Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, իսկ սոցիալական ապահովության այն հանգամանքը, որը երկար տարիներ ՀՀ–ում գործել է, մարդկանց աղքատության մեջ պահելու քաղաքական նպատակ է հետապնդել:
Վարչապետը այս մասին ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը իշխող քաղաքական ուժին մեղադրեց նրանում, որ նրանց վարքագիծը խզվում է խոստումներից, ծրագրային հիմնադրույթներից: Նա հիշեցրեց իշխող ուժի խոստումներից՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», «հարկատուն հերոս է»: Սակայն, ըստ պատգամավորի, հենց ԱԺ–ում նիստում ներկայացվել են դրա ճիշտ հակառակ դրսևորումները տարբեր նախագծերի ձևով:
«Քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, այո, կրկնում եմ չգիտեմ, թե որերորդ անգամ: Երբ մենք քաղաքացուն ասում ենք՝ երթևեկության կանոնը խախտի, փողը տուր, քշիր, ու այդպես շարունակ, ի՞նչը փոխվեց: Մենք եկանք, ասացինք, որ կա բալային համակարգ, որ խախտելու որոշակի չափաբաժին ունեն, եթե դրանից ավելի խախտեն, պետք է զրկվեն վարորդական իրավունքից, հետո գնան վերահաստատեն վարորդի իրենց կարողությունը, որից հետո պետությունը հնարավորություն կտա մեքենա վարել, քանի որ նրանց մեքենա վարելը ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների անվտանգության հարցն է: Եվ հետևաբար, այո, քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ»,–ասաց Փաշինյանը: