Մարդուն գնում ասում ենք՝ հարգելի՛ս, այս սնունդը, որ սեղանին դրված է, թունավոր է, չուտե՛ք: Մարդն ուտում է և թունավորվում է, և, ցավոք, լինում է դեպք: Հիմա այս իրավիճակում ի՞նչ պետք է աներ տեսչական մարմինը, այդ մարդու ձեռքերը-ոտքերը կապե՞ր: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դիտարկմանը, թե «Հրազդան ՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունից առաջ տեսչական մարմինն արձանագրություն կազմել է և տեղյակ է պահել, որ վտանգավոր է շահագործման համար, սակայն աշխատանքները շարունակվել են, և տեղի է ունեցել դժբախտ դեպքը:
Փաշինյանը նշեց, որ դեպքին փորձագիտական մակարդակով չի տիրապետում, ապա նկատեց. «Ենթադրում եմ, որ դեպքով կհարուցվի քրեական գործ, և քրեական պատասխանատվության կենթարկվի այն մարդը, որն այդ տեսչական ակտն ստացել է, պաշտոնապես իրազեկվել է, ստորագրել է, որ տեղյակ է դրա մասին, և, ի հեճուկս դրա՝ մարդկանց տարել է և փորձանքի է բերել: Իհարկե, ցավակցում եմ, շատ ցավում եմ զոհերի համար»: