Եկեղեցին «ոտքը գազի պեդալից» վերցրե՞լ է

Շիրակի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ «սրբազան պայքար»-ն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «կոլեգան», շարժման առաջին օրերի ակտիվ աջակիցն ու գաղափարակիցը,  իր վերջին հարցազրույցում, հանդես գալով «մենք»-ի՝ եկեղեցու անունից, հնչեցրել է տեսակետ, դատելով որից՝  «մենք»-ը խմբագրել է ՀՀ իշխանություններին թելադրված  մաքսիմալիստական, վերջնագրային  պահանջը՝ հրաժարական տուր, հեռացիր։ «Մենք որ քննադատում ենք, չենք ասում, որ այս իշխանությունն անպայման պետք է հեռանա: Եթե այս իշխանությունը վերանայի իր քաղաքականությունը, ներողություն խնդրի իր սխալների համար և ապաշխարի, ճիշտ ուղու վրա կանգնի, թող մնա»,- մասնավորապես հայտարարել է Աջապահյանը։ Սա, նկատենք, այն նույն հոգևորականն է, որը 2020-ի պատերազմից հետո էր անվերապահորեն պահանջում իշխանության հրաժարականը,  ս.թ. ապրիլի 25-ին էլ, երբ քայլերթը դեռ Երևան չէր հասել, «168 ժամ»-ի տաղավարում «ոտքը» դրել էր «գազի պեդալին» ու ազդարարում էր. «Այլընտրանք չկա, եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր երկիրը մնա հայկական, այս ապահայկական և ապազգային իշխանությունը պետք է հեռանա։ Արդեն բոլոր-բոլոր անհնարինն ու հակահայկականն արել է։ Այո, այս շարժումը պետք է թափ հավաքի ու ընդգրկի ամբողջ Հայաստանը և այս իշխանությանը պետք է հեռացնի և ոչ միայն հեռացնի, դեռ մի բան էլ ավելի։ Դեռ մի բան էլ ավելին՝ նկատի ունեմ արդար դատաստան՝ արդար դատավարություն և արդար հատուցում»։  


Միքայել արք. Աջապահյանը, հիշեցնենք,  Տավուշից Երևան շարժվող  քայլերթին միացավ Գյումրիից,  հետո մեկումեջ երևում էր երևանյան հավաքներին,  իսկ  մայիսի 28-ին Սարդարապատում, երբ արդեն տեսանելի էր շարժման հավանական վախճանը,  հայտարարել էր. «Ես շատ ուրախ չեմ, որ Բագրատ Սրբազանն իրեն դրել է զոհասեղանին: Պետք է լինեին քաղաքական ուժեր, որոնք այս բանը վերցնեին իրենց վրա, բայց քանի որ չկան, Բագրատ Սրբազանն ինքն իրեն զոհաբերում է։ Նա դուրս է գալիս հոգևոր ասպարեզից, իրեն տրամադրում է մի ասպարեզի, որն իրենը չէ»։ Ճիշտ էր նկատել  Շիրակի թեմի հեռատես առաջնորդը՝ քաղաքականությունը մի տեղ է, որը  Բագրատ Գալստանյանի տեղը չէ, դա այն տեղն է, որից ինքը  գլուխ չէր հանում և այս ընթացքում էլ ապացուցեց, որ չի հանում ու շարունակում է չհանել։ Իսկ թե ինչու է շարունակում համառել ու զբաղեցնել այն տեղը, որն իրենը չէ, գիտի միայն Տերը երկնային, որը, ինչպես օրերս էինք գրել, կապի էր դուրս եկել Տավուշի թեմի սառեցված առաջնորդի հետ ու ասել, թե ինչ պետք է  անի, որ ինչ արդյունք ստանա։ Ինչևէ։   


Հունիսի 11-ին՝ ԱԺ-ի դիմաց «հուժկու» հանրահավաքից, սրբազանականների և ոստիկանների հետ բախումից մեկ օր առաջ  արդեն իսկ կանխազգալով, որ քաղաքական այս անփառունակ միջոցառման  կազմկոմիտեն որոշել է «վա բանկ» գնալ, կայքերից մեկի հետ հարցուպատասխանում Աջապահյանը  շեշտել էր՝ «սա եկեղեցու շարժումը չի, սա Բագրատ սրբազանի շարժումն է, որին աջակցում են որոշ հոգևորականներ, որոշ հոգևորականներ վերապահ են, որոշ հոգևորականներ էլ չեն ողջունում: Այնպես որ, սա եկեղեցու շարժումը չէ»:  


Գերագույն հոգևոր խորհրդի անդամի կեցվածքի փոփոխությունը մեկ բանի մասին էր վկայում՝ եկեղեցին հասկացել էր, որ  Տավուշի թեմի առաջնորդի բռնած գործը տանուլ է տրված և չի վայելում հանրային լայն աջակցություն, ավելին՝ մտնելով քաղաքականություն՝ բարձրաստիճան հոգևորականը ահռելի վնաս հասցրեց եկեղեցու և անձամբ Ամենայն հայոց կաթողիկոսի հեղինակությանը, ուստի պետք է  «վնասի կեսից հետ կանգել»։ Նկատենք, սակայն, որ  Գալստանյանը շարժման ընթացքում մի քանի անգամ  հայտարարել է՝ գործում է Ամենայն հայոց կաթողիկոսի գիտությամբ ու օրհնությամբ։ Կարևոր մի հիշեցում այս համատեքստում. 2023-ի ապրիլի 20-ին լրագրողների հետ զրույցում Ամենայն հայոց կաթողիկոսը, անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակո՞ւմ է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մասնավորապաես նշել էր. «Մենք հայրական հորդոր ենք ուղղել, և հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում»։ 


Հարկ է նկատել, որ առաջիկայում կարևոր, խորհրդանշական ձեռնարկումներ են  տեղի ունենալու. սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը: Մտավախություն կա,  որ շարժման հետևանքով  եկեղեցու հանդեպ հավատավոր հոտի մոտ ի  հայտ եկած  հիասթափությունը  կարող է ազդել եկեղեցուն առնչվող միջոցառմանը մարդկանց մասնակցության վրա։    

Հ. Մ.