Ընդդիմությունը՝ ՀՅԴ-ի գլխավորությամբ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրվա
կապակցությամբ «Վերադարձ» խորագրով միջոցառում անցկացրեցին։ Իշխան Սաղաթելյանը՝ ինչպես
նաև Արցախի թեմի առաջնորդը բարձրացրեցին Արցախի վտարանդի կառավարության ձևավորման հարցը։
Իշխան Սաղաթելյանն իր խոսքում ասաց․ «Արցախի
պետական ինստիտուտները պետք է պահպանվեն, պետք է ապահովվի Արցախի ժողովրդի ընտրության
արդյունքում ձևավորված մարմինների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Էմմա Պալյանը civic.am-ի հետ զրույցում ասաց, որ այս մտքերը նոր չեն ու ընդդիմությունը
պարբերաբար եղանակի հետ համահունչ վերադառնում է քաղաքական կյանք ու փորձում ինտրիգներ
ստեղծել։ Միաժամանակ պատգամավորն ասաց․ «ՀՀ-ում գործում է միայն ու բացառապես Հայաստանի
ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ու կառավարություն ու այդտեղ քննարկման առարկա
չի կարող լինել»։
Պատգամավորի կարծիքով որևէ վտարանդի իշխանության կարիք չկա։
Իշխան Սաղաթելյանը պնդել էր նաև, որ գործընթացը,
որն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց չէ։ Հնարավոր չէ
խաղաղության հասնել մի ուժի հետ, որը ուզում է ոչնչացնել ՀՀ-ն։ Խաղաղությունը, ըստ
Սաղաթելյանի, պետք է պարտադրվի։
Պալյանը նշեց, որ ընդդիմությունը, սովորության
համաձայն, փորձում է շահարկել Արցախի հարցն ու իշխանություն զավթել։
«Կարծում եմ, նրանք հերթական անգամ՝ ինչպես
տարիներ շարունակ, փորձում են այս թեման անընդհատ շահարկելով իշխանություն զավթել։
Իրենք փորձում են ԼՂ թեման անընդհատ շահարկելով ներքաղաքական լարվածություն ստեղծել,
բայց ևս մեկ անգամ հիասթափեցնելու եմ իրենց, որովհետև մեր քաղաքացիները այնքան իմաստուն
են, որ բազմաթիվ անգամ նրանց պատասխանը տվել են։ Կարծում եմ՝ նրանք անտեղի ժամանակ
ու ռեսուրս են վատնում», - ասաց Էմմա Պալյանն ու ավելացրեց․ «Մեր հույսը, մեր թիկունքը
մեր իմաստուն քաղաքացիներն են, որոնք շատ լավ գիտեն, հասկանում են, թե ով ինչ է ուզում
և ուր է փորձում վարչապետը տանել մեր երկիրը, և ուր են ուզում տանել մեր երկիրը այն
մարդիկ, ովքեր նման ստահոդ լուրեր են տարածում»։
Խաղաղություն պարտադրելով՝ ասել ընդդիմությունը
պատերազմ նկատի ունի։ Ըստ պատգամավորի՝ ընդդիմության
քայլերը ցույց են տվել, որ նրանք անընդհատ պատերազմի են դրդում, որը Հայաստանին պետք
չէ։
Էմմա Պալյանն անկեղծանալով ասաց՝ սպասում են
ընդդիմությանը փողոցում․ «Եղանակը նպաստում է դրան, բայց իշխանությանը դա չի անհանգստացնում։
Անդրադառնալով «Սրբազան պայքարի» նախկին առաջնորդներից
Սուրեն Պետրոսյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են առաջնորդել
պայքարն ու իրենք իրար մեջ լուրջ խնդիրներ ունե՝ Էմմա Պալյանն ասաց, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը նորություն
չեն։ Բազմիցս են իրենք բարձրաձայնել, որ նախկին նախագահներն են կանգնած շարժման թիկունքում,
իսկ Քոչարյանի և Սարգսյանի միջև տարաձայնությունները նկատելի են անգամ նախկին նախագահների
ղեկավարած խորհրդարանական խմբակցությունների միջև։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան