ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի քաղաքական
ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ հայտարարել
է, որ մի
բան արդեն իսկ պարզ է. եթե հայ ժողովուրդը շարունակի ապրել այսպես, մեծն Թումանյանի
խոսքերով ասած՝ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», շատ շուտով կփակի իր անկախ
պետականության վերջին էջը։
«Բոլորս տեսանք, թե ինչպես մեր հաղթական ազատամարտը
ստորադասվեց 2018-ին կատարվածին»,- ասել է Ռուստամյանը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի
հետ։
«Վերջերս հենց ձեր լրատվամիջոցում տարածվեց Արմեն Ռուստամյանի
հարազատ կուսակցության՝ դաշնակցության ներքին շրջանառության փաստաթուղթը, որտեղ, ըստ
էության, խոսվում էր Հայաստանի անկախության նվազեցման կամ անկախության շեմի նվազեցման
մասին, և այդ կուսակցության ներկայացուցիչը, կարծում եմ՝ իրավունք չունի խոսել։ Ընդ
որում, այդ փաստաթղթի վերաբերյալ կարծեք թե պաշտոնական հերքումներ էլ չեղան, մի քանի
դաշնակցականների կցկտուր մանիպուլյացիոն հայտարարություններ կամ հարցազրույցներ եղան,
բայց պաշտոնական հերքում տեղի չունեցավ։ Եվ ահա այդ կուսակցությունը, որը կողմ է Հայաստանի անկախության մակարդակի նվազեցմանը
և Հայաստանը ռուս-բելառուսական միութենական պետության անդամ դարձնելուն, խոսում է պետականությունից,
անկախությունից և անկախության էջը փակելուց»,- ասաց քաղաքագետը։
Վերջինս կարծում է, որ այլևս ժամանակն է Հայաստանում հենց նման
կուսակցությունների փակման գործընթաց սկսելու, ժամանակն է՝ նման գործիչների բերանը
փակելու գործընթաց սկսելու, քանի որ հենց իրենք են իրենց գործունեությամբ նպաստում
Հայաստանի անկախության ու պետականության
իրենց ձևակերպմամբ վերջին
էջի փակմանը։
Խոսելով նաև Արմեն Ռուստամյանի այն հայտարարության մասին, որ
պետք է որդեգրել երկրի զարգացման համար ազգային-պետական ուղեգիծ, քաղաքագետն ասաց․ «Ընդհանրապես, երբ որ մարդիկ սկսում են խոսել ազգայինից, պետականից
և այլն, և այլն, մենք հասկանում ենք կամ պատմությունը ցույց է տվել, որ այդ մարդկանց
նպատակը լրիվ հակառակն է։ Եվ կարծում եմ՝ հայկական աշխարհից խոսելուց կամ հայ ժողովրդին
խաբելուց կամ նման բաներից խոսելուց առաջ պետք է հիշել, որ իրենց կառավարման առնվազն
20 տարիները դա հայ ժողովրդին խաբելու, հայ ժողովրդին հարստահարելու, հայկական պետականության
հիմքերը խարխլելու ժամանակահատված է եղել»,- հավելեց Էդգար Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան