Ենթադրյալ լրտեսության մեջ մեղադրվող ԼՂՀ նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է Սյունիքի մարզի դատարան

 

Ենթադրյալ լրտեսության մեջ մեղադրվող ԼՂՀ նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է Սյունիքի մարզի դատարան

 

 

ՀՀ գլխավոր դատախազությունը  հուլիսի 4-ին որոշում է կայացրել հաստատել  որպես «Ստեփանակերտի պարետ» հայտնի դարձած, ԼՂՀ նախկին պաշտոնյա  Սարգիս Մամիկոնի Գալստյանի կողմից ենթադրյալ լրտեսություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթը հանձնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։ Այս մասին civic.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսության առերևույթ դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթով Ստեփանակերտի բնակիչ Սարգիս  Գալստյանի վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։  

 

Դատախազությունից հայտնել են նաև, որ նշանակվել են հիմնական դատալսումներ, դատաքննությունը շարունակվում է։ 

 

Մեր հարցման մեջ խնդրել էինք հայտնել նաև՝ սույն քրեական վարույթով այլ անձանց վերաբերյալ  մեղադրական եզրակացություն ուղարկվե՞լ է հսկող դատախազին և ի՞նչ ընթացք է տրվել։  Ի պատասխան՝ ԳԴ-ից պարզաբանել են՝ հիշյալ քրեական վարույթից «այլ անձանց վերաբերյալ քրեական վարույթներ չեն անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարանին չեն հանձնվել»։

Նշենք, որ Սարգիս Գալստյանը  իր տիկնոջ հետ  ԼՂՀ-ից ՀՀ է վերադարձել այս տարվա մարտի 29-ին, նրան մեղադրանք  առաջադրվեց , ապաև՝ Գալստյանը կալանավորվեց։ Վերջինս  ԼՂՀ  պետական ապարատում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ Շուշիի վարչակազմի ղեկավարի տեղակալից մինչև Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավար, ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի օրոք՝ 2019-ին, եղել է նաև Շուշի քաղաքի զորակոչային հանձնաժողվի անդամ։  

 

Հիշեցնենք, որ հուլիս ամսվա տվյալներով՝ ԼՂՀ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը վկայի դատավարական կարգավիճակով առերեսվել է իր կողմից նշանակված նախկին  պաշտոնյայի հետ,  և, փաստորեն, նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Մամուլում գրվեց, որ ենթադրյալ  լրտեսության մեջ մեղադրվող ԼՂՀ նախկին պաշտոնյան մտերիմ հարաբերություններ ունի ինչպես Շահրամանյանի, այնպես էլ ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ (ըստ քաջատեղյակների՝ քավոր-սանիկական կապ մեջ է), ինչպես նաև հայտնի մտավորական շրջանակների,  մասնավորապես ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, «Գուրգեն Մելիքյանի» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի գործադիր-տնօրեն Գուրգեն Մելիքյանի հետ։ Մելիքյանն ու նրա որդին՝ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, նախկին դեսպան Վահագն Մելիքյանն, ի դեպ, «սրբազան շարժման» ակտիվ աջակիցներից են, իսկ Սարգիս Գալստյանի եղբորորդի, ԼՂՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Դավիթ Գալստյանին կարելի է ոչ միայն տեսնել շարժման ակցիաների ժամանակ, այլ նաև Բագրատ Գալստանյանի մասնակցությամբ փակ հանդիպումներին։

 

Հավելենք, որ լրագրող Թաթուլ Հակոբյանն անդրադառնալով Գալստյանին  ավելի վաղ՝ դեռ 2023-ին  իր ֆեյսբուքյան գրառմամբ  հայտնել էր, որ  «Ստեփանակերտի պարետը» «դեռ 90-ականներին է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»:

Հ․Մ․