Համաշխարհային առաջնորդների պարտականությունն է՝ ստեղծել խաղաղ միջավայր․ Ալեն Սիմոնյան

Միջխորհրդարանական միության ուսումնասիրություններով՝ Հայաստանի ազգային ժողովը երիտասարդ պատգամավորների թվով առաջին հորիզոնականում է: 


Այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում անցկացվող՝ Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին: 


Հայաստանում առաջին անգամ է անցկացվում Միջխորհրդարանական միության այսպիսի ներկայացուցչական միջոցառում: Համաժողովին մասնակցում է կազմակերպության 60 անդամ, խորհրդարանների 150 երիտասարդ պատգամավոր, մասնակցում են ասոցացված անդամներ, փորձագետներ, ակադեմիական շրջանակներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:


«Հպարտությամբ եմ նշում այն հանգամանքը, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո այսօր ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները: Ավելին՝ ըստ Միջխորհրդարանական միության անցկացրած ուսումնասիրության արդյունքների՝ Հայաստանի ազգային ժողովը երիտասարդ պատգամավորների թվով զբաղեցնում է առաջին հորիզոնականը»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ հանգամանքը ևս կարևոր դեր է ունեցել համաժողովը Երևանում անցկացնելու որոշման հարցում: