Երեկ «Երևանյան երկխոսություն»
միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետն իր ելույթի ժամանակ նշել է, որ «առաջարկում
ենք խաղաղության պայմանագրի 13+3 համաձայնեցված դրույթները դնել սեղանին, ստորագրել
հիմա»։ Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են վարչապետի այդ հայտարարությանը և դեմ
արտահայտվել խաղաղության պայմանագիրը արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրելու,
իսկ չհամաձայնեցված հարցերի շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ Հայաստանի
առաջարկին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ այդ առաջարկը չի
կարող իրենց համար ընդունելի լինել։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ
Բլեյանի հետ։
«Իրականում ևս մեկ անգամ դա ցույց
է տալիս, որ ադրբեջանական կողմը հետաքրքրված չէ խաղաղությամբ, այլ հակառակը՝ հետաքրքրված
է ամեն անգամ պատրվակներ փնտրելով, որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը հետաձգվի։
Ի դեպ, իրենք դեմ են մի բանի, որին արդեն իսկ մի քանի անգամ համաձայնություն տվել են։
Խոսքը կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է, որը փոխադարձ համաձայնությամբ դուրս
եկավ և հետաձգվեց՝ հետագա էտապներում իրագործվելու համար։ Այսինքն՝ այստեղ որևէ նոր
բան չկար։ Այն, ինչ առաջարկել էր վարչապետը, լրիվ համահունչ էր այն գործընթացին, որով
արդեն առաջնորդվում էին երկու կողմերն էլ»,- ասաց Առնոլդ Բլեյանը։
Մեր զրուցակիցը հույս ունի, որ
մինչև «COP 29»-ը հնարավորություն կլինի այս կամ այն կերպ՝ որոշ կետեր հանելով, որոշ
կետեր ավելացնելով, մի շրջանակային համաձայնագիր ստորագրել, որն արդեն կլինի այն հիմնարար
թուղթը, որի հիման վրա կսկսվեն հետագա ավելի կնճռոտ հարցերի քննարկումն և լուծումը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան