Այսօր հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի
և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի
ՍԴ։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ
Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Սա լավ նորություն է, միանշանակորեն
լավ, ողջունում եմ այս պայմանավորվածությունը, բոլոր առումներով, որովհետև սա ավելին
է, քան բուն թեմայի շուրջ պայմանավորվածությունը։ Բացատրեմ, թե ինչու։ Որովհետև ինձ
համար գոնե բացարձակապես ակնհայտ է, որ այս ճանապարհը, որն անցել են կողմերը և հասել
այս պայմանավորվածության, ուղեկցվել է նաև իրավաբանների և իրավագետների խորհրդատվությամբ,
և ես ուղղակի բացառում եմ, որ մեր ՍԴ-ն մերժի այս պայմանավորածությունը՝ իբր Սահմանադրությանը
չհամապատասխանող»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Իսկ սա, ըստ Ռուբեն Մեհրաբյանի,
նշանակում է, որ դրանով իսկ դուրս են գալիս Ադրբեջանի այն «պրետենզիաները» Հայաստանի
Սահմանադրության վերաբերյալ, ըստ որոնց՝ իբր մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ
կան Ադրբեջանի նկատմամբ, դա էլ քիչ է, մի բան էլ Թուրքիայի նկատմամբ։
«Որովհետև դա կնշանակի, որ Սահմանադրական
դատարանը որոշում է ընդունում ընդդեմ Հայաստանի
Սահմանադրության, եթե նայենք Ադրբեջանի տրամաբանությամբ։ Իսկ եթե դա այդպես չէ, ապա
Ադրբեջանի պրետենզիաները մեր Սահմանադրության վերաբերյալ ուղղակի սուտ են»,- ասաց Ռուբեն
Մեհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան