի պես աչալուրջ դիվանագետը ծաղկաքաղի սկզբունքով է հիշատակում
իր երկրի ղեկավարի անձնական երաշխավորությամբ ընդունված «համաձայնագրերի» կետերը՝ մոռանալով հիշատակել մասնավորապես
նոյեմբերի 9-ի փաստաթղթի ամենաառանցքային կետը, որի շնորհիվ էլ ՌԴ-ն իր խաղաղապահ
առաքելությամբ ԼՂՀ ներխուժելու «լիցենզիա» ստացավ։ Տիկին Զախարովան եթե ցինիկ լինելու փոխարեն
ցուցաբերեր ադեկվատ վարք ու մի քիչ էլ զոռ տար հիշողությանը, ապա կարձանագրեր, որ
ՌԴ խաղաղապահ զորակազմը խախտել է
հայտարարության մասնավորապես 4-րդ կետը և դասալքության դիմել՝ ժամկետից շուտ
լքելով իր պատասխանատվության գոտին։ Ըստ այդ կետի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի
գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով
երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի
սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Մոտ 2 հազար թվաքանակով զորակազմի տեղակայման
ժամկետը պետք է ավարտվեր 2025-ին, բայց այս
տարվա ապրիլից սկսած արդեն խաղաղապահները «դո սվիդանիե» ասացին ԼՂՀ-ին՝ վերադառնալով
այնտեղ, որտեղից եկել էին։ Զախարովան, վստահ ենք, շատ լավ տեղյակ է նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասնավորապես 6-րդ կետի մասին, որը
սահմանում է ՌԴ զորակազմի վերահսկողության գոտին՝ Լաչինի միջանցք, առաքելությունը,
ինչպես նաև հայտարարության կողմ Ադրբեջանի պարտավորությունը՝ երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների,
տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի
անվտանգությունը: Թե ինչպես է ՌԴ խաղաղապահ
զորակազմն իրականացրել իր առաքելությունը մասնավորապես Լաչինի միջանցքում սկսած
2022-ի դեկտեմբերից, վստահ ենք, «ամենաինտիմ մանրամասներով» տեղյակ է տիկին
խոսնակը։
Տիկին Զախարովան, չգիտես ինչու, չի վկայաբերում
հայտարարության մյուս ոչ պակաս կարևոր կետերը՝ ռազմագերիների, պատանդների և այլ
պահվող անձանց վերադարձ, ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք
և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի
գրասենյակի վերահսկողության ներքո:
«Համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են», այն է՝ ՀՀ-ի ուղղությամբ մատ թափ տվող ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ու նրա վերադասը, տեղին է նկատելը, իրենց մատը կամ մարմնի այլ մաս թափ չէին տալիս Ադրբեջանի նախագահի ուղղությամբ, երբ վերջինս բլոկադայի էր ենթարկում Լաչինի միջանցքը, հետո էլ՝ անցակետ տեղադրում, կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ ու սպանում նրանց, օկուպացնում Խծաբերդն ու Փառուխը և այսպես շարունակ...
Հիմա, փաստորեն, տիկին Զախարովան որոշել է բծախնդրորերն նշել իր կողմից հիշատակված համաձայնագրերի այն կետերը,
որոնք շոշափում են ռուս-ադրբեջանական շահերը՝
«անփութորեն» մոռացության տալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի շահերի, իրավունքների կոպիտ ոտնահարումներն
ու անդառնալի հետևանքները։ Արդ, ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ստորագրությամբ համաձայնագրերի
կենսունակության, առավել ևս՝ դրանց ի կատար ածման մասին խոսելուց առաջ թերևս պետք է
վերադառնալ այն ստատուս քվոյին, որն առկա էր առնվազն նոյեմբերի 10-ի դրությամբ, և վերականգնել
նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունը, ինչը ենթադրում է, որ առաջին հերթին
ԼՂՀ պետք է վերադառնան ՌԴ խաղաղապահներն ու իրացնեն իրենց մանդատը, մասնավորապես երաշխավորեն ԼՂՀ հայության անխոչընդոտ ու անվտանգ վերադարձն
իրենց բնակավայրեր ու ապահովեն նրանց խաղաղ
կենսագործունեությունը։
Այնպես որ, տիկին Զախարովան կարող է հուշել իր վերադասին՝ այսօրվանից
սկսած այս հարցերի շուրջ երկկողմ կոնսուլտացիաներ սկսել՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև, իսկ
հայտարարության մնացած կետերի շուրջ քննարկումները՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում և այլն, թողնել ապագային։
Հայտնի ասացվածքը հուշում է. «Прослыви сначала ягненком; потом становись волком»։
Հ. Մ.