Մեր ընկալումն այն չէ, որ մեր մեղքը բարդենք ուրիշի վրա. պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. վարչապետ

Ռազմավարական որոշումները կայացվում են և փաստաթղթերով ամրագրվում են անվտանգության խորհրդում։ Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե ի՞նչ հիմնարար փաստաթղթերով են ամրագրվում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները, ի՞նչ գործողություններ են իրականացվում պետության համար կարևոր, ռազմավարական փաստաթղթերը մշակելու և իրագործելու ուղղությամբ, հատկապես անվտանգության ոլորտում։


«Ռազմավարական որոշումներ կայացվում են և փաստաթղթերով ամրագրվում են անվտանգության խորհրդում, բայց ես կուզեի ընդգծել փոփոխվող աշխարհում մեր քաղաքականությունների ճշգրտման տեղը և հարթակը։ Ըստ էության, հանգամանքների բերումով ստացվել է այնպես, որ այդ տեղը դարձել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը և իմ գնահատմամբ՝ ձեր նշած խնդիրները արտահայտվում են կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան զեկույցում: Իմ գնահատմամբ՝ 2021, 2022, 2023 և 2024 թվականներին շատ կարևոր խոսակցություններ են տեղի ունեցել այդ քննարկման ընթացքում։ Եվ կառավարության զեկույցը արտահայտել է քաղաքականությունների ճշգրտման բովանդակությունը և դրանց պատճառները։ Նաև այդ ճշգրտումները այս դահլիճում քննարկելու առիթ ունեցել ենք»,- ասաց Փաշինյանը։