Ալիևի հետ հանդիպումը կարող է կայանալ նաև հայ-ադրբեջանական սահմանին, պատրաստ եմ այս ձևաչափով հանդիպման. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում՝ դիտարկելով նաև Հայաստան–Ադրբեջան սահմանին հանդիպման տարբերակը: 


Փաշինյանն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով բանակցություններում միջնորդների վերաբերյալ հարցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ ՌԴ–ն ուրախ կլինի, եթե ինչ–որ բան կարողանա անել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար: 


  «Տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով: Ընդ որում, կարող ենք ասել, որ այդ երկկողմ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած ապրիլի 29–ի հայտարարությամբ: Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց: Կարծում ենք, որ պետք է կողմնորոշվենք այս հարցում, որովհետև ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում աշխատում ենք երկկողմ ձևաչափով: Քանի դեռ այդ ձևաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտը հենց այդ ձևաչափն է»,–ասաց Փաշինյանը: