Ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի
միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը։ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց, որ այնտեղ հերթական անգամ նշված
է Ալմա Աթայի հռչակագրի համաձայն գործընթացն առաջ տանելու դրույթը։
Դա, ըստ պատգամավորի, կարևոր
է նրանով, որ ամրագրվում է սահմանազատման սկզբունքը՝ սահմանները վերագծել Խորհրդային
Միության վարչատարածքային սահմաններով։
Անդրադառնալով ընդդիմության թեզերին,
թե հնարավոր չէ Ադրբեջանի հետ խաղաղության հասնել այն դեպքում, երբ Ադրբեջանն ուզում
է ոչնչացնել Հայաստանը, Աղազարյանն ասաց, որ
խաղաղության հաստատումը միայն փաստաթուղթը չէ։ Դա իրենից ենթադրում է նաև Հայաստանի
տնտեսական զարգացման, պաշտպանական հնարավորությունների ավելացման, աշխարհաքաղաքական
դիվերսիֆիկացիայի արդյունքում Հայաստանի կարողությունների ավելացում՝ փաստաթղթի հետ
միաժամանակ։
Պատգամավորը նկատեց, որ ընդդիմությունը
իր տարբերակը չի առաջարկում։ «Եթե քննադատում են, թող բարի լինեն նաև ճանապարհը ասել։
Օրինակ, եթե ասեն՝ կգանք իշխանության, Հովիկ Աղազարյանին կմորթենք, Ստամբուլը կսարքենք
արյան ծով ու Արցախի հարցը կլուծենք՝ ես համաձայն եմ գնալ այդ զոհողությանը, բայց եթե
չեն ասում, թող ձենները կտրեն, վեր ընկնեն տեղները»,- ասաց Աղազարյանը։
Միաժամանակ պատգամավորն ասաց,
որ պետք չէ ֆետիշացնել խաղաղության փաստաթուղթը, շատ ավելի կարևոր է այն գործընթացը,
որը գնում է, քանի որ այդ ընթացքում ակնհայտ է լինում, թե կողմերից որը ինչ է ուզում,
և ինչքան անկեղծ են իրենց մղումներում։
«Կապիկություն է Ադրբեջանի ռազմաքաղաքական
ղեկավարության կողմից, որ վախենում է Հայաստանն այնքան զինվի, որ Թուրքիա-Ադրբեջան
տանդեմի համար սպառնալիք դառնա։ Եվ այդ կապիկությունն ամբողջ աշխարհն է տեսնում, ու
դա աշխարհի կողմից լուրջ չի ընկալվում»,- ասաց Աղազարյանը։
Պատգամավորը դեմ է նաև Հայաստանում
Ղարաբաղի վտարանդի կառավարության ստեղծմանը։ Ըստ նրա՝ այդպիսով Ադրբեջանի ձեռքին մենք
ավելորդ «զենք» ենք տալիս։
Հիմա Ադրբեջանը չի հարձակվում
Հայաստանի վրա, քանի որ քաղաքական ռեսուրսը չի բավարարում, իսկ հարձակման համար պետք
է ոչ միայն ռազմական գերակայություն, այլև՝ քաղաքական, որը Ադրբեջանը չունի Հայաստանի
կողմից ճիշտ վարվող արտաքին քաղաքականության արդյունքում։
Ըստ պատգամավորի՝ հայ հասարակությունը
իմաստնացել է, ու ինքն է որոշելու՝ երբ փոխի իշխանությունն ու ինչպես։ Ընդդիմությունից
շատ լուրջ բաներ պետք չէ սպասել։ Նա Բագրատ Գալստանյանին առաջարկեց ձերբազատվել Ռոբերտ
Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ազդեցությունից և մասնակցել 2026 թվականի ընտրություններին։
«Շատ դեպքերում բազմաթիվ քաղաքացիներ
դիմում են մեզ, թե Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին բոբո եք սարքել ու մեզ տուպիկ
եք մտցնում, թե պետք է ձեր ու իրենց մեջ ընտրություն կատարեք։ Բայց դա մենք չենք ստեղծել,
դա իրողությունն է։ Թող ծնվի քաղաքական ուժ՝ ի դեմս Բագրատ Գապոնի, ասի՝ Աղազարյան
Հովիկն ու Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու
Նիկոլ Փաշինյանը նույն քաղաքական ուժն են, մեզ դուրս մղի քաղաքական պայքարից
ու գա իշխանության, բայց հարցն այն է, որ ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան