ՀՅԴ-ն գեղեցիկ բառերով քողարկում է այն հակապետական գիծը, որը հայտնի դարձավ շրջաբերականից․ իրենցը պուտինյան ուղեգիծն է

Օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր դաշնակցական Արմեն Ռուստամյանը հետևյալ հայտարարությունն է արել. «Պարտվածը և պարտություններ բերողը մեր ժողովրդին չպետք է ղեկավարի։ Պետք է փոխել ժողովրդին խաբած, իր իսկ նախընտրական խոստումներից և հռչակած ծրագրային նպատակներից հրաժարված, այլևս ոչ լեգիտիմ գործող այս վարչախումբը և, քանի դեռ ուշ չէ, որդեգրել երկրի զարգացման համար ազգային-պետական ուղեգիծ»։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։ 


«Մի կողմ եմ թողնում, որ Արմեն Ռուստամյանը և Դաշնակցությունը երկու տասնամյակ եղել են առնվազն իշխող կոալիցիայի քաղաքական խմբի անդամ և 20 տարի շարունակ կրկին երեսպաշտությամբ են զբաղվել ազգային-պետական և այլ ճոխ բառերի ներքո, որովհետև հիշում եք՝ 1998 թվականին խոստանում էին հռչակել ազգային գաղափարախոսություն։ Կարո՞ղ եք ասել՝ 20 տարի հետո էդ ո՞ւր կորավ իրենց մշակած ազգային գաղափարախոսությունը։ Ազգային գաղափարախոսությունը չմշակած, հիմա էլ անցել են ազգային-պետական ուղեգծի՞ն»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։


Նա նշեց, որ ուղեգիծը վեկտոր բառն է, շատ խորամանկորեն են  օգտագործում բառերը, չեն ասում ազգային գաղափարախոսություն, չեն ասում ոչ Արևելք, ոչ Արևմուտք, ոչ Հյուսիս, ոչ Հարավ, ուղղակի ուղեգիծ։


Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ դա ուղղակի քողարկում է այն ստոր հակապետական գիծը, որը հայտնի դարձավ ՀՅԴ-ի վերջին շրջաբերականից, և քանի որ բուռն քննադատությունների ենթարկվեցին, այժմ ուղղակի չեն կարող բառացիորեն մեջբերել իրենց հակապետական, հակահայաստանյան և հակահայկական այդ թեզերը, դա քողարկում են այդպիսի գեղեցիկ բառերի ներքո, որպեսզի մոլորության մեջ գցեն։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան