ՀՅԴ
սկանդալային շրջաբերականի շուրջ ռեզոնանսները շարունակվում են։ Որոշ
դաշնակցականների արձագանքներից դատելով կարելի է անել հետևյալ եզրակացությունը՝
«ղալաթն» արել են, այժմ էլ տակից դուրս գալ են փորձում։ Ու քիչ է մնում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոս Իշխանի պես մուննաթ գան՝ «լավ ենք
արել, աչքն էլ հանել ենք»։ Իշխանը «լավ անել» ասելով նկատի ուներ Ռևազի ոչխարները
մորթելը, իսկ այ ընկեր դաշնակցականները «լավ անել» ասելով նկատի ունեն
Արցախին, անկախությանը, ՌԴ-ի կողմից
նախաձեռնվելիք ինչ-որ «միության» կազմում ՀՀ-ի և Արցախի ճակատագրերի լուծմանն
առնչվող՝ շրջաբերականում շարադրված շոկահարույց առաջարկներով հանդես գալը։ Ի դեպ, Իշխանի մասին, բայց ոչ թե Անտոնյան, այլ՝
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ՝ Սաղաթելյան։ Վերջինս հաստատելով շրջաբերականի իսկությունը
(այսինքն՝ ոչ «ֆեյք» լինելը)՝ կայքերից մեկի հետ զրույցում, հիշեցնենք,
փորձել է «ղալաթի»-ի օբյեկտից ուշադրությունը շեղելու համար տրյուկ անել,
թե՝ այն իրավապահների մոտ հայտնվել է
իրենց կուսակցության գրասենյակները խուզարկելու արդյունքում, ապաև հայտնվել է civic.am-ում (Ռևազի ոչխարներն
էլ պատահաբար էին խառնվել դրանք
մորթողների հոտին) և օգտագործվել
հակաքարոզչական նպատակով։ «Ընդ որում, էդ հայտնված թղթերը, ստեղ ա ամբողջ
խնդիրը, վերցնում են ինչ-որ նախադասություններ, ինչ-որ չգիտեմ ինչեր, սարքում են
ինչ-որ անհրաժեշտ ա իրենց համար հակաքարոզչություն անելու առիթով ու մեզ ասում են՝
եկեք, մեկնաբանեք»։ Եթե ընկեր Իշխանը՝
Սաղաթելյան, հաստատել է շրջաբերականի գոյությունը, ապա մեկ այլ ընկեր՝ 1991-ից ՀՅԴ
անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Լոնդոնի Կայսերական քոլեջն ավարտած, գործարար վարչարարության մագիստրոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արթուր Խաչատրյանը, մի կողմ դնելով իր դիպլոմներն ու կոչումները, որոշել է մեկնաբանել
«սուխոյ ատկազի» հնարքը կիրառելով, ավելի ճիշտ՝ ստելով, հերքելով այն, ինչը փաստ է,
և ինչը հաստատել են իր գործընկերները։ «Գիտեք՝ հիմա քանի հազար դրամով կարելի ա
հեռախոս գնել, որտեղ կարելի է... էդ խմբագրիչը կա, համակարգիչ կարելի է գնել շատ
էժան գներով, որտեղ կարելի է տեքստ հավաքել...»։ Այսինքն, ըստ Խաչատրյանի, շրջաբերականը
ինչ-որ մեկը նստել ու երևի իր տան
գարաժում շարադրել է, ապա Բյուրոյի անունից ուղարկել ՀՅԴ մարմիններին ու
ընկերներին։ Ճիշտ 90-ականների պես, երբ կեղծարարները օղի, փաստաթղթեր և այլ «անհրաժեշտ
ապրանքներ» էին կեղծում ինչ-որ խորհրդավոր
պադվալներում, դե իսկ «պիռատներն» էլ՝
ռաբիս երգիչների ձայնասկավառակները՝ դառնալով վատ որակի
երաժշտությունը էժանով տիրաժավորող։
134 տարեկան
կուսակցության անդամը, փաստորեն, հրաժարվում է խոստովանել շրջաբերականի փաստը,
գուցե այն պատճառով, որ ամոթալի, եղկելի, դատապարտելի է համարում այն ձևակերպումները,
որոնք կասկածի տակ են դնում իրեն ազգային ու պետականամետ հռչակած կուսակցության այդպիսին
լինելը։ Այսքանից հետո դե եկ ու մի ասա՝ ի՞նչ արժի դաշնակցականի խոսքը։ Մեկ այլ ՀՅԴ-ական պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանը,
սակայն, ի տարբերություն Խաչատրյանի, որոշել է «ծանոթագրության» հնարքը կիրառել ու
մասնավորապես արձագանքելով փաստաթղթի այն հատվածին, թե «պետք է աշխատանք տանել,
որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի և Հայաստանի ճակատագրերը
լուծվեն որպես մեկ ամբողջություն»՝ ծոր է տվել. «Հարգելի (լրագրողի անունը-խմբ.)
ջան, չի կարող որևէ նախադասություն տկլոր նախադասություն լինի, դրան նախորդող կետ
կա, չէ՞, որ՝ Արցախը չպետք է... ամեն ինչ պետք է անի հայությունը, որ Արցախը չլինի այն գինը, որով
հավանական միութենական պետության ձևավորման ժամանակ Ադրբեջանը կարող է մաս
կազմել»։ Ի դեպ, պարոն Մանուկյանը խեղաթյուրված է
մեջբերում իր իսկ կուսակցության շրջաբերականի այդ հատվածը։ Դրանում, նախ,
չկա «միութենական» տերմինը (Մանուկյանի
լեզուն մատնել է մտքինը), և բացի դրանից՝ «տկլոր այդ նախադասությանը» նախորդող
հատվածում բառացի նշված է. «Անհրաժեշտ է կենտրոնացնել ազգային ողջ ներուժը,
որպեսզի Արցախը չդառնա այն գինը, որի հաշվին Ադրբեջանը կարող է ինտեգրվել
Ռուսաստանի նախաձեռնելիք հավանական նոր միությանը։ Այդ նպատակով անհրաժեշտ է
Արցախում, Հայաստանում և Սփյուռքում սկսել նոր պայքար («Դիմադրություն» շարժումը,
փաստորեն, այդ «նոր պայքարի» դրսևորումն էր-խմբ.)։ Նկատի ունենալ, նաև որ
Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար
մշակել և գործադրել այն»։ Հաջորդ կետում արդեն իսկ մեջբերված հատվածն է՝ որպես առանձին կետ.
«Աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի և
Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։
Շրջաբերականի
հաջորդ դրվագին էլ՝ «ժամանակակից աշխարհում
տեղի ունեցած պետությունների համարկման գործընթացները, ազգային շահի դիտանկյունից,
երբեմն նաև ենթադրում են անկախության աստիճանի որոշակի նվազում», Մանուկյանի
արձագանքը շշմեցուցիչ է։ «Հիմա որ ասում են գնանք Եվրամիություն, Եվրամիությունն
ի՞նչ է»։ «Անկախության աստիճանի հսկայական նվազում է ենթադրում»՝ արձագանքում է
լրագրողը։ ՀՅԴ-ական պատգամավորն էլ ի պատասխան նկատում է՝ «բա ուր են գնում
Եվրամիություն, մյուսներին էլ քննադատում են, ասում են՝ բա էս ինչ եք անում։
Եվրամիությունն ի՞նչ է... (քթի տակ ծիծաղելով)»։ Փաստորեն, ինքնիշխանության, անկախության նվազում
ենթադրող, ՌԴ-ի կողմից նախաձեռնվելիք «նոր միության»
կազմում ՀՀ-ի և Արցախի ճակատագրերի «միասնական լուծումը»՝ «հեչ», իսկ այ, տասնամյակներով գոյություն ունեցող,
կայացած ինտեգրացիոն կառույց՝ Եվրամիություն
«գնալու» ՀՀ իշխանության ջանքերը՝ «մե՞ջ»։ Առաջինի դեպքում՝ «նո պրոբլեմ», երկրորդի դեպքում՝
«պրոբլեմ»։ Իսկը «դաշնակի լոգիկա»։
Գեղամ
Մանուկյանի լոգիկան հուշում է, որ ՀՀ-ն, փաստորեն, միտումնավոր ու սեփական
նախաձեռնւթյամբ զիջել կամ սակարկել է իր անկախությունն ու ինքնիշխանությունը՝ անդամակցելով
միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների, ասենք՝ Եվրոպայի խորհրդի (ի դեպ,
Ռոբերտ Քոչարյանի օրոք), ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի, Սևծովյան տնտեսական համագործակցության
կազմակերպության, ԵԱՏՄ-ի, դե իսկ 2017
թվականին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքմամբ էլ, փաստորեն,
Սերժ Սարգսյանը դրեց ու է՛լ ավելի թրաշեց նախքան այդ մի լավ թրաշված ու նվազեցված ՀՀ անկախությունը։ ...Սա ինչ
է, եթե ոչ՝ մառազմ։
Ի դեպ, ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա «Հայաստան» դաշինքի փաստացի ղեկավար Ռոբերտ
Քոչարյանն իր նախագահության օրոք առիթ է ունեցել քանիցս արտահայտվելու ՀՀ-ի՝ «եվրամիութենական» նկրտումների մասին,
սակայն քաջ գիտակցելով, որ ՀՀ-ն (իր պաշտոնավարման տարիների տնտեսական, իրավական և
այլ ցուցանիշներով) ԵՄ-ին անդամակցելու
համար «դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի»։
Նա մասնավորապես 2007-ին՝ իր նախագահության ավարտին, SPIEGEL ONLINE-ին տված հարցազրույցում հայտարարել
է՝ «մոտ ժամանակներում մենք մեր առջև Եվրամիություն մտնելու նպատակ չենք դնում։ Մենք ռեալիստ ենք»։ Նրա խոսքով՝ «Եվրամիության մուտքի առջև առանց
այդ էլ երկար հերթ է գոյացել»: «Ես կարծում եմ՝ ԵՄ-ն պետք է շունչ քաշի: Սակայն
մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ ավելի
բարձր մակարդակի դուրս գան»։
Գեղամ Մանուկյանն ու ՀՅԴ-ն տեսնես ժամանակին
ինչպես են մեկնաբանել Քոչարյանի այս հայտարարությունը։
Հ. Մանուկյան