Ադրբեջանի առաջ դարպասները բացելու լիազորությունները տրված են Դաշնակցությանը

Ալմա Աթայի հռչակագիրը ենթադրում է հստակ գործընթաց՝ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական։ Դա մի գործընթաց է, որը տեղի է ունեցել հստակ քարտեզներով, և այդ քարտեզներն են, որ պետք է կիրառվեն ողջ գործընթացի ընթացքում։ Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման կանոնակարգում քարտեզների բացակայությանը՝ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։


Պատգամավորը ուշադրություն հրավիրեց Ալիևի ելույթներից մեկին, որտեղ վերջինս նշում էր, որ եթե Հայաստանը չի ցանկանում ճանապարհների վրա ռուսական ներկայություն, ապա նրանք դա հասկանում են։ Այսպիսով, պատգամավորը որոշակի հետքայլ է նկատում Ադրբեջանի հռետորաբանության մեջ՝ կապված միջանցքի հետ։  


Արդյոք Հայաստանը չպե՞տք է հետ կանչի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։ Ղազարյանի կարծիքով՝ այս պահին նման անհրաժեշտություն չկա։ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վավեր փաստաթուղթ է։ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում, գոնե այս պահին, հետ կանչել իր ստորագրությունը, որովհետև չկա որևէ կետ, որ ՀՀ-ն չի իրականացրել։ Այն խմբերը, որոնք պահանջում են փաստաթղթից ստորագրության հետկանչում, ենթադրում են, որ Հայաստանը չի կատարում այն, ինչ նկարագրված է 9-րդ կետում, բայց ուզում եմ հիշեցնել, որ 9-րդ կետը չի ենթադրում  ռուսական սահմանապահների ներկայություն սահմանային կետերում։ Հավելեմ, որ դրան հաջորդող Դաշնային խորհրդի որոշման մեջ ավելի հստակ է նկարագրվում, որ Հայաստանն է իրականացնելու ոչ միայն սահմանային անցակետերի գործողությունները, այլ նաև անվտանգությունը»,- ասաց պատգամավորը։


Նրա պնդմամբ՝ ռուսական սահմանապահների մասին նշված է «վերահսկողություն» բառը, որը միջազգային տերմինաբանության մեջ հստակեցված չէ, թե դա ինչ է։ Այսինքն՝ կողմերը դա պետք է համաձայնեցնեն։


Անդրադառնալով ընդդիմության թեզերին, որոնց համաձայն՝ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խաղաղության հասնել, քանի որ նրանք ցանկանում են ոչնչացնել ՀՀ-ն, սահմանազատումն էլ երբեք չի բխում ՀՀ շահերից, Սոնա Ղազարյանն ասաց. «Ադրբեջանի համար մեզ ոչնչացնելու ամենահեշտ ճանապարհն է ունենալ չդելիմիտացված և չդեմարկացված սահման։ Որովհետև ավելի հեշտ բան Ադրբեջանի համար, քան գործել հարձակում և հետո հիմնավորել, որ սահմանը պարզ չէր՝ ամենահեշտ ճանապարհն է, որը իրենց համար հարթում է Դաշնակցությունը։ Դարպասները բացելու լիազորությունները տրված են Դաշնակցությանը. նոր բան չէ... Այդ՝ անսահման Հայաստանի իրենց թեզը դարձնում է նաև անսահման Ադրբեջանը, դարձնում է անսահման Թուրքիան, և ես կարծում եմ, որ իրենք որևէ տրամաբանական բան չեն ասում»,- ասաց Ղազարյանը։


Ընդդիմությունը, պատգամավորի կարծիքով, տարիներ շարունակ հնարավորություն է ունեցել Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու, ինչը չի արել։ «Բայց, այն ինչ իրենք պարտադրել են, եղել է աղքատություն, կազմալուծված բանակ պարտադրելը սեփական ժողովրդին ու երկրին։ Այն, ինչ իրենք արել են, խաղաղություն պարտադրելու փոխարեն՝ պարտադրել են էլ ավելի խորը և համապարփակ պարտություն Հայաստանին»։

 

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան