«ՀՀ-ն ունի աշխարհի ամենաերիտասարդ
խորհրդարանը։ Այժմ 60 երկրից 367 անդամներ են եկել Հայաստան՝ մասնակցելու միջոցառմանը։
Ունենք անդամներ Եվրոպայից, Աֆրիկայից, Կանադայից, ՌԴ-ից, Արաբական պետություններից
և այլն»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների
գլոբալ համաժողովին։
Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի
խորհրդարանը համաժողովին ներկայացված է 8 անդամից, որից երեքը պետք է լինեին ընդդիմադիր.
«Երկուսը՝ «Հայաստան» դաշինքից և մեկն էլ «Պատիվ ունեմ» դաշինքից այս աշխատանքներում
ներգրավված չէին, բայց իրենք կարող էին գրանցվել ու մասնակցել միջոցառմանը, բայց չեն
գրանցվել ու չեն մասնակցել, ինչպես նաև մասնակցություն չկա մեր հարևան Թուրքիայից ու
Ադրբեջանից»։
Հակոբյանը նշեց, որ այլ երկրներից
երիտասարդ պատգամավորները բավականին տպավորված են Հայաստանով. «Գործընկերներս ասում
են, որ շատ սիրեցին Հայաստանը, և մեկը նշեց, որ շուտով ամուսնության 10 ամյակն է, ու կնոջ հետ գալու են այստեղ նշելու, իսկ մյուսը
նշեց, որ ընկերների հետ գալու է Հայաստան ու հետաքրքիր ժամանակ անցկացնի։ Իրենք հավանում
են մեր հյուրասիրությունը, եղանակը, ուտելիքը, ու կարևոր է, որ ներկայանում ենք այնպիսի
երկրների, որոնք Հայաստանի մասին շատ բան չգիտեն»։
Դավիթ Լևոնյան
Մանրամասն՝ տեսանյութում