Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանին փոխանցված խաղաղության պայմանագրի վերջին՝ 10-րդ խմբագրությունը ներառում է համաձայնեցված տեքստը, որում ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։
Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Արարատ Միրզոյանը ասուլիսի մեկնարկին ողջունեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելին՝ նշելով, որ իր և վերջինիս շփումները կրում են հաճախակի բնույթ, որոնց ընթացքում քննարկվում են ինչպես երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։
Միրզոյանը գոհունակություն հայտնեց նաև այն առումով, որ Քսավյե Բետելի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Երևանյան երկխոսություն» խորագիրը կրող միջոցառմանը՝ վստահություն հայտնելով, որ այդ մասնակցությունը կլինի շատ արժեքավոր։