«Ադրբեջանի Սահմանադրությամբ տարածքային պահանջ կա
ՀՀ-ի նկատմամբ, բայց խաղաղության պայմանագրի կետով հղում է արվում Վիեննայի կոնվենցիային,
որով ասվում է, որ պայմանագրի կողմերը չեն կարող հղում անել ներքին օրենսդրությանը
ու հրաժարվել կատարել խաղաղության պայմանագրի կետերը։ Մենք լուրջ չենք համարում Ադրբեջանի
մոտեցումը, թե ՀՀ Սահմանադրությամբ տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ, և ՀՀ-ն
պետք է փոխի Սահմանադրությունը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի Սահմանադրությանը,
որում տարածքային պահանջներ են պարունակվում ՀՀ-ի նկատմամբ։
Ջուլհակյանի կարծիքով՝ Ադրբեջանը
ձգձգում է խաղաղության պայմանագրի կնքումը, և եթե չլինի Սահմանադրության հարցը, ապա
այլ հարցեր առաջ կքաշեն Ադրբեջանից։
Անդրադառնալով արևմտամետ քաղաքական
գործիչների հայտարարություններին, թե ՀՀ-ն կրկին պրոռուսական քաղաքականություն է սկսում
վարել, Ջուլհակյանը ասաց. «Ինձ մոտ տպավորություն է, որ երբ իրենք ասում են՝ ՀՀ-ն պետք
է դուրս գա ռուսական թևի տակից, ապա հիմա էլ ուրիշ թևի տակ պետք է հայտնվի։ Լավ կլինի,
որ ՀՀ-ն ոչ մեկի թևի տակ չհայտնվի, այլ փոխշահավետ համագործակցություններ փնտրի ու
համապատասխան իրավական ակտեր կնքի, ինչը հիմա էլ անում է»։
Ջուլհակյանը շեշտեց, որ ՀՀ-ն
ԵՄ-ի հետ շարունակում է զարգացնել հարաբերությունները,
և նոր համագործակցություններ են ձևավորվում. «Մեկնարկել է արդեն ԵՄ-ի հետ վիզաների
ազատականացման գործընթացը, վաղուց ՀՀ-ն աշխատում է ՍԵՊԱ-ի շուրջ, ՀՀ-ի տարածքում ԵՄ դիտորդներն են
հիմա գտնվում, այսինքն՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները ինտենսիվ կերպով զարգանում են,
ու արևմտամետ մեր գործընկերներին հիշեցնեմ,
որ այդ ամենը գործող իշխանություններն են արել, ու իրենք չէ, որ այդ ամեն ինչի շուրջ
բանակցել են ու ԵՄ-ին բերել ՀՀ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան