ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը
ցուցանեց, որ խորհրդարանական ընդդիմության քարոզչական զինանոցի՝ ամենահաճախ
շահագործվելիք զենքը առաջիկայում լինելու
է ԼՂՀ-ի թեման, ընդ որում՝ ցանկացած համատեքստում, նկատի ունենալով, որ մոտենում է
ԼՀՂ-ում մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին
տեղի ունեցած ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիայի, դրա հետևանքով բռնի
տեղահանության տարելիցը։ Սա նշանակում է, որ
ընդդիմությունը պետք է քարոզչական մակարդակում հոգա, որպեսզի ակտուալացող «ինչո՞ւ
ընկավ Արցախը» հարցին տրվի Կրեմլի հայտնի «մեթոդական ձեռնարկի» տրամաբանությամբ
կառուցված պատասխան։ Հիշեցնենք, որ ռուսական ընդդիմադիր «Մեդուզա» հարթակը
սեպտեմբերյան ագրեսիայից հետո հրապարակել էր այն կարգադրությունը, որը ռուսական
մեդիան ստացել էր Կրեմլից։ Մեթոդական այդ ձեռնարկում, որը ռուսաստանյան
ԶԼՄ-ներին էր ուղարկվել սեպտեմբերի 19-ի երեկոյան, Կրեմլը ցուցումներ էր տալիս, թե ինչպես պետք է լուսաբանել իրադրությունը Հայաստանում և ԼՂՀ-ում։ Ըստ այդմ՝
Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ
պետք է մեղադրվեին Հայաստանն ու արևմտյան
երկրները։ ՀՀ պառլամենտական ընդդիմության այս օրերի քարոզչական դիրքավորումը
հուշում է, որ վերջինս ոչ միայն «от а до я»
սերտել է
ռուսական վերոհիշյալ նարատիվները,
այլև այս օրերին դրանք ջերմեռանդորեն քարոզելուն զուգընթաց ևս մեկ թեզ է
ջատագովում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունք, որը պետք է ՀՀ
իշխանությունը հետապնդի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ
բանակցություններում։ Երեկ ԱԺ-ում ՀՅԴ-ականների կողմից հրահրված բանավեճը ԼՂՀ
հարցի շուրջ հենց այդ նպատակին էր ծառայում՝ բացել թեման (Արցախ-Հայաստան
միջխորհրդարանական հանձնաժողովի կողմից նիստ գումարելու հարցի տեսքով) և ձև անելով, թե «տապակվում են» ԼՂՀ-ի «դարդով», բանավեճի
մեջ ներքաշվելու, իրենց գոյության մասին հիշեցնելու առիթ տալ ինքզինքը լուծարած ԼՂՀ իշխանության
տարբեր ներկայացուցիչների։ Մասնավորապես նաև նրանց, ովքեր, հիշեցնենք, մեկ տարի
առաջ ճիշտ այս օրերին, երբ Լաչինի միջանցքը
փակելու հետևանքով հումանիտար ճգնաժամը հասել էր իր «պիկ»-ին և քննարկվում էր «այլընտրանքային»՝
Աղդամի ճանապարհով հումանիտար բեռներ մատակարարելու
հարցը, քաղհասարակությունն էլ ակտիվ դիմադրում էր, ակցիաներ կազմակերպում, զբաղված էին «Սարի սմբուլը»-ը երգելով՝ ՀՀ
հայտնի ռևանշիստական կլանի հովանավորությամբ նախագահ էին փոխում, այդ պաշտոնում կարգելով
մեկին, որը շաբաթներ անց պետք է ստորագրեր Արցախի Հանրապետության լուծարման
խայտառակ հրամանագիրը։ Նախքան այս նախագահափոխությունը, նկատենք, ԼՂՀ-ում տեղի էր ունեցել մեկ այլ
նախագահափոխություն՝ ԱԺ նախագահի, և այդ պաշտոնում կարգվել էր ՀՅԴ խմբակցություն
ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։
Սեպտեմբերի 9-ին, ահա, ԼՂՀ
ԱԺ-ն, բացառությամբ Սամվել Բաբայանի կողմից փաստացի ղեկավարվող «Միասնական
Հայրենիք» խմբակցության, նախագահ ընտրեց Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և
այլ բարձր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, Բաքվի հետ բանակցությունների փորձ
ունեցող Սամվել Շահրամանյանին։ Նախկին նախագահ, ժողովրդի ուղիղ ընտրությունների
միջոցով ընտրված Արայիկ Հարությունյանին,
նկատենք, նախքան այդ, ինչպես արցախցի ընդդիմադիր որոշ գործիչներ էին նկատել՝
«պադվալային բանակցությունների»
արդյունքում հրաժարական տալու
ուլտիմատում էր ներկայացվել։ Այդ՝ 8-հոգանոց խմբակի մասնակցությամբ հավաքի ժամանակ
ձեռք բերված պայմանավորվածության մասին, հիշեցնենք, հայտարարեց և Հարությունյանին
ստախոսության, հրաժարական տալու որոշումից հերթական անգամ հրաժարվելու մեջ մեղադրեց Լաչինի միջանցքի
բլոկադայից շաբաթներ առաջ պետնախարար
նշանակված, ապա այդ պաշտոնից հեռացված, այժմ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը։
Ի դեպ, երեկ ԱԺ-ում
լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշ փակագծեր է
բացել Արայիկ Հարությունյանի նկատմամբ ցուցաբերված ճնշումների մասին՝ մասնավորապես
նշելով. «Արայիկ Հարությունյանն ինձ ասել
է, որ ճնշումների ներքո ինքը ստիպված է հրաժարական տալ: Մենք մի քանի անգամ հեռախոսազրույց
ենք ունեցել, և նույնիսկ ասել է՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք ես չկամ, իմ վրա
ահռելի մեծ ճնշումներ են»։
Սամվել Բաբայանը, հիշեցնենք, որը նույնպես հավակնում էր ԼՂՀ նախագահի պաշտոնին,
սակայն տեխնիկական պատճառով չկարողացավ առաջադրվել, ընտրությունների նախօրյակին հարցազրույց
էր տվել և որոշ փակագծեր բացել նախընտրական
իրավիճակի առնչությամբ։ Նախ նա նշել էր, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական
է տվել ՌԴ ՖՍԲ-ի՝ տարածաշրջանով և Ղարաբաղով զբաղվող «5-րդ վարչության»
պարտադրանքով։ Այդ նույն՝ Արցախի վրա ազդեցություն ունեցող մարմինը,
ըստ Բաբայանի, որոշել է այժմ էլ երկրի
ղեկավարի պաշտոնին նշանակել մեկ այլ «կամակատարի»։ «Երևի Արայիկ Հարությունյանին
ասել են՝ դու մի քիչ հեռու մնա, լավ չես կատարում մեր կարգադրությունները, հիմա
բերում ենք նորը։ Ժամանակին Ռուբեն Վարդանյանին հրավիրել են էնտեղ, Ա.
Հարությունանի հետ միասին նշանակել պետնախարար, դրանից հետո մենք ստացանք էն, ինչ
որ ստացանք՝ ճանապարհները փակվեցին, և մենք պրոբլեմի առջև կանգնեցինք։ Էսօր ոչ
մեկը չի ուզում ընդունի, որ դա իր մեղքն է եղել, և որոշել են Ա. Հարությունյանին
փոխարինել մեկ այլ անձով, որի լոբբինգը արել են էլի նույն անձինք, որոնք
պադվալներում թե սենյակներում որոշումներ են կայացնում և ներկայացնում այդ անձին։
Խնդիրն այն է, որ դա բերելու է մեծ պրոբլեմի Արցախի ժողովրդի համար։ Մենք գործարքը
տանում ենք սառեցման, ոչ թե խնդրի կարգավորման։ Մենք գնում ենք օգնություն
ստանալու և փոքր-ինչ հարցեր լուծելու, որ իրավիճակն այս ձև պահենք՝ մինչ լավ օրեր։
Ես համարում եմ սա հանցագործություն սեփական ժողովրդի նկատմամբ, մենք այդ խնդիրը
պետք է լուծենք արագ, փաթեթով։ Բայց էս մարդկանց համոզել են, որ դուք լավ
գործակալներ եք, պետք է ծառայեք»։ Ի դեպ, ԼՂՀ նոր նախագահի ընտրության օրը՝ սեպտեմբերի 9-ին, հաղորդվեց, որ այլևս իրագործված է Աղդամի ճանապարհով
Արցախ հումանիտար բեռներ հասցնելու ռուս-ադրբեջանական պլանը։
Հարկ է նկատել, որ սեպտեմբերի
10-ին ԼՂՀ ԱԺ հատուկ նիստում Սամվել Շահրամանյանը երդվում էր նախագահի պաշտոնում,
ՀՀ ընդդիմադիր հայտնի շրջանակները ցնծության մեջ էին, թե՝ ԼՂՀ-ում
իշխանափոխությունը «փառքով պսակվեց», հերթը ՀՀ-ում նույնը կրկնելունն է։ Սակայն այդ ցնծությունն ընդամենը 10 օր տևեց։
Հ.Գ. Ի դեպ, ԼՂՀ-ի
դարդը լացող դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը երեկ ԱԺ նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանի հետ հարցուպատասխանի ժամանակ
փորձում էր Ս. Շահրամանյանին մաքրել ԼՂՀ լուծարման հրամանագիրը ստորագրելու
խայտառակությունից։ Թե՝ ԼՂ օրենսդրության մեջ հանրապետության
լուծարման կետ չկա, ԼՂՀ վերջին նախագահն էլ խնդրո առարկա հրամանագիրը ստորագրել է ստիպված (անցած տարի սեպտեմբերի 28-ին): «Ակնհայտ է, որ Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի։ Փաստաթուղթը
չի հրապարակվել, նույն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն է ասում, որ դա ես
ինքս չեղարկել եմ, էդ դեպքում էս մեկն էլ չեք տեսել, էն էլ չեք տեսել, ինչի՞ եք առաջինով
առաջնորդվում»,- ընդգծեց Խաչատրյանը: Չխորանալով դաշնակցական պատգամավորի խոսքում առկա՝ հրամանագրին առնչվող մի շարք մանիպուլյացիաների
մեջ՝ ընդամենը ֆիքսենք՝
ԼՂՀ նախագահը, փաստորեն, կոպտորեն խախտելով ԼՂՀ Սահմանադրությունը, դավաճանությանը
համազոր քայլ է կատարել՝ գործարքի մեջ է մտել երրորդ պետության կամ պետությունների
հետ և դրժել նախագահի երդումը՝ Հանրապետության
անկախությունն ու ինքնիշխանությունն ապահովելու փոխարեն պետությունը դատարկել
է մարդկանցից, «բանալիները» հանձնել թշնամուն և ուղղաթիռով առոք-փառոք տեղափոխվել Հայաստան։
Հրամանագիրը, այո, նախագահի ստորագությամբ և համապատասխան կնիքով չի հրապարակվել (հրապարակվել
է միայն հրամանագրի տեքստը), դրա չեղարկման վերաբերյալ «կոնտրհրամանագիրը»՝ նույնպես
(հարց է՝ իսկ ինչո՞ւ)։ Բայց ԱԺ հատուկ նիստում Շահրամանյանի երդման արարողությունն
էլ հո հրապարակվե՞լ է, ըստ որի. «Ստանձնելով Արցախի Հանրապետության
նախագահի պաշտոնը՝
երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու
իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը,
անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի
բարօրություն Արցախի ժողովրդի»: Եթե Արայիկ Հարությունյանի նախագահ եղած ժամանակ
նման բան տեղի ունեցած լիներ, ապա Խաչատրյանն ու համայն ՀՅԴ-ն նրան առնվազն
գնդակահարության պատի տակ ուղեկցելու կոչերով հանդես կգային։
Հ. Մանուկյան