Ադրբեջանը չի համաձայնում ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները։ Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով Ադրբեջանը ցանկություն չունի Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրել։ Նա հիշեցրեց Ալիևի հայտարարություններից մեկը, որով Ադրբեջանի նախագահն ասում էր, որ հայերը իրավունք չունեն ունենալ պետականություն և անկախ պետություն։
«Սա Իլհամ Ալիևի և նրա ռեժիմի իրական նպատակն է՝ զրկել Հայաստանին անկախությունից և
ինքնիշխանությունից, իսկ ստորագրելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր բերում
է մի իրավիճակի, որ Ադրբեջանը Հայաստանին փաստացի ճանաչում է որպես իրավահավասար սուբյեկտ։
Սա կարող է ծիծաղելի հնչել, որովհետև Ադրբեջանը չէ, որ պետք է ճանաչի կամ չճանաչի,
բայց վաղը, երբ Ադրբեջանը ստանա իր համար ավելի բարենպաստ պայմաններ՝ նույն ագրեսիա
իրականացնել Հայաստանի նկատմամբ, կամ փորձել
դեմոնտաժի ենթարկել հայոց պետականությունը՝ խաղաղության պայմանագիրը կարող է խոչընդոտ
հանդիսանալ։ Եվ երկրորդը, որ ունի արդեն ներքին սպառում Ալիևի ռեժիմի համար այն է,
որ եթե հայն այլևս ադրբեջանցու թշնամին չէ, ապա ռեժիմն ունենալու է խնդիրներ։ Որովհետև
Ադրբեջանի ինքնությունը ինչի՞ վրա է հիմնված՝ հայատյացության։ Եթե հայը թշնամի չէ՝
ինքնություն չկա։ Ալիևյան ռեժիմը ծծում է ադրբեջանցիների և հայերի արյունը։ Նա դրանով
է ապրում։ Եթե այդ արյունը չկա, պատերազմ չկա, կոնֆլիկտ չկա, թշնամի չկա՝ նրանք չեն կարող գոյատևել։ Նրանց պետք է շարունակել
այն թալանը, որը տասնյակ տարիներով շարունակում են Ադրբեջանում, իսկ այդ թալանի հիմքում
միակ արդարացումը Հայաստանն է, որից, իբր, գալիս են ինչ-որ վտանգներ», - ասաց Դավիթ
Ստեփանյանը։
Հայաստանը, ըստ քաղաքագետի, հետ չի կանչում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ
փաստաթղթից, որովհետև չի ուզում հավելյալ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ, որոնք առանց
այն էլ քիչ չեն։
Անդրադառնալով Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե հավատարիմ
են Իրանի հետ ունեցած պայմանավորվածություններին՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում, Ստեփանյանն
ասաց, որ դա Իրանի համար իրոք կարմիր գիծ է, քանի դեռ Իրանը չի թուլացել, նա այս
հարցում չի զիջելու։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան