Իրանի արտգործնախարարի օգնական
և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Դեմիրչիլուն հայտնել է Թեհրանի աջակցության
մասին տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը և նշել, որ Իրանը դեմ է միջազգայնորեն
ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոջթաբա Դեմիրչիլուն
երկուշաբթի երեկոյան՝ Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպման ժամանակ,
նաև ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին
ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:
Վերջին օրերին էլ իրանական մի
շարք լրատվամիջոցներ, հղում անելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը,
հայտարարեցին, որ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Կովկասյան
տարածաշրջանում տրանսպորտային միջանցքի բացման մասին։ Նաև խոսել են Ադրբեջանի արևմտյան
շրջանները և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Հայաստանի տարածքով կապող, այսպես կոչված, «Զանգեզուրի
միջանցքը» կյանքի կոչելու գաղափարի շուրջ։
Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների այս
խոսակցությունը չի վրիպել իրանական դիվանագիտական և լրատվական շրջանակների ուշադրությունից,
հատկապես երբ նկատի ունենանք, որ Իրանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է՝
կտրականապես դեմ է այս միջանցքի բացմանը և
այն համարում է «Իրանի և Հայաստանի միջև ավանդական սահմանների խախտում։ Քննադատելով
«Զանգեզուրի միջանցքին» Ռուսաստանի աջակցությունը՝ Իրանի մի շարք լրատվամիջոցներ հայտարարել
են, որ Ադրբեջանի պնդումը, թե դրա գործարկումը եղել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի
հետ կապված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հրադադարի համաձայնագրի մի մասը, «կեղծ» է։
Թեհրանում բնակվող իրանագետ,
վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը այս առնչությամբ
civic.am-ի հետ զրույցում նկատեց. «Ուկրաինական պատերազմում զարգացումներից հետո «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ
ՌԴ դիրքորոշման փոփոխությունը պետք է պայմանավորել
պատերազմի պատճառով ՌԴ համար կապուղիների հասանելիության սահմանափակմամբ և միջազգային ոլորտում մեկուսացմամբ, մյուս կողմից
էլ՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ գործադրվող բազմակողմանի տնտեսական պատժամիջոցներով։
Համաշխարհային հանրության կողմից Մոսկվայի նկատմամբ գործադրվող քաղաքական ճնշումը ստիպել է այս երկրին փորձել այս կրիտիկական պայմաններում Բաքվին դարձնել
իր առանցքային դաշնակիցը Կովկասյան տարածաշրջանում։
Եվ սա մի իրավիճակում, երբ Ադրբեջանը ռազմական,
քաղաքական ու տնտեսական իր հարաբերությունները վերջին մի քանի տարիներին ավելի է ընդլայնել
Իրանի թիվ մեկ թշնամի Իսրայելի հետ»։
Վերլուծաբանի խոսքով՝ «ռուս-ուկրաինական
ճակատում իրավիճակի վատթարացմանը զուգահեռ, Ռուսաստանը վերջին մի քանի օրերի ընթացքում
ակնհայտորեն փորձում է Ադրբեջանին դրդել կրկին հարձակում իրականացնել Հայաստանի սուվերեն
տարածքի վրա, Սյունիքի մարզի ուղղությամբ, բացել, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք»-ը
և այն հանձնել Ռուսաստանին, որպեսզի անարգել կապ հաստատի իր մյուս վաղեմի բարեկամ և
գործընկեր Թուրքիայի հետ»։ Միաժամանակ Ադրբեջանը և հատկապես Ռուսաստանը այս պահին փորձում
են անտեսել Իրանի շահերը Կովկասյան տարածաշրջանում, Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի
տարածքից անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհի անցկացման միջոցով Իրանին կախվածության մեջ
պահել Մոսկվայից և Բաքվից։
Ըստ մեր զրուցակցի՝ եթե այս միջանցքը
կառուցվի և ավարտին հասցվի, ապա կխափանվի Իրանի տարածքով Ադրբեջանի բեռները Նախիջևան
փոխադրելու տարանցիկ և ռազմավարական դերը,
իսկ «Զանգեզուրի միջանցք»-ի անցումով զգալիորեն կթուլանա իրանական ապրանքների՝ Հայաստանի
տարածքով արտահանման հարցում Իրանի դիրքը,
ինչի հետևանքով Իրանը գործնականում կկորցնի իր ազդեցության հաղթաթուղթը։ «Զանգեզուրի
միջանցք»-ի մասին Ռուսաստանի հայտարարություններն ավելի բացահայտ են դարձել և ամրապնդել
են կասկածները, որ Կովկասում այդ երկրի քաղաքականությունը հիմնարար փոփոխության է ենթարկվել։
Իհարկե, հավանական է, որ Իրանի նոր նախագահ Փեզեշքիանը ՌԴ կատարելիք այցի ժամանակ կներկայացնի ԻԻՀ դիրքորոշումները ռուսների այս գործողության վերաբերյալ։
Իրանական կողմի համար արդեն ընդունված փաստ է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը լրիվ կեղծ երթուղի է։ Իրանի կառավարությունն իրավունք
ունի և պետք է պահպանի իր պատմական սահմանները Հայաստանի հետ։ Թուրքա-ադրբեջանական
նախաձեռնությամբ և Ռուսաստանի աջակցությամբ այս կեղծ միջանցքի կառուցումը ոչ միայն
կհանգեցնի Հայաստանի տարածքով անցնող Իրանի հյուսիս-հարավ միջանցքի կորստին, այլև կփակի
դեպի Եվրոպա և Սև ծով նավահանգիստները Իրանի Չաբահար նավահանգիստը կապող մայրուղին
և Իրանի ու Հայաստանի ուղիղ սահմանը։ Սա միանշանակորեն դեմ է Իրանի տարածաշրջանային
տնտեսական քաղաքականությանը»։
Շահմուրադյանը կարծում է՝ «Իրանում
հասկացել են, որ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները թուլացնելու նպատակով ՌԴ-ի
հանդեպ զուգամերձության իրենց քաղաքականությունը
կարող է ինչ-որ տեղ ի շահ Իրանի թշնամիների և ի վնաս Թեհրանի խախտել աշխարհաքաղաքական
հավասարումները։ Այս իրադրությունից ելնելով էլ Իրանը զգուշացրել է, որ «Զանգեզուրի
միջանցք»-ի հետ կապված Ռուսաստանի շրջադարձը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունն
ի վնաս Իրանի։ Իրանագետի համոզմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջ քաշվող և, ստացվում
է, Ռուսաստանի կողմից հովանավորվող, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքը» «բացելով» Մոսկվան
ուղիղ երկաթուղային կապ կունենա Թեհրանի հետ, որը զենքի կարևոր մատակարար է դարձել
Ուկրաինայում կռվող ռուսական ուժերի համար:
«Փաստորեն, այս հյուսիս-հարավ
առանցքը վերակենդանացնում է այն, ինչը ժամանակին՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ,
հայտնի էր որպես «Պարսկական միջանցք»։ Ճանապարհային և երկաթուղային երթուղի, որն անցնում
է Իրանի հյուսիսից Ադրբեջանի Հանրապետության տարածքով դեպի Ռուսաստան, և իրականում
ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի վարկային-վարձակալության
օգնության պլանով: ԱՄՆ-ն և Բրիտանիան օգնեցին Խորհրդային Միությանը Երկրորդ համաշխարհային
պատերազմի ժամանակ, ճակատագրի տարօրինակ շրջադարձով այս առանցքը այժմ կենսական նշանակություն
ունի Մոսկվայի համար ԱՄՆ-ի և Արևմուտքի դեմ ներկայիս պայքարում: Եթե նման ծրագիր իրականացվի, դա կնշանակի Ադրբեջանի
և Ռուսաստանի համակարգված վերահսկողություն Հայաստանի հարավային սահմանին, ինչը մղձավանջ
է թե՛ Հայաստանի, թե՛ Արևմուտքի համար։ Հայերը կկորցնեն վերահսկողությունը կարևոր ռազմավարական
սահմանամերձ շրջանի նկատմամբ։ Հայաստանը միայնակ ի վիճակի չէ կանխել ռուսական և ադրբեջանական
գործողությունները, այս ամենը հակասում է Իրանի
և Հայաստանի համատեղ շահերին, ուստի Իրանը փորձում է, դեմ կանգնելով ադրբեջանա-ռուսական
միակողմանի նախագծին, իր դերակատարությունը ապահովել Կովկասյան տարածաշրջանում կապուղիների
ապաշրջափակման և երկաթուղիների վերաբացման գործընթացներում։
Ահա հիմա կարող ենք հասկանալ, թե ինչու Իրանը, հարգելով
դիվանագիտական պրակտիկան և փորձելով չանհանգստացնել
իր գործընկեր Մոսկվային, ԱԳ նախարարություն է կանչել Թեհրանում ՌԴ դեսպանին և նրան
հասկացրել Իրանի մտահոգությունները և սկզբունքային մոտեցումը Կովկասյան տարածաշրջանի
իրադարձությունների վերաբերյալ»։
Հ. Մանուկյան