Գյումրիում հուլիսի 27-ին անցկացվեց «ՖեստիՎառ» փառատոնը, որը ֆինանսավորում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ: Այսօրվա Գյումրու ավագանու նիստում պարզվեց, սակայն, որ համայնքն իր միջոցներով տաղավարներ է տեղադրել, որի գումարները՝ 2 մլն 434 հազար 350 ՀՀ դրամ, պետք է փոխանցել մատակարարող կազմակերպությանը։ Ավագանուն առաջարկվում էր հավանություն տալ արդեն իսկ մեկ անձից գնումով տաղավարների վարձակալության համար գումար փոխանցելուն։ Որոշման նախագծին համայնքապետարանը կցել էր ոչինչ չասող հիմնավորում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վոլոդյա Հակոբյանը հարցրեց, թե ուր է ծախսերի բացվածքը։ Քաղաքապետը պատասխանեց, որ լրացուցիչ կտրամադրեն բացվածքը։ Այդպես անհայտ մնաց, թե քանի՞ տաղավար է տեղադրվել, ի՞նչ գնով, և ո՞ր կազմակերպությունից է իրականացվել գնումը, քանի որ գործադիրը չպատասխանեց նաև ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի հարցին, թե ո՞ր կազմակերպությունից են ձեռք բերվել տաղավարները։ Ավագանին դեմ քվեարկեց նախագծին։ Կողմ էին միայն «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչները։
Ավագանին որոշեց նաև, որ Գյումրին այս տարի նոր տոնածառ կունենա։ 68 մլն դրամ է նախատեսված, սակայն մրցույթով այն կարող է ավելի էժան ձեռք բերվել։ Եվս 7մլն դրամ էլ քաղաքապետարանը կծախսի քաղաքի ամանորյա զարդարանքները նորոգելու համար։ Այս հարցում ավագանու բոլոր խմբակցությունները միակարծիք էին՝ նախագիծն ընդունվեց։ Տեսքի, տեխնիկական բնութագրերի հարցերը կքննարկվեն առաջիկայում։ Փոխաքաղաքապետ Լուսինե Սանոյանն առաջարկեց 5-օրյա ժամկետում կատարել այդ աշխատանքը, ապա ևս 5-օրյա ժամկետում մի քանի առաջարկ ներկայացնել՝ այդ թվում նկարներով, որը կդրվի քաղաքապետարանի կայքում, ու քաղաքացիները կկարողանան քվեարկությամբ որոշել, թե որ տոնածառն ավելի գեղեցիկ կլինի քաղաքի համար։
Ամենաթեժն անցավ Վ. Սարգսյան փողոցում գտնվող ընդհանուր 500քմ հողատարածքի նշանակությունը փոխելու հարցի քննարկումը։ Գործադիրն առաջարկում էր 60-րդ հոդվածով, այսինքն՝ ընդհանուր հանրային նշանակության կանաչ տարածքի գործառնական նշանակությունը փոխել, ապա այն ուղիղ վաճառքով օտարել։ Զեկուցող Հենրիկ Գասպարյանն ասաց, որ տարածքում առևտրի կենտրոն է կառուցվելու, իսկ օտարումը հիմնավորում էր նրանով, որ տարածքը բարեկարգելու է ապագա սեփականատերը։ Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Շավարշ Արամյանը նկատեց, որ նախորդ անգամ ևս այս նախագիծը բերվել է հանձնաժողով, սակայն ի վերջո հանվել է լիագումար նիստի օրակարգից։ Ավելին՝ նախորդ անգամ առաջարկվել է փոխել հողի նշանակությունը և վարձակալության հանձնել, հիմա արդեն առաջարկվում է օտարել։ Արամյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է փոխվել, որ նախագիծը կրկին բերվում է օրակարգ։ Քաղաքապետարանի պատասխանատուն, ըստ էության, ոչինչ չկարողացավ պատասխանել։ Նախագիծը կրկին օրակարգ բերելու և օտարելու նպատակ հետապնդելու առնչությամբ իր վրդովմունքը հայտնեց նաև «Ապրելու երկիր» խմբակցությունից Կարեն Մալխասյանը։ Նա կոչ արեց ավագանու բոլոր անդամներին դեմ քվեարկել։ Վերջինիս հետ, սակայն, համամիտ էր միայն ՔՊ խմբակցությունը։ «Բալասանյան դաշինքը», Հանրապետականն ու «Զարթոնքը» կողմ քվեարկեցին. նախագիծն անցավ։ ՔՊ խմբակցությունից Վոլոդյա Հակոբյանը հրավիրեց գյումրեցիների ուշադրությունը՝ կոչ անելով ուշադիր լինել, թե որ խմբակցությունները կողմ քվեարկեցին քաղաքի կանաչ տարածքները ուղիղ վաճառքով օտարելու նախագծին։ Նա նաև հիշեցրեց վերջերս ավագանու որոշումը, որով Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի կառավարման տարիներին ապօրինաբար հողեր էին սեփականաշնորհվել, ու համայնքը դիմել էր դատախազություն դրանք վերադարձնելու հայցով։ «Կարո՞ղ է մի քանի տարի հետո էլ ավագանին նախաձեռնությամբ հանդես գա, ասի՝ Սամսոնյանի կառավարման տարիներին ապօրինաբար հողեր են սեփականաշնորհվել, դիմեն դատախազություն»։ Քաղաքապետը փորձեց ճշտել Հենրիկ Գասպարյանից՝ «օրինական է, չէ՞, ամեն ինչ»։ Սամսոնյանը ստացավ Գասպարյանի հավաստիացումը, որից հետո նախագիծը Բալասանյանների ոչ ֆորմալ դաշինքը անցկացրեց։