Կառավարությունը
հաստատեց Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմ» պատմական շենքի վերականգնման վերաբերյալ
Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագիծը։
«Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը դեռ ապրիլի 18-ին ֆեյսբուքյան գրառմամբ
տեղեկացրել էր, որ գյումրեցի Պետրոսյան եղբայրների միջնորդությամբ «Տաշիր» բարեգործական
հիմնադրամը ցանկություն է հայտնել վերականգնել, ամբողջությամբ հիմնանորոգել շենքը՝
բացառելով օտարման ու վարձակալության տարբերակները։
Առուշանյանը նշեց,
որ կառավարությունն իր նոր որոշմամբ չեղարկեց այլ հիմնադրամի և Ճարտարագիտական համալսարանի
համատեղ ծրագիրը, որը տեղից չէր շարժվում, և նոր որոշում կայացրեց՝ շենքի վերակառուցման
աշխատանքները լիազորել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին։
Շենքը վերակառուցելուց
հետո այն չի օտարվելու, նաև վարձակալությամբ չի տրամադրվելու։ Այն ծառայելու է որպես
պատմամշակութային կառույց։
Աշխատանքների ավարտի
նախնական վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականը։
«Տաշիր» բարեգործական
հիմնադրամը շենքը նույնությամբ վերակառուցելու և նվիրելու է պետությանը։ Դրանից հետո
միայն պետությունը կորոշի, թե շենքը որպես ինչ է ծառայելու։ Հստակ է, որ այն լինելու
է կրթական կամ պատմամշակութային կենտրոն։