Բաքվի խայծը․ ԵՄ դիտորդների դուրսբերումը կնշանակի Ալիևի ձեռքերը վերջնական բացել

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի մասին համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Հիքմեթ Հաջիևը հավելել է, որ Հայաստանի հետ երկկողմ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Նա նշեց, որ առաջընթացի մասին հայտարարությունը հերթական խայծն է, դա Ալիևի քաղաքականությունն է ու դրա դիմաց՝ պահանջ։


«Այդ սահմանազատման հայեցակարգը, որ մշակվել է և համատեղ հանձնաժողովների աշխատանքի մասով հաստատվել է, դա ի՞նչ էր, դա էլ էր խայծ։ Հիմա մեզանից միանգամից դրա դիմաց պահանջում են ավելի մեծ բան։ Այսինքն՝ եվրադիտորդներին հանելը Հայաստանի տարածքից ի՞նչ է նշանակում։ Նշանակում է՝ Ալիևի ձեռքերը վերջնականապես բացել։ Այսինքն՝ այդ թույլ կապանքները, որ կան, դրանից էլ ազատել։ Նրանք դա են պահանջում։ Մի փոքր քայլ առաջ են անում և ուզում են՝ մենք երեք-չորս քայլ հետ գնանք, նահանջենք։ Սա է պահանջը, ընդամենը»,- ասաց քաղաքագետը։


Նա նշեց, որ անհնար է, որ նման պահանջը կատարվի, և հավելեց, որ Հայաստանի տարածքից մենք կարող ենք խնդրել, որպեսզի մեր գործընկերները հեռանան միայն մեկ դեպքում, երբ որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը վերջնականապես լինի սահմանազատված, երբ որ Տավուշից մինչև Մեղրի փշալարով կահավորված սահմանի լինի, և  Ադրբեջանը վերջնականապես մեզ հետ ստորագրի խաղաղության պայմանագիր, որտեղ հստակ սևը սպիտակի վրա նշված կլինի, որ նա որևէ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ չունի։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան