Սեյրան Օհանյանին պետք է հորդորել «Արցախի վրա խաչ քաշելու» մասին խոսելուց առաջ նախ խաչակնքել ու վերհիշել բանակում տեղի ունեցած խաչագողությունը

ԼՂՀ  անկախության հռչակման օրը էժանագին պոպուլիզմով,  ուռա-հայրենասիրությամբ  լեցուն, կարճ ասած՝ անադեկվատ  հայտարարությունների պակաս չզգացվեց։ Ակտիվ էին, բնականաբար, նախկին իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկները, որոնցից ոմանք  ի պաշտնե կոչված էին ու 20 տարի ժամանակ ունեին  լուծելու  Ղարաբաղյան կոնֆլիկտն ու վերարտադրվում էին հենց այդ հարցի շահարկմամբ։ Ոմանք էլ պատասխանատու էին նաև ԼՂՀ պաշտպանության համար ու զինված ուժերի կառավարման պատասխանատւ «պոստին» էին նստած, եթե կուզեք՝ «վեր ընկած»։    


   

 «Ովքեր որ այսօր անտեսում են Արցախը, որոնք Արցախի վրա խաչ են քաշել, դա ՀՀ իշխանություններն են, հայ ժողովրդի բարոյական շարքում տեղ չունեն»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան»  խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Պարոն Օհանյանը թե ինչ նկատի ունի «խաչ քաշել» ասելով, կարող ենք միայն ենթադրել, բայց նկատենք, որ  «խաչ քաշելուց» ու բարոյական շարքերից է խոսում մեկը, որը «հայ ժողովրդի բարոյական շարքում» դժվարությամբ կգտնի իր տեղը, եթե, իհարկե, գտնի։ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, առաջնագծի կահավորման մակարդակը, մեր ունեցած կորուստները մասնավորապես հյուսիսային ու հարավային ուղղություններով լավագույնս ցուցանեցին, թե ովքեր ու ինչ հաստությամբ ու խորությամբ  էին խաչ քաշել Լեռնային Ղարաբաղի, այն պահող զինվորի կյանքի վրա։ Վերից վար կոռումպացված իշխանական համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյան տեսնես ի՞նչ որակում էր տալիս  բանակի հաշվին հարստություն դիզողներին, «ատկատներին»  ու հովանավորչությանը և, կամ, ասենք, տանկերի մարտկոցների, դիզվառելիքի  վաճառքին, զինվորի բաժինը գողանալուն,  անորակ համազգեստ ու կոշիկ, ներքնակ ու սնունդ մատակարարելուն, գերթանկարժեք «ջիփերով» երթևեկող, պալատներ կառուցող  ու որովայնի ճարպի շերտը հաստացնող գեներալներին՝ «խաչ քաշե՞լ», թե՞ քստմնելի  խաչագողություն։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակի մասին բլեֆով Արցախի ու ՀՀ ժողովրդին տարիներ շարունակ կերակրած ու բթացրած, ծնունդով արցախցի  իշխանության ներկայացուցիչն  իրավունք ունի՞ խոսելու Արցախի անտեսման մասին՝ անտեսելով վերոթվարկյալ իրողությունները։


Սեյրան Օհանյանին թերևս պետք է բարեկամաբար հորդորել ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել  բարոյականության, խաչի և այլ «բարձր մատերիաների» մասին խոսելուց,  Արցախն անտեսելու, Արցախին մենակ թողնելու և այլ՝ նմանատիպ մտակառույցներ շարադրելուց առաջ  նախ խաչակնքել ու կոպեկ առ կոպեկ հիշել այն միլիոնները, որոնց ապօրինի ծագման հետևանքով ինքը՝ նախկին նախարարը, այսօր կանգնել է Հակակոռուպցիոն դատարանի առաջ՝ պատասխանողի կարգավիճակում։


Արցախի վրա խաչ քաշածներն այսօր ուզում են իշխանությունը զավթել, որ ի՞նչ անեն, Արցախի վրայից մաքրե՞ն «իշխանության քաշած խաչը»,  թե՞ իրենց տերերի հետ համագործակցաբար մի խաչ  էլ Հայաստանի վրա քաշեն։

Ե. Ա.