Պետական ռեգիստրը օգոստոսի 23-ին գրանցել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել
Մովսիսյանի՝ «Շմայսի» ազգականի ղեկավարած կուսակցությունը։ Խոսքը Երևանի ավագանու անկախ
անդամ, «Հանրային ձայն» խմբակցությունից դուրս եկած Ալբերտ Մովսեսյանի «Արդար խոսք»-ի
մասին է։ «Ազդարար» հարթակում հրապարակված կուսակցության ծրագիրն ուսումնասիրելիս պարզվեց,
որ այն ծայրից ծայր արտագրված (միայն կուսակցության անվանումն է փոխված), այսինքն՝
գողացված է մեկ այլ կուսակցությունից՝ «Ազգային առաջընթաց»-ից, որը Երևանի ավագանիում
ներկայացված է համանուն խմբակցությամբ։ Փաստորեն, այս նորաստեղծ պրոյեկտի ղեկավարությունը
որոշել է դիմել հեշտ եղանակի՝ գրագողության, փոխարենը նստելու, գլուխ ջարդելու ու մի
խելքը գլխին ծրագիր գրելու։ «Ազգային առաջընթաց»-ում տեսնես տեղյա՞կ են այս գողության
մասին, հեղինակային իրավունքների հարց կբարձրացնե՞ն։
Մամուլը գրել էր, որ Ալբերտ Մովսեսյանին
Վարդան Ղուկասյանն առաջարկել է իր կողմից ստեղծված
նոր ուժի՝ «ԴՕԿ»-ի ղեկավարը լինել, սակայն Մովսեսյանը հրաժարվելէ համագործակցությունից։
Ի դեպ, Ալբերտ Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ,
պահեստազորի գնդապետ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի
շքանշանակիր Միհրան
Մովսիսյանը (հոր և որդու ազգանունները, փաստորեն, մեկ տառի տարբերությամբ են)
ժամանակին ստեղծել էր Ազատամարտի և կանանց
վետերանների միությունը, այժմ էլ թունդ
ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս՝ մեկումեջ հարցազրույցներ տալով ու քննադատելով
գործող իշխանությանը։ Միհրան Մովսիսյանը, ինչպես
մամուլն է գրում, Առաքել Մովսիսյանի
(Շմայսի) հորեղբոր որդին է և հայտնի է իր քրեական անցյալով: 2016թ.-ին նա ձերբակալվել
էր Հայաստանից 200 մլն դոլարի ուրան հանելու և ապօրինի ճանապարհով Թբիլիսիում
իրացնելու համար: Միհրան Մովսիսյանի անունը շրջանառվում էր նաև Հոկտեմբերի 27-ի, ապա իր թիկնապահի՝ Սամվել Առաքելյանի սպանության
գործերի շրջանակներում: Միհրան Մովսիսյանը որդու կուսակցության խորհրդի անդամ է և վերջերս թերթերից մեկին տված
հարցազրույցում նշել է, թե պատրաստվում են առաջիկա արտահերթ կամ հերթական
ընտրություններին։ Նա նշել է նաև, որ կուսակցությունը մեծ դժվարությամբ են
գրանցել, «անհասկանալի տարբեր պատճառներով մերժում էին»։ Նաև հավելել է, թե որևէ
մեկի պրոյեկտը չեն՝ ոչ ռուսամետ են, ոչ էլ արևմտամետ, «հայամետ» են և
աշխատելու են «հանուն մեր երկրի կայունության և բարելավման»։ Որդին՝ Ալբերտն էլ,
որը անհատ
ձեռներեց է «Յանդեքս» տաքսի ընկերությունում՝ «Նիմկա տրանս» տաքսապարկի տնօրենը, նշել է, թե կուսակցության գրանցումից հետո վայր
չի դնի մանդատն ու կշարունակի աշխատել որպես
«անկախ ավագանի»։
Հ. Մ.