Այս պահի դրությամբ, քանի դեռ մենք շփման գծում միջադեպերի վերահսկման մեխանիզմների ներդրման մասին խոսում ենք, նշանակում է՝ աշխատանքային մակարդակում կամ արձագանք չկա Ադրբեջանից, կամ արձագանքը բավարար չենք գնահատում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր տրամաբանությունը հասկանալի է, որովհետեւ եթե անընդհատ ադրբեջանական կողմը նշում է, որ կա հրադադարի ռեժիմի խախտում, Հայաստանն ասում է, որ չկա խախտում, ապա այս իրավիճակի ճիշտ հանգուցալուծումն այն է, որ ստեղծբի հետաքննության համատեղ մեխանիզմ, որ մենք ամեն դեպքը առանձին միասին քննելու և իրար հետ եզրակացությունների գալու հնարավորություն ունենանք: Այդ առաջարկն ուժի մեջ »,-ասաց նա:
Հարցին՝ ԵԱՀԿ խմբի լուծարման մասին ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, Փաշինյանը պատասխանեց. «Ընդհանրապես, խաղաղության համատեքսում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձեւաչափի գոյությունն իրոք, կարծում եմ՝ կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է: Որեւէ գործում պետք չի կառքը ձիուց առաջ դնել, հարց է, թե արդյոք արդյունավետ և ճիշտ ճանապարհ է այդ թեման քննարկման առարկա դարձնել հիմա, որովհետեւ կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք: Ադրբեջանն, օրինակ, ասում է՝ եթե Հայաստանը հենց հիմա չի համաձայնում Մինսկի խմբի համանախագահության լուծարմանը, նշանակում է՝ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի: Մենք տարածքային պհանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ»,-ասաց նա: