ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր
Վանեցյանի անվան հետ կապվող կայքը քաղաքական աշնան այս ակտիվ օրերին, երբ սենսացիաների պակաս առանձնապես չի զգացվում,
սենսացիա փնտրելով է զբաղված։ Կայքի
թղթակիցը, պարզվում է, փնտրել ու «գտել» է այն օբյեկտը, որից էլ փորձել է սենսացիա
ստանալ, սակայն... ապարդյուն։ Այդ օբյեկտը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «առանձնահատուկ պայուսակն»
է, ավելի ճիշտ՝ դրա «բրենդ»-ը։ Անդրադառնալով
Աննա Հակոբյանի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ կրած պայուսակին՝ կայքի թղթակիցը «ստուգել
և պարզել է», որ այդ աքսեսուարն «իսկապես
թանկարժեք է, բայց բացի թանկարժեք լինելուց, այն նաև դժվար է ձեռք բերել: Խոսքը
աշխարհահռչակ «Hermes» բրենդի «Hermes white Mini Kelly Picnic» պայուսակի մասին
է։ Դրա արժեքը տատանվում է 40.000 դոլարից մինչև 100.000 դոլար։ ...Նշենք, որ ինչպես ցանկացած «Hermes», այս պայուսակը ևս
ամենից շատ կրկնօրինակվողներից է՝ Չինաստանի օնլայն խանութներում և այլ
մարկետփլեյսերում այն կարելի է ձեռք բերել 5000 դրամով անգամ: Բայց հասկանալի է,
որ Փաշինյանի տիկինը միայն օրիգինալ պայուսակը կկրի և այդպիսի հպարտությամբ ի
ցույց կդնի, որ մենք հետաքրքրվենք, թե ինչն է խնդիրը: Իսկ խնդիրը, փաստացի, դրա
թանկարժեք լինելն է»,-եզրակացրել է հրապարակման հեղինակը՝ փաստորեն, հայտնվելով և իր ընթերցողին
էլ գցելով թյուրիմացության մեջ։ Մինչդեռ
եթե թղթակիցը սենսացիա մոգոնելու փոխարեն մի քիչ սրատես հայացքով «ստուգեր» ու հետազոտեր
վարչապետի տիկնոջ պայուսակը, ապա երևի կհայտնաբերեր,
որ այն ոչ թե «Hermes white Mini
Kelly Picnic» «բրենդ»-ից է, այլ՝ հայկական
արտադրության «Sir Qochar»-ից, և արժե ոչ թե
40 կամ մինչև 100 հազար ԱՄՆ դոլար, այլ 35
հազար հայկական դրամ։
Սենսացիան, փաստորեն, չստացվեց, սակայն, ինչպես ասում են՝շնորհակալություն ցուցաբերած
ուշադրության համար։
Ի դեպ, դեռ 2019-ին, երբ Աննա Հակոբյանը նորից Չինաստան էր մեկնել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ, կրում էր հայկական «Nairia» բրենդի հայկական նախշերով տունիկա և «Taraz.am» բրենդի կոշիկ: «Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ: Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռք բերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում: Եվ որքան մեր դիզայներները զարգացնեն ու կատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»,- հայտարարել էր վարչապետի տիկինը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ Աննա Հակոբյանի եղբայր, ԱԺ «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Հրաչյա Հակոբյանի «թանկանոց» կոշիկներն
էին հայտնվել մեկ այլ կայքի՝ lurer.com-ի
ուշադրության թիրախում։ Կայքը գրել էր, թե իբր Հակոբյանը
հագել է Loro Piana բարձրակարգ բրենդի
կոշիկներ։ «Տեղեկությունն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Կարծում եմ՝
լրատվամիջոցների տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքի իրացումը կարող էր
ավելի արդյունավետ և հանրության համար օգտակար իրականացվել, մասնավորապես՝
կոշիկներիս ենթադրյալ բարձր գնի վերաբերյալ սուտ տեղեկատվություն տարածելու
փոխարեն հանրությանն ավելի կարևոր ու իմաստալից տեղեկություններ է պետք հաղորդել։
Այնուամենայնիվ, եթե lurer.com-ի խմբագրակազմին հուզում է կոշիկներիս իրական
արժեքը/բրենդը, ապա թյուրիմացությունից խուսափելու նպատակով այս հրապարակմանը
կկցեմ կոշիկներիս նկարը՝ իր բրենդի և արժեքի նշումով: Ինչ վերաբերում է
մաքսանենգության մասին «լուրերին», որը նույնպես տեղ է գտել հոդվածում, նշեմ նաև,
որ զրպարտությունը հերքելու պահանջով ներկայացրածս բոլոր հայցերը դատարանը
բավարարել է։ Եվ հույս ունեմ, որ ստիպված չեմ լինի նաև lurer.com-ին դատական
կարգով պարտավորեցնել հերքել իմ հասցեին արված զրպարտությունը»,- արձագանքել էր ԱԺ
պատգամավորը՝ հավելելով՝ լիահույս է, որ հրապարակման նպատակը ոչ թե պարզապես իրեն
անվանարկելն է եղել, այլ բարեխիղճ լրագրությունը։
Հ. Մ.